Մեկնաբանություն- 30 տարի անց ՄԱԿ-ը առաքելություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i206886-Մեկնաբանություն_30_տարի_անց_ՄԱԿ_ը_առաքելություն_է_ուղարկում_Լեռնային_Ղարաբաղ
ՄԱԿ-ը մոտ 30 տարվա ընթացքում առաջին անգամ առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 18:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- 30 տարի անց ՄԱԿ-ը առաքելություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ը մոտ 30 տարվա ընթացքում առաջին անգամ առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են, որ առաքելությունը տարածաշրջան կժամանի շաբաթավերջին: 

Դյուժարիկն ընդգծել է, որ սա 30 տարվա ընթացքում առաջին նման առաքելությունն է՝ հավելելով, որ դրա անդամները տարածաշրջան կմեկնեն օդային ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով։ Նա նաև նշել է, որ հիմնական խնդիրն է գնահատել տեղում իրավիճակը և մարդկանց, այդ թվում՝ այդ շրջանում գտնվողների հումանիտար կարիքները։

Ստեֆան Դյուժարիկը առանց անդրադառնալու Ադրբեջանին, նշել է, որ «բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային իրավունքը և հատկապես միջազգային նորմերը մարդու իրավունքների ոլորտում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է տեղի բնակչության մեծ մասը՝ ավելի քան 100 հազար մարդ:

Չնայած Ալիևն ասել էր, որ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի անվտանգությունը, սակայն վերջին օրերին ձերբակալել է Արցախի մի շարք պաշտոնատարներին և Բաքու է փոխադրել: 

Դիտորդների կարծիքով Արցախից հայերի բռնագաղթը և այդ տարածքն ադրբեջանցիներով վերաբնակեցնելը Բաքվի կառավարության էթնիկ զտման քաղաքականությունն է: 

Անկասկած Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնագաղթը կարող է միջազգային հանրության մոտ հարցականի տակ դնել Ալիևի կառավարության դիմագիծը: Հատկապես որ նրանք հայտարարել էին, որ կերաշխավորեն հայերի անվտանգությունը, սակայն սկսեցին ձերբակալել հայ ղեկավարներին:

Բաքվի կառավարության վերջին գործողությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ երաշխիք չեն ներկայացնում իրենց պաշտոնական հայտարարությունների համար։ Այսինքն, չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային լարվածությունը հայտարարվել է ավարտված, սակայն հայկական ԶԼՄ-ները հայտնում են հայերի դեմ ադրբեջանական ուժերի շարունակվող հարձակումների մասին։ Այս իրավիճակում, արցախահայությունն էթնիկ զտումների քաղաքականության սարսափից, համատարած կերպով գաղթի է դիմել:

Հայկական աղբյուրների համաձայն, արցախահայության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով մարդկային աննախադեպ ճգնաժամ է առաջացել և տասնյակ հազար մարդ հումանիտար օգնության կարիք ունի: