Մեկնաբանություն - Հնդկաստանը և Հայաստանը կարևորում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում համագործակցությունը
(last modified Thu, 07 Dec 2023 14:38:02 GMT )
Դեկտեմբեր 07, 2023 18:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հնդկաստանը և Հայաստանը կարևորում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում համագործակցությունը

Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները ևս մեկ անգամ կարևորել են Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի օպտիմալ օգտագործումը։

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհան հայտարարել է, որ Հայաստանի համար կհեշտացնեն Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը։   Հնդկաստանի դեսպանն այս մասին ասել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը, հասկանալով տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը, առանցքային որոշում է ընդունել Չաբահար նավահանգստի զարգացման համար ներդրումներ կատարելու առնչությամբ։

Նյու Դելիի կառավարության պաշտոնյաների հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհայի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի շահագործումն անխուսափելի է տարածաշրջանի  և աշխարհի երկրների համար։

Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ևս կարևորելով Երևանի հարաբերությունների ընդլայնումը Թեհրանի, Թբիլիսիի և Նյու Դելիի հետ, հայտարարել է.-«Իրանը Հայաստանի տարանցիկ ճանապարհն է դեպի Արևմտյան Ասիա»։

Սաֆարյանն անդրադառնալով Իրանի հետ ավանդական հարաբերություններն ընդլայնելու ՀՀ պաշտոնյաների ջանքերին, ասել է,- «Երևանն ու Թեհրանն ակտիվ քայլեր են ձեռնարկում համագործակցության ընդլայնման ուղղությամբ, այդ թվում՝ բազմակողմ համագործակցության մակարդակով, և այս տեսանկյունից մեծ նշանակություն ունի համատեղ համագործակցությունը բեռնափոխադրումների, ենթակառուցվածքային նախագծերի, էներգետիկայի զարգացման և տարածաշրջանային ծրագրերի ոլորտներում»։

Երևանյան համաժողովի անցկացմանը զուգահեռ, Թեհրան այցելած հայ պաշտոնյաները ևս մեկ անգամ ընդգծել են երկու կողմերի պայմանավորվածությունները։ Դեկտեմբերի 6-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են. «ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան»։

Քննարկումները ցույց են տալիս, որ հյուսիս-հարավ միջանցքի գործարկմամբ բեռների առաքման  ժամանակը ներկայիս երթուղիների համեմատ զգալիորեն կնվազի։ Փաստորեն, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, Ռուսաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան Իրանի միջոցով կարող են զգալիորեն նվազեցնել դեպի ԱՄԷ, Հնդկաստան, Պակիստան, Հեռավոր Արևելք և Աֆրիկայի արևելյան ափ և հակառակ ուղղությամբ տարածությունը։

Այս իրավիճակում չի կարելի անտեսել այն փաստը, որ Գազայի պատերազմից և Հնդկաստանում  Քսանյակի խմբի հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի կողմից առաջարկված երթուղու կառուցման համար լուրջ խնդիրների առաջացումից հետո Հյուսիս- Հարավ  միջանցքի ակտիվացման հարցը  ընդգրկվել է օրակարգում։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանի երկրների միջեւ լուրջ մրցակցություն է սկսվել հաղորդակցության ուղիներն ակտիվացնելու համար։

Այս կապակցությամբ Թուրքիայի «Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետազոտական ​​կենտրոնի» ղեկավար և այս երկրի ԶԼՄ-ների ակտիվ փորձագետ, պրոֆեսոր Հասան Օքթայը համոզված է,որ Իրանը շարունակաբար բանակցում է Հայաստանի հետ Պարսից ծոցը Բաթումի նավահանգստին միացնելու համար։

Անհերքելի է այն փաստը, որ Հայաստանի երթուղին Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի հաղորդակցության կարևորագույն ուղիներից է։ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծերին Հայաստանի պետական ​​կառույցների լուրջ ներգրավվածությամբ, այսուհետ կարելի է կանխատեսել, որ կապի այս ուղին ապագայում լինելու է ամենաբանուկ  տրանսպորտային և տարանցիկ ուղիներից մեկը։