Մամուլի տեսություն 18.02.2024թ.
Այսօրվա իրանական մամուլում կարդում ենք. «Բայդենից ողջախոհության թեստ անցկացնելու մասին ամերիկացի օրենսդիրների խնդրանքից» մինչև «Մյունխենում անցկացվող համաշխարհային ռազմատենչ ղեկավարների կոնֆերանսը»:
Քեյհան
Բայդենը պետք է մտային առողջության մասին թեստ անցնի՝ իր ողջամտությունը ապացուցելու համար
Ամերիկացի հանրապետական 84 օրենսդիրներ բաց նամակում Ջո Բայդենից պահանջել են ապացուցել իր մտային առողջությունը՝ անցնելով ճանաչողական թեստ։
Բայդենի ծերությունն ու դեմենցիան դարձել են նրա ամենակարևոր հակառակորդն այս տարվա նախագահական ընտրություններում։ Ինչքան ժամանակը մոտենում է 2024 թվականի նոյեմբերի 5-ին, Բայդենի դիրքերը ավելի քննադատական են դառնում դեմոկրատների շրջանում։ Ամերիկայում անցկացված վերջին հարցումը ցույց է տալիս, որ այս երկրի բնակիչների 86 տոկոսը նրան շատ ծեր է համարում կրկին նախագահ դառնալու համար։
Այս հարցման անցկացումը համընկնում է Օբամայի օրոք Սպիտակ տան գաղտնի փաստաթղթերի հրապարակման գործի հատուկ քննիչ Ռոբերտ Հուվերի զեկույցի հրապարակման հետ։ Հուվերն իր զեկույցի մի հատվածում գրել է. «Բայդենը չի հիշում այն տարիները, երբ նա Բարաք Օբամայի փոխնախագահն էր, ինչպես նաև այն պահը, երբ մահացավ նրա հանգուցյալ որդին՝ Բո Բայդենը»։
Վաթան Էմրուզ
Մյունխենի անվտանգության համաժողովը անցկացվում է զենքի արդյունաբերության ընդդիմախոսների և բնապահպանների բողոքի ֆոնին. Մյունխենում տեղի է ունենում անվտանգություն սպանդ։
Աշխարհի ռազմատենչ առաջնորդները կրկին հավաքվել են Մյունխենում՝ անվտանգության հարցերն ու մարտահրավերները երգիծական կերպով քննարկելու համար. Շոու, որն, իհարկե, ամեն տարի բախվում է մարդկանց զանգվածային բողոքի ակցիաներին, ովքեր բողոքում են զենքի այս խոշորագույն արտադրողների դեմ:
Ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովը երկրորդ տարին անընդմեջ մեկնարկեց Ռուսաստանի և Իրանի բացակայությամբ և շարունակվելու է մինչև կիրակի՝ փետրվարի 18-ի (այսօր) կեսօրը։ Արևմուտքի առաջնորդները, ովքեր զոհաբերեցին Ուկրաինան իրենց նպատակների համար և աջակցելով Գազայում սիոնիստ ռազմական հանցագործների կողմից իրականացվող ամենաաննախադեպ մարդկային հանցագործություններին , պատմականորեն վատ համբավ կերտեցին իրենց համար և Մյունխենի համաժողովը վերածեցին Իրանի դեմ թշնամության վայրի։ Մինչդեռ մանկասպան Սիոնիստական ռեժիմի ղեկավարին Մյունխեն հրավիրելը ցույց է տալիս այս, այսպես կոչված, անվտանգության համաժողովի կազմակերպիչների անհեթեթ ու անիրատեսական էությունը:
Էթեմադ
Նեթանյահուն շուտով կաբինետին կներկայացնի Ռաֆահի վրա հարձակվելու ծրագիրը
Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը գրել է, որ այս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կաբինետին կներկայացնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա բանակի հարձակման ծրագիրը։
Շարղ
Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում զաֆրանի արտադրության հարցում
Իրանի գյուղատնտեսության հետազոտությունների, կրթության և խրախուսման կազմակերպության ղեկավարն ասել է. Իրանը զաֆրանի արտադրությամբ աշխարհում առաջինն է, պիստակի արտադրության ոլորտում երկրորդը, մեղրի արտադրության ոլորտում երկրորդը, իսկ արմավի, նռան, դեղձի, ծիրանի և ընկույզի արտադրությամբ երրորդն է աշխարհում։
Aysor.am
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց առաջմղման հարցում կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետը խոսել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերը։
Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել վարչապետին` Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը` ի նպաստ Հայաստանի ու բարեկամ հայ ժողովրդի:
Մեդալն օրերս Նատալի Լուազոյին էր հանձնել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
News.am
Միրզոյանը Հորդանանի գործընկերոջ հետ հանդիպմանը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխայցելություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ինտենսիվ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Գոհունակությամբ արձանագրվել են մասնավորապես կրթության ոլորտում փոխանակումները և առկա լրացուցիչ հնարավորությունները։
Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին։
Mamul.am
«Փաշինյանը Հայաստանին նոր զիջումների է տանում»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը դրսից թելադրված օրակարգով Հայաստանի հանրությանը վախեցնելով կարմիր ցուլեր հարևաններով, նոր պատերազմով՝ Հայաստանին նոր զիջումների է տանում։ Նախկին իշխանության տարիներին թերագնահատել են Ադրբեջանի տնտեսական, քաղաքական, ռազմական հնարավորությունները, սակայն հիմա մի այլ ծայրահեղություն է՝ դրանք գերագնահատելը։ Ծագումով քուրդ Ալիևների ընտանեկան դինաստիան Ադրբեջանում, որոշ ընդմիջումերով, իշխում է մոտ կես դար։ Փետրվարի 7-ին Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո ձևավորվել է նոր կառավարություն՝ Ալի Ասադովի գլխավորությամբ։ Ադրբեջանում գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ, որոնք տարիներ շարունակ չլուծվելով՝ մի օր պայթեցնելու են այդ երկիրը։ Ադրբեջանում եկամտի հիմնական աղբյուրը նավթի ու գազի արտահանումն է, սակայն 2010 թվականի համեմատ 70 տոկոսվ կրճատվել է նավթի արդյունահանումը։ Այնուամենայնիվ, այժմ Ադրբեջանի ընդհանուր արտահանման 92,5 տոկոսը նավթն ու նավթամթերքն են։ Չնայած նավթի 20 տարվա արդյունահանմանը և հարյուր միլիարդավոր նավթադոլարների հոսքին, ոչ նավթային հատվածի իրական զարգացում չի եղել։ Արցախում Ադրբեջանի «ազատագրած» տարածքներում տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումը, անընդհատ նոր սպառազինությունների գնումը հսկայական գումարներ է պահանջում։ Ադրբեջանում նվազագույն, միջին աշխատավարձը, սոցիալական նպաստները ավելի ցածր են , քան նավթ ու գազ չունեցող Վրաստանում և Հայաստանում։ Ադրբեջանում սոցիալական բևեռացումը մեծ չափերի է հասել, ավտորիտարիզմ է տիրում թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ, ինչը խնդիրներ է ստեղծում տնտեսության զարգացման համար։ Հայաստանը չպետք է վախենա կարմիր գույնի կամ կարմիր պոզերով Ադրբեջանից, սակայն դրա համար մեզ պետք է ազգային օրակարգով իշխանություն և ընդդիմություն, «ժողովրդավարության բաստիոնի» դիմակով ավտոկրատիզմ, ոչ օլիգարխիկ, մրցունակ տնտեսություն, հզոր բանակ և ճկուն դիվանագիտություն»։
HAYELI.AM
APA-ի տվյալներով, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել առաջիկայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին:
Հանձնարարություն է տրվել շարունակել սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների բանակցությունները:
HAYELI.AM
«Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու»,-այս մասին ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասել է Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալին։