Մամուլի տեսություն 20.02.2024
Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնների վրա Իսրայելի հարձակումները շարունակվում են արևմտյան կառավարությունների լռության պայմաններում, և հաղորդումները վկայում են հիվանդանոցների վիճակի վատթարացման և Գազայում հիվանդների ու վիրավորների ցավի ու տառապանքի ուժեղացման մասին։
Իրան
Մոսադի ձախողված դիվերսիան՝ 《Ալ-Աքսա փոթորկի》գործողության հետևանքով կրած պարտությունը փոխհատուցելու համար
Անվտանգության հարցերով հետազոտող Նավիդ Քամալին ասել է. Կանխատեսվում էր, որ Սիոնիստական ռեժիմը կձգտի տարածաշրջանում ճգնաժամ ստեղծել և նվազեցնել համաշխարհային ճնշումը դիվերսիոն գործողությունների միջոցով: Մինչդեռ Իրանին հակադրվելու գործընթացում Իսրայելը մշտապես իր օրակարգում ունի դիվերսիոն գործողությունները, կիբերհարձակումները և Իրանի հայտնի գիտական ու ռազմական գործիչների սպանությունը և փորձում է ըստ հանգամանքների ակտիվացնել այդ օրակարգը։ Այս գործընթացի շրջանակներում է Իրանում գազատարների պայթյունը։
《 Խորասան ԴԱԻՇ》 ահաբեկչական խմբավորման օպերատիվ գործողության կարողություններն ու դրա հետ կապված փաստերը ցույց տվեցին, որ նրա իրականացրած վերջին գործողությունը մշակել ու նախագծել էր Իսրայելը, քանի որ 《Խորասան ԴԱԻՇ》 խմբավորումը, չնայած ամերիկացիների լրատվամիջոցների կողմից ներկայացվող հանգամանքներին, գործնականում չունի համապատասխան հետախուզական և օպերատիվ գործողության կարողություն` նման մահացու գործողություններ նախագծելու և իրականացնելու համար։
Քեյհան
Deutsche Welle. Գազայի պատերազմում բազմաթիվ առումներով պարտվել է Իսրայելը
Գերմանական կառավարության պաշտոնական լրատվամիջոցն ընդգծել է, որ Իսրայելը տարբեր պատճառներով չի կարողանում հաղթել Գազայի պատերազմում և տարբեր առումներով պարտություն է կրել։
Deutsche Welle-ն գրում է. «Երկաթե սրեր» կոչվող պատասխան գործողության մեջ Իսրայելի կառավարության ցուցաբերած արձագանքը և նրա որդեգրած մեծ նպատակները դժվարին խոչընդոտ դարձան 1973 թվականի «Յոմ Կիպուրից» ի վեր ամենակատաղի պատերազմում հաղթելու համար։ Թվում է, թե Իսրայելի կառավարությունը չի հաղթելու Գազայի պատերազմում։ Միջնաժամկետ հեռանկարում այս անկարողությունն ապացուցելու համար կարելի է մատնանշել ՀԱՄԱՍ-ի գոյության շարունակությունը:
Էթեմադ
Ռազմական հարձակումների հետևանքով Գազայի հիվանդանոցների 85 տոկոսի գործունեությունը խաթարվել է
Գազայում կանգուն մնացած հիվանդանոցները դարձել են մարդկանց ցավի ու տառապանքի խորհրդանիշ։
Խան Յունիսի Նասերի հիվանդանոցը, որը եղել է Գազայում աշխատող խոշորագույն հիվանդանոցներից մեկը, բազմիցս ենթարկվել է հարձակման և վերջապես ամբողջովին շարքից դուրս է եկել։
Իսրայելցի զինվորները վերջին մեկ ամսվա ընթացքում պաշարել էին այս հիվանդանոցը և բազմիցս հարձակվել դրա վրա։
Համշահրի
Պուտինը մեքենա է ուղարկել Կիմի համար
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ ՌԴ նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդին ռուսական մեքենա է նվիրել, որը ստացել է Կիմի քույրը։
Այս մեքենայի տեսակն ու մակնիշը հստակեցված չէ, սակայն որոշ վերլուծաբաններ գտնում են, որ այդ նվերը կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը՝ Հյուսիսային Կորեա շքեղ ապրանքներ ուղարկելու արգելքի մասին։
Hraparak.am
«Հրապարակ». Հայաստանում նոր թափով կգեներացվեն հակառուսական տրամադրություններ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մյունխենյան այցից հետո Հայաստանում նոր թափով կգեներացվեն հակառուսական տրամադրություններ, եւ փորձ կարվի հիմնահատակ փչացնել մազից կախված հայ-ռուսական հարաբերությունները՝ Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելով Հայաստանից։ Իշխանական աղբյուրներն ասում են, որ նման պահանջ է դրել Արեւմուտքը, ինչի դիմաց խոստացել են սանձել Ադրբեջանի ռազմական նկրտումները։ Դա էր պատճառը, որ Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ կրկնեց. «Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է»։
Փաստ
«Փաստ». Միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական սրումը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի, լրջագույն հետևանքներ կարող է առաջացնել Հայաստանի հետագա պաշտպանունակության համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները դեպքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների բերանով սկսեցին մեղադրանքներ հասցեագրել ոչ թե Ադրբեջանին, այլ առաջին հերթին սեփական բանակին և Սյունիքի դիրքերը պահող երկրապահներին՝ նախ ակնարկելով, ապա և բացեիբաց հայտարարելով, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ ադրբեջանական կողմն ընդամենը... պատասխանել է։
Հայաստանի գործող իշխանությունների նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև դատապարտող հայտարարություններ տարածել Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանի գործողությունները, ըստ էության, լեգիտիմ որակելով, մինչդեռ փաստն այն է, որ Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակող ադրբեջանցիները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և հրաժարվում են լքել այն, ավելին, իրենք էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Իսկ այժմ, երբ մեղքը փորձում են գցել հայկական կողմի վրա, մտավախություն կա, որ հակառակորդի կողմից հրահրված որևէ միջադեպի դեպքում հայ զինվորը կարող է չկրակել՝ գրեթե վստահ լինելով, որ դրա համար խնդիրների է բախվելու սեփական իշխանությունների հետ։
News.am
Ռուս խաղաղապահները Արցախում ձախողվել են. Վահրամ Բալայան
Մենք պետք է այդ հուզական դաշտից դուրս գանք եւ ճիշտ գնահատական տանք: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը նոր փաստեր, ապացույցներ է ուզում, որ 2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանում է տեղի ունեցել, արդյոք դա ադրբեջանամետ դիրքորոշում չէ մեր դաշնակից ՌԴ-ի կողմից:
«Բնականաբար, այդպես պետք է ասվի: Այսօր ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Արցախում, նրանք որոշակի առաքելություն պետք է իրականացնեին, եւ պետք է ասել, որ դա ձախողվել է: Այդպես պետք է ներկայացվի:
Իրականության մեջ դա ցեղասպանական ակտ է եղել մեր ժողովրդի նկատմամբ, դա ակնհայտ փաստ է, որը պետք է ներկայացնենք աշխարհին, նորից ցույց տանք, որ մեր ժողովուրդը ամբողջական վերադարձի իրավունք ունի եւ պետք է պայքարի այդ իրավունքն իրացնելու համար»:
Ճշտող հարցին՝ Ռուսաստանի այս դիրքորոշւմն ինչպե՞ս է գնահատում, Վահրամ Բալայանն ասաց. «Ես չգիտեմ՝ իրենց ցանկությունը որն է, բայց մենք պետք է այդ փաստերը ներկայացնենք ամբողջ աշխարհին: Այդ փաստերը պետք է հավաքվի, իրավասու մարմիններին պետք է ներկայացվի, հհարցով շահագրգիռ երկրներին՝ ցույց տալով, որ այս ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանական գործողություն եւ մի ամբողջ ժողովուրդ հայրենազրկվել է»:
Հարցին՝ դուք Ռուսաստանին այդ ցեղասպանական գործողության մաս համարո՞ւմ եք, Վահրամ Բալայանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մաս չեմ համարում, այդպիսի գնահատական չպետք է տանք, որովհետեւ կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնենք: Ամեն անգամ նման գնահատականներ տալով մենք ինչ-որ ձեւով մեր հնարավորությունները ավելի սահմանափակում ենք»:
Նա հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտականությունները չեն կատարվել: Բալայանի խոսքով դեռ վաղ է գնահատական տալու համար, որ ռուս խաղաղապահներն իրենց անգործությամբ մաս են կազմել ցեղասպանությանը. «Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, ինձ թվում է, որ եղած հնարավորություններից մենք չպետք է զրկվենք, պետք է շարունակենք աշխատել՝ մեր ամբողջական վերադարձն ապահովելու տեսանկյունից: Այսինքն կարծում եմ՝ պետք չի շտապել ու այդպիսի գնահատականներ տալ»:
Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:
Panorama.am
Ակցիայի մասնակիցները խաղեր ու խաղալիքներ են բերել ԱԳՆ ղեկավարությանը
ՀՀԿ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրեցին ԱԳ նախարարության շենքի դիմաց։
«Այդ շենքում 2018 թվականից ի վեր ընդմիջում է։ Դուք քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք»,-հայտարարեց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նա նշեց, ԱԳ նախարարության շենքում գտնվողների քաղաքականության հետևանքով է, որ Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվել է։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ու Ադրբեջանում անազատության մեջ պահվող այլ անձանց լուսանկարները, որոնց վրա գրված է «Ալիևի բանտարկյալները»։
Հենրիխ Դանիելյանը ԱԳՆ ղեկավարությանը մեղադրեց նախարարության շենքը տուրիստական գործակալության վերածելու համար։
«Այն հարկերը, որ ՀՀ քաղաքացին վճարում է, որ այս շենքում նստածներն աշխատավարձ ստանան ու աշխատեն ի նպաստ Հայաստանի՞ ու Արցախի՞, թե՞ ի նպաստ Ադրբեջանի ու ադրբեջանցու։ Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջանն է»,-հայտարարեց ելույթ ունեցողը՝ ընդգծելով, որ նախարարության ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով ունենք խայտառակ իրավիճակ միջազգային բոլոր հարթակներում, անվտանգության առումով, սահմաններին։
«Մենք այստեղ ենք՝ ասելու, չենք լռելու, չենք համակերպվել ու չենք համակերպվելու»,-ասաց նա։