Մամուլի տեսություն 23․02․2024
(last modified Fri, 23 Feb 2024 14:26:56 GMT )
Փետրվար 23, 2024 17:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23․02․2024

Հայաստանի վարչապետի քայլը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը այդ երկրի անդամակցությունը կասեցնելու հարցում՝ իր պարտավորությունները չկատարելու պատճառով արձագանք է գտել նաև իրանական մամուլում։

 

Իրան

Անգլիան Գազայում հանցագործության երրորդ անիվն է

Անգլիան, որը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին աջակցելու առումով Ամերիկայից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, շարունակում է պարբերական միջոցներ ձեռնարկել այս ռեժիմին ֆինանսական և սպառազինական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Նախօրեին Բրիտանիայի Գերագույն դատարանը հայտնել է իր կարծիքը Սիոնիստական ​​ռեժիմին բրիտանական զենքի վաճառքի կասեցման հետ կապված գործի վերաբերյալ՝ չեղարկելով այդ կասեցումը։

ԱՄՆ-ի կողքին, բրիտանական կառավարության դաշտային գործողությունները միայն լրացնում են Գազայի ժողովրդի կոտորածի հարցում Սիոնիստական ​​ռեժիմի հետ համագործակցության գլուխկոտրուկը։ Այս կապակցությամբ չորեքշաբթի առավոտյան այս երկրի կործանիչները ԱՄՆ-ի հետ միասին ռմբակոծել են Եմենի արևմուտքում Հոդեյդա քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները՝ սիոնիստական ռեժիմին նյութական և անվտանգության վնասները կանխելու նպատակով։

 

Շարղ

Ջոն Քիրբի. Մենք չենք կարող հաստատել Իրանից Ռուսաստան բալիստիկ հրթիռների ուղարկումը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ին դեռևս չի հաջողվել հաստատել Թեհրանից Մոսկվա բալիստիկ հրթիռների մատակարարումը։

Նախօրեին Reuters-ը պնդում էր, որ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։

Այս լրատվական գործակալությունը, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, պնդեց որ, մի շարք հրթիռներ Կասպից ծովի միջոցով  նավերով ուղարկվել են Ռուսաստան, իսկ մյուսները փոխադրվել են օդային ճանապարհով։

 

Էթեմադ

Հայաստանի ինքնակամ կասեցնում  է իր անդամակցությունը Ռուսաստանի անվտանգային դաշինքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով այս երկիրը սառեցնում է իր  անդամակցությունը։

 

Դոնյայե Էղթեսադ

Ի՞նչ է ուզում Իրանը և ինչից է վախենում

CNN-ը վերլուծական հոդվածում գրել է. Թեև Իրանի ազդեցությունը ցնցում է տարածաշրջանը երկրաշարժի պես, Իրանը լրջորեն է տրամադրված ավելի լայն պատերազմից խուսափելու հարցում:

Չնայած Թեհրանն ու Վաշինգտոնը խուսափում են ավելի լայնամասշտաբ պատերազմից, բայց կան նաև հիմնական տարբերություններ: Միացյալ Նահանգները ստատուս-քվոյի կողմնակից տերություն է, իսկ Իրանը հիմնովին ռեվիզիոնիստական ​​դերակատար է, որը դեմ է գոյություն ունեցող տարածաշրջանային և համաշխարհային ուժերի հավասարակշռությանը:

Չնայած ստատուս-քվոյի նկատմամբ Իրանի անհամաձայնությանը և ներկայիս հակամարտությունից ստացած ձեռքբերումնրին առանց որևէ գին վճարելու, Թեհրանը հստակ գիտակցում է ռիսկերի հնարավոր զգալի աճը:

 

Tert.am

Հայաստանի գլխին կախված uպառնալիքները մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ. Լըկորնյուն՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր և, ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով պատմական է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր երկկողմ օրակարգի ձևավորման և այդ օրակարգն իրականացնելու հարցում աջակցության համար: Պիտի ընդգծեմ, որ իհարկե այն փոփոխությունները, որ տեղի են ունենում մեր անվտանգային իրավիճակում և համագործակցության մեջ, տրամաբանված են և հիմնավորված: Իհարկե, շնորհակալություն հայտնելով՝ պիտի նաև տրամաբանական համարեմ, որ Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, որովհետև ինչպես նախորդ երկու օրերին Փարիզում քննարկելու առիթ ունեցանք, մեր հարաբերությունները շատ խորն են և բազմաշերտ ու տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն:  Նաև ուզում եմ ընդգծել, որ նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում,  այդ թվում՝ Ձեր աջակցությամբ»:

Իր հերթին Սեբաստիան Լըկորնյուն նշել է. «Շնորհակալություն այս խոսքերի և ընդունելության համար: Դուք հուզեցիք ֆրանսիացիներին Ձեր ներկայությամբ պանթեոնում: Կարելի է ասել, որ սա շատ յուրօրինակ շաբաթ էր մեր երկու հանրապետությունների համար: Ինչպես այդ մասին ասացի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնց հետ հենց նոր ես հանդիպում ունեցա, իրոք որ կար որոշակի պառակտում՝ մի կողմից ջերմ բարեկամական հարաբերությունները, որ մենք ունեինք, և պաշտպանական ոլորտը, որ դեռևս լիովին իրագործված չէր:

Կարծում եմ, որ այս առաջընթացում մեծ դեր են խաղում նաև Ձեր անձնական հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ: Կարծում եմ, որ այն հիմնված է վստահության վրա և թույլ տվեք ինձ ասել, որ նաև մեր երկկողմ վստահությունն է: Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Եվ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը:

 

Azatutyun.am

«Ուկրաինային օգնելը բարեգործություն չէ, այլ՝ ներդրում մեր անվտանգությունում»․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է՝ դաշնակիցները պատրաստ են ավելին անել՝ երաշխավորելու Ուկրաինայի հաղթանակը ռուսական ուժերի դեմ պատերազմում։

Ստոլտենբերգը շեշտում է՝ Ուկրաինային օգնելը բարեգործություն չէ, այլ՝ ներդրում դաշնակիցների սեփական անվտանգության համակարգում: Այս մասին ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Ես միշտ ընդգծում եմ՝ սա բարեգործություն չէ, սա ներդրում է մեր իսկ անվտանգության համար, և մեր ամենօրյա աջակցությունը փոխում է իրավիճակը մարտի դաշտում», - ասում է Ստոլտենբերգը:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից երկու տարի անց Կիևը ռազմական, ֆինանսական աջակցության սուր կարիքի է բախվել մասնավորապես Արևմուտքում քաղաքական հոգնածության նշանների ֆոնին։ Մարտի դաշտում իրավիճակի ծայրաստիճան լարվածության մասին նախագահ Զելենսկին սկսեց խոսել հատկապես Ավդեևկա քաղաքի կորստից հետո։ Այդ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհը միացնում է Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնեցկը, Գորլովկան և Լուգանսկը։ Եթե ուկրաինական բանակին հաջողվեր ճեղքել այդ ուղին, դա լրջորեն կբարդացներ ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովումը։

 

Aysor.am

«Հստակ բացատրություն ենք ակնկալում՝ ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» մասին ՀՀ վարչապետի խոսքերը»․ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է որակում Փաշինյանի մեղադրանքները

Անընդունելի են հայկական իշխանությունների մեղադրանքները՝ ուղղված ՀԱՊԿ-ին՝ իր   մանդատը և Երևանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ արձագանքելով France 24-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը  «սառեցրել» է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում ՌԴ ԱԳՆ-ից նշել են նաև․ «Երկկողմ խողովակներով հստակ բացատրություններ ենք ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը  «սառեցնելու» մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Հայաստանը ցուցադրաբար նախընտրեց ՀԱՊԿ առաքելության փոխարեն Եվրամիությունից պսևդոդիտորդներ հրավիրել. փաստերն իրենք են իրենց մասին խոսում և կասկած չեն թողնում, որ այդ դիտորդների աշխատանքը զրոյական արդյունավետություն ունի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Մեկնաբանության համաձայն՝ հայկական կողմը մինչ այս կեղծ պատրվակներով հրաժարվել է ՀԱՊԿ-ի կողմից ռազմատեխնիկական օգնության տրամադրումից և մի շարք այլ միջոցառումներից, ինչը բոլորովին էլ ՀԱՊԿ-ի մեղքը չի հանդիսանում։

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և հույս է հայտնում, որ Երևանը կնախընտրի լուծել մտահոգությունները վստահելի երկխոսության միջոցով»,- նշել են ՌԴ ԱԳ նախարարությունից։

 

«Ժողովուրդ» թերթը

«Ժողովուրդ». Փաշինյանն Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա հավանական է համարում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացությանը, որ հարձակումը Հայաստանի վրա հավանական է։

«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը», – հայտարարել է Փաշինյանը:

Ստորև ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում հարցազրույցի ընթացքում Փաշինյանի արտահայտած մտքերը.

Իլհամ Ալիևը ձգտում է ոչ թե խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ Հայաստանում նոր տարածքներ ձեռք բերել։

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանը բացահայտ կոչ արեց հայ բնակչությանը տապալել իշխանությունը, և Մոսկվայի կողմից այս քարոզչությունը շարունակում է աճել։

Ինձ հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգման դեպքը.

Ապօրինի գործողությունները մեր տարածքում անընդունելի են, և հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անպատասխան։

Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ գերակշռում է Մոսկվայի ազդեցությունը, սառեցված է.

Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում»։