Մամուլի տեսություն - 03,03,2024
իրանական այսօրվա մամուլում՝ «Իրանի ընտրությունների բոյկոտի սկանդալային ձախողումից» մինչև «Իրանի հայացքը դեպի Աֆրիկա՝ ներդրումների և անվտանգության գործընկերության համար» :
Քեյհան օրաթերթ
Իրանի ընտրությունների հաղթողներն ու պարտվողները
Ուրբաթ օրը ողջ երկրում անցկացվել են Իսլամական խորհրդի 12-րդ և Բանիմացների ժողովի 6-րդ շրջանի ընտրությունները։ Պարզ ու անվիճարկելին այն է, որ «ընտրություններին բոյկոտելու» քարոզարշավը ենթարկվեց խայտառակ ձախողման։ Թշնամու լրատվամիջոցները 24/7 լրատվական ռմբակոծություններով փորձում էին հասնել ընտրությունները բոյկոտելու նախագծին, սակայն հակաիրանական այս նախագիծը մեծ ձախողում ունեցավ։ Հաշվարկները ցույց են տալիս մարդկանց 41 տոկոսի մասնակցությունը։
Թշնամին ծանր ու ծավալուն գովազդներով դրդել էր, որ ընտրություններին մասնակցելու է Իրանի ժողովրդի առավելագույնը 16 տոկոսը։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Իրանը գազային աշխարհի խաչմերուկն է
Իրանը գտնվում է հատուկ աշխարհագրական դիրքում, որը կարող է տարածաշրջանի երկրների հետ արդյունավետ հաղորդակցությամբ գազային հանգույց դառնալ։
Այս առնչությամբ ներկայումս բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ։ Իրանին անհրաժեշտ է գազ հյուսիսից, բայց նա կարող է գազ արտահանել հարավից և արևելքից։ Վերջին 7 ամսում Իրանի գազի արտահանումը հասել է 2 մլրդ 374 մլն դոլարի՝ նախորդ տարվա համեմատ 1 մլրդ 379 մլն դոլարի աճով, որը համարժեք է 139%-ին։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Աֆրիկան և բազմաբևեռ աշխարհը
The Economist-ը գրել է. «Աֆրիկայի ցանկությունը՝ պոկվել Արևմուտքից, բացահայտվել է վերջին տարիներին։ Սկսած ուկրաինական պատերազմից և Ռուսաստանի հարձակումը դատապարտելու դժկամությունից մինչև Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի գործողությունները, դա արտահայտել է անհնազանդության հրապարակային դրսեւորումով: Աֆրիկյան առաջնորդները կարծում են, որ բազմաբևեռ աշխարհը, որտեղ բազմաթիվ տերություններ մրցում են զարգանում է»:
Իրանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և ԱՄԷ-ն այն երկրներից են, որոնք ներկայանում են որպես ներդրողներ, անվտանգության գործընկերներ և դաշնակիցներ։
Մինչդեռ Ամերիկան կորցրել է իր ուշադրությունը Աֆրիկայի վրա:
Իրան օրաթերթ
Իրանի մասին ամերիկյան հակասություների կուլիսում
Ակնհայտ հակասության մեջ են ամերիկյան իշխանությունները, մի կողմից, Իրանի ընտրությունները չեն համարում ժողովրդավարության ցուցադրություն, մյուս կողմից՝ Իրանի պաշտպանական ու միջուկային զարգացումները համարում են վտանգ տարածաշրջանի ու աշխարհի համար։ Այս հակասությունները տեղի են ունենում այն պահին, երբ Իրանը համագործակցության նոր մակարդակներ է ապրում իր տարածաշրջանային դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ:
tert.am
Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամսի մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը․ Վահե Հովհաննիսյան
Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամսի մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։
Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն․
Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետության ու ժողովրդի համար և անունից։
Թեև դա կոչվում է պաշտոնական Երևանի տեսակետ, սակայն նրա լեգիտիմ հիմքերը խոցելի են մեկ պարզ պատճառով. թիմը եկել է իշխանության այլ ծրագրով, և իրականացնում է լրիվ հակառակը։
Հայաստանի հանդեպ հարևանների և խոշոր տերությունների վերջնական որոշումներին քիչ ժամանակ է մնացել (թուրքերը հիմա համբերատար սպասում են այդ որոշմանը), և հիմնական ճշտվելիք հարցը հետևյալն է. արդյո՞ք կատարվողը իշխող խմբակի կարծիքն է, թե՞ ողջ հայ ժողովրդի, նրա ինստիտուտների և վերնախավերի։
Հետևաբար այս կարևոր ջրբաժանի պահին բոլոր ոչ իշխանական համակարգերի՝ ընդդիմադիր խմբակցություններ, գոյություն ունեցող կուսակցություններ, հասարակական-փորձագիտական կազմակերպություններ, հանրային միավորներ, իհարկե՝ եկեղեցին, և այլն, պարտավոր են ձևակերպել ինստուտուցիոնալ այլընտրանքային տեսակետ մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Անհատական կարծիքը և գնահատականները բավարար չեն, իրավիճակը պահաջնում է ինստիտուցիոնալ դիմադրություն և հստակություն։ Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամսի մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։ Ավելի ուշ դրա գնահատականները կտրվեն, թե ո´վ իրեն ինչպես պահեց։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ուղղակի ճիշտ աշխատելու ժամանակն է։
Տեխնիկապես ինչպե՞ս դա կարվի, էական չէ՝ առանձին հայտարարություններ, թե ի սկզբանե միասնական փաստաթուղթ։ Կարևորը փաստաթղթի կամ փաստաթղթերի որակն է՝ գրագետ, ռացիոնալ, պետական մտածողության գերիշխմամբ, առանց գավառական հայրենասիրության տարրերի։
Ոչնիկոլական հանրությունը պետք է հստակ դիրքավորվի մի քանի կարևորագույն հարցերի շուրջ.
1. Հայ-ռուսական հարաբերություններ
2. ՀԱՊԿ շրջանակներում աշխատանք
3. Արևմուտքի հետ ճիշտ օրակարգային հարաբերություններ
4. Ադրբեջանի հետ ավելի լուրջ և երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հաստատակամություն
5. Տարածաշրջանում կայուն, արդար խաղաղության և համագործակցության շուրջ հստակ պատրաստակամություն
Սա նվազագույնն է, որ մենք պետք է անենք՝ իրավիճակը փրկելու համար։ Սա ստեղծելու է կամ սկիզբ է դնելու նոր ներհասարակական տրամադրությունների և պրոցեսների։ Սա ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու։ Թուրքական ռումբերը չեն նայելու մեր քաղաքական, անհատական կամ գեոպոլիտիկ նախասիրություններին։ Մեր խնդիրն է՝ այդ ռումբերը թույլ չտալ։
Եթե այս հանգուցային պահին մենք ոչինչ չանենք, ապա ինչի՞ համար են ուրեմն այդ բոլոր ինստիտուտները, էլ ո՞ր իրավիճակի, ո՞ր պահի համար»,- գրել է Հովհաննիսյանը։
tert.am
ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա
Երբ Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման հարցը, երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստի և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, նա այլևս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ միջոցառումներին, որոնք իրականացվում են ընդհանուր անվտանգության ամրապնդման նպատակով։
Սա նշանակում է, որ այն առայժմ սառեցված ռեժիմում է լինելու, այդ թվում՝ անվտանգության համակարգի հետ կապված»,-նշել է Բորդյուժան։
Նա հավելել է, որ եթե նման սցենարն իրագործվի, ապա հավանականությունը, որ կազմակերպությունը ինչ-որ կերպ Հայաստանի վրա կտարածի անվտանգության բոլոր համակարգերը, մեծապես կկրճատվի: Նա նաև կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իրեն ապահովել այլընտրանքային անվտանգության համակարգով։
Միաժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը գործակալությանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության պաշտոնական կասեցման մեխանիզմը գոյություն ունի և նախկինում արդեն կիրառվել է։
news.am
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հարցազրույց է տվել թուրքական CNNturk–ին։
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հայ–թուրքական բանակցությունների ընթացքի մասին պաշտոնական տեղեկություններ, հիշեցրել, որ իր թուրք գործընկերոջ հետ պաշտոնական վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1.5 տարի առաջ Վիեննայում։ Նա շեշտել է, որ այդ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել հայ–թուրքական սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, սակայն թուրքական կողմը դեռեւս քայլեր չի արել։
«Մենք պատրաստ ենք կարգավորել հայ–թուրքական հարաբերությունները, սակայն այն կախված է թուրքական կողմի քաղաքական կամքից։ Եթե այդ կամքը ունի թուրքական կողմը, այսօր էլ կարող ենք կարգավորել»,–ասել է Ռուբեն Ռուբինյանը։
news.am
Վահան Կոստանյանն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Reuters-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Սա քաղաքական կամքի և առաջնորդության հարց է։ Հայկական կողմն ունի դա, և մենք բազմիցս ցույց ենք տվել մեր քաղաքական կամքը։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, մենք պարզապես պետք է կարողանանք առաջնորդների համաձայնեցրած այդ սկզբունքները փոխադրել թղթի վրա և ստորագրել»,- ասել է Կոստանյանը:
Նրա խոսքով՝ Երևանը ցանկանում է հասնել հարաբերությունների լիակատար կարգավորման նաև Անկարայի հետ՝ սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, որը երկրները չեն ունեցել 30 տարի:
news.am
Բայրամովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների «դրական դինամիկայի» մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շուրջ պատվիրակությունների հանդիպումները կարևոր նշանակություն ունեն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովի խոսքով՝ 7 ամսվա ընթացքում՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումից առաջ, խաղաղ համաձայնագրի շուրջ նմանատիպ կազմով բանակցություններ չեն անցկացվել։
Նրա խոսքով` վերջին շրջանում խաղաղ բանակցություններում «դրական դինամիկա» է նկատվում։
«Դրանից հետո եղան հիմնականում տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցեցին միմյանց։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարեւոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկա կարելի է նկատել։
Նախևառաջ, ուզում եմ նշել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը նախաձեռնել էր Գերմանիայի կանցլերը։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում այս հանդիպումը։ Եվ այս հանդիպումից հետո որոշում է կայացվել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել»,- ասել է նա։