ՀՀ դեսպանի ելույթը պարսից լեզվի և Ֆիրդուսիի մեծարմանը նվիրված միջոցառմանը
(last modified Thu, 15 May 2025 09:33:50 GMT )
Մայիս 15, 2025 13:03 Asia/Tehran
  • ՀՀ դեսպանի ելույթը պարսից լեզվի և Ֆիրդուսիի մեծարմանը նվիրված միջոցառմանը

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար, մեծարգո՛ պարոն Սալեհի, Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար, հարգելի՛ պարոն Ամիրխանի, Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ, հարգարժա՛ն պարոն Ադել, Նորին գերազանցություն արտակարգ և լիազոր դեսպաններ, հարգելի՛ հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ պարսից լեզվի և նրա ամենամեծ ու հավերժական մարգարեներից մեկի՝ Աբոլղասեմ Ֆիրդուսիի մեծարման միջոցառմանը:

Ի՞նչ է լեզուն։ Մի՞թե այն պարզապես հաղորդակցության միջոց է, բառերի ու հնչյունների շղթա։ Ո՛չ։ Լեզուն ժողովրդի կենսագրությունն է՝ գրված իր իսկ հոգու այբուբենով։ Այն նրա հիշողությունն է՝ կերտված սերնդեսերունդ, նրա փառքը, հաղթանակներն ու վշտերը, նրա երգերն ու աղոթքները։ Լեզուն ժողովրդի ինքնության անձնագիրն է, որ չի փոխվում սահմանը հատելիս և վավերանում է ոչ թե կնիքով, այլ ժամանակով։ Մենք՝ հայերս, ասում ենք, որ լեզուն մեր խիղճն է, մեր տան ծուխը: Իսկ սեփական լեզվի մասին խոսելիս նրան տալիս ենք մայրենի մակդիրը՝ մոր պես սիրելով ու փայփայելով նրան: Համոզված եմ՝ այդպես է նաև բոլոր ժողովուրդների ու այստեղ ներկա յուրաքանչյուրի համար:

Այստեղ չեմ կարող չհիշել 5-րդ դարի հայ մեծանուն պատմիչ Եղիշեի խոսքերը. անդրադառնալով աշխարհի տարբեր լեզուներին՝ նա յուրատիպ բնութագրումներ է տալիս դրանց. «Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, հնդկերենը` ճռճռան, հայերենը` քաղցր...»:

 Եվ այդպիսի պերճությամբ, հարազատությամբ ու խորությամբ է պարսկերենը ներկա համաշխարհային քաղաքակրթության գանձարանում։ Ուրեմն, թույլ տվեք, այս օրը կոչել ինչպես լեզվի, այնպես էլ ինքնության տոն՝ ոչ  միայն իրանցի ժողովրդի, այլ նաև բոլորիս համար։

Հայ ժողովուրդն ու մշակույթը դարեր շարունակ խոնարհ հիացմունքով ու ջերմությամբ են մոտեցել պարսից լեզվին։  Սայաթ-Նովայի տաղերից մինչև Հովհաննես Թումանյանի ու Եղիշե Չարենցի ոճական որոնումները մենք միշտ լսել ենք հարևան լեզվի հնչյունային զարկերը։  Մեր երկու մշակույթները երբեք մեկուսի չեն եղել։ Նրանք հանդիպել են Թավրիզի քարվանսարաներում, Սպահանի արվեստանոցներում, Թեհրանի հրապարակներում, Շիրազի վարդանոցներում և անգամ այս դահլիճի նման սրահներում։

Պարսից լեզվի մասին խոսելիս միայն նկատի չունենք բառապաշարը կամ քերականությունը։ Խոսքը մի լեզվի մասին է, որի մեջ շնչում է մի ամբողջ քաղաքակրթություն։

Եվ երբ այդ քաղաքակրթությունն ուզում է խոսել ինքն իր մասին, պատմել իր հերոսների, ցավի ու փառքի մասին, առնում է մեկ միասնական անուն՝ ՇԱՀՆԱՄԵ։

Ֆիրդուսու անմահ «Շահնամեն»՝ ժամանակի փորձությունից իր արժեքը չկորցրած ազգային էպոսը, մեզ ուսուցանում է, որ լեզուն կարող է պահպանել մի ամբողջ ժողովրդի պատմական ինքնությունը։ Հեղինակն ինքն է ասում, թե ինչպես է երեսուն տարի տանջվել՝ կենդանացնելու պարսկերենը: Թույլ տվեք նկատել, որ «Շահնամեն» իր բնույթով միայն պարսկական չէ։ Այն նույն շնչով է հյուսված, որով՝ Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», հնդկական «Մահաբհարատան», կամ հայերիս հարազատ «Սասնա ծռերը»։ Սրանք այն գրականությունն են, որ ձևավորել են ազգերին նախքան պետություն դառնալը, միավորել են ժողովուրդներին նախքան սահմաններ ունենալը։ Այս էպոսներն ասում են՝ դու պատմություն ունես: Թող ես պատմեմ քեզ քո մասին։

Իմ առաջին հանդիպումը «Շահնամեի» հետ կայացել է ոչ թե Թեհրանում կամ Շիրազում, այլ՝ Երևանի պետական համալսարանում, որի լսարաններից մեկը կրում է հենց Ֆիրդուսու անունը։   Այնտեղ պատերը զարդարված են շահնամեական իմաստությամբ։

Այդ լսարանում են իմ շուրթերից առաջին անգամ հնչել Զալը, Ռուդաբեն, Ռոստամն ու Սոհրաբը։   Այդ պատերի ներսում եմ ես առաջին անգամ զգացել այն, ինչ այսօր տեսնում եմ այս դահլիճում՝ մշակույթի, լեզվի ու հերոսության միասնականությունն ու շարունակականությունը։

Եվ եթե ինձ հայի աչքերով նայելու իրավունք տաք, ապա պետք է ասեմ, որ Ռոստամի ու Սոհրաբի ողբերգական հանդիպումն ընթերցելիս հիշում էի Դավթի ու իր որդի Մհերի հանդիպումը։ 

 Հետաքրքիր զուգահեռ է. երկուսն էլ ծնվել են բանավոր ավանդույթից, երկուսն էլ վերարտադրում են ազգային ոգու պատկերը՝ հերոսական, ազատատենչ, երբեմն՝ ողբերգական։ Եվ երկուսի պատմություններն էլ ժողովրդի շուրթերից փոխանցվել են սերնդեսերունդ՝ դառնալով ազգային ինքնության խորհրդանիշներ։

 Ռոստամն ու Դավիթը երկու տարբեր պատմություններից են, բայց նրանք խոսում են նույն լեզվով՝ արիության լեզվով, նրանց զենքերը տարբեր են, սակայն պայքարի շարժառիթը նույնն է՝ ազատություն, պատիվ, հայրենիք։

Լեզուն՝ անկախ իր ծագումից, ապրում է այնտեղ, որտեղ այն սիրում են։ Եվ երբեմն այդ սերը հայտնվում է մեկ պարզ արտահայտությամբ. «Պարսկերենը քաղցր է», ինչպես գրել է իրանցի ժամանակակից գրող Մոհամմադ Ալի Ջամալզադեն: Այդ պարզ նախադասության մեջ մի ամբողջ վերաբերմունք կա։ Այն կարծես ասում է՝ քաղցր է, որովհետև կենդանի է։ Քաղցր է, որովհետև քո սիրո, քո հույզերի ու քո պայքարի լեզուն է։

Թող պարսկերենը շարունակի հնչել, միս ու արյուն ստանալ գրականության, գիտության, ճարտարապետության, երաժշտության ու սիրո լեզվով։ Թող այն լինի նույնքան կենդանի, որքան այսօր է։ Եվ թող Ֆիրդուսու անունը մնա հավերժ, ինչպես այն լեզուն, որին նա փրկեց ու դարձրեց անմահ։

Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա կապակցությամբ։