Մամուլի տեսություն 02-09-2016
Թրամփի և Էնրիկե Պենյա Նիետոյի հետ հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում։ Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների սահմանին պարսպի կառուցման հարցը։
Շարղ
Թրամփը հանդիպել է Մեքսիկայի նախագահի հետ
Նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին հղած նամակում Մեքսիկայի նախագահը հանդիպման առաջարկ էր ներկայացրել։Թրամփը, որի հայտարարությունները Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ մեծ աղմուկ են բարձրացրել, ընդունելով հրավերն իր թվիթեյան էջում գրել էր․-Ես ընդունել եմ Մեքսիկայի նախագահ՝ Էնրիկե Պենյա Նիետոյի հրավերն ու շատ եմ սպասում մեր հանդիպմանը»։Հիշեցնենք, որ նախագահական մրցապայքարի ամենասկզբում Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքն անպայման պատ է կառուցելու հարևան Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի «թմրամոլ ու սանձարձակ մեքսիկացիները» մուտք չգործեն Միացյալ Նահանգներ:
Թրամփի և Էնրիկե Պենյա Նիետոյի հետ հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում։ Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների սահմանին պարսպի կառուցման հարցը։ Հանդիպումից ժամեր անց կողմերը հանդես են եկել մամլո ասուլիսով։ « Պետք է ունենալ անվտանգ սահման,դա ինքնիշխան իրվանունք է։ Մենք ճանաչում և հարգում ենք իր սահմաններին արգելքներ կամ նույնիսկ պարիսպ կառուցելու մեր երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ նպատակ ունենալով կանգնեցնել մարդկանց ապօրինի տեղաշարժերը, թմրանյութերի և զենքի փոխադրումը», ասել է Թրամփը՝ Մեքսիկայի նախագահի հետ հանդիպման ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ընդսմին Թրամփը նշել է, որ ինքը Մեքսիկայի ղեկավարի հետ չի քննարկել պարսպի կառուցման վճարի հարցը: Իսկ Նիետոն հայտարարել է, որ ասել է Թրամփին՝ Մեքսիկան չի վճարի այդ պատի կառուցման համար: «Նրա դիրքորոշումը որոշ հարցերի շուրջ Մեքսիկայի ապագայի համար վտանգ է ներկայացնում», ասել է Մեքսիկայի նախագահը։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը մշտապես աչքի է ընկնում իր տարօրինակ պահվածքով և կտրուկ հայտարարություններով։ Նա քարոզարշավներում հայտարարում է՝պետք է մեծ պատ կառուցել ամերիկա-մեքսիկական սահմանին: Անհրաժեշտ է փակել Մեքսիկայից ԱՄՆ եկող ապօրինի ներգաղթյալների ճանապարհը: ԱՄՆ նախագահի թեկնածուն բազմիցս հանդես է եկել ելույթներով՝ մեղադրելով մեքսիկացի ներգաղթյալներին իրենց հետ թմրանյութեր, խնդիրներ և բռնություն բերելու մեջ։ Թրամփը պահանջում է, որպեսզի այդ ծախսերն իր վրա վերցնի Մեքսիկան։Նա նաև պահանջում է արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ։
Անցած շաբաթ անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ծագումով լատինամերիկացիների 77 տոկոսը բացասական կարծիք ունի Թրամփի վերաբերյալ։Սկանդալային հայտարարությունների պատճառով Թրամփի վարկանիշը կտրուկ իջել է։
---
Yerkirmedia.am
Սիրիայում դպրոցահասակ 2.1 միլիոն երեխա այս տարի դպրոց չի գնա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի` սեպտեմբերի 1-ին հրապարակած տվյալների համաձայն` տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում:
Լիբերիայում է ապրում դպրոց չհաճախող երեխաների ամենաստվար զանգվածը, ուր տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե երկու երրորդը դպրոց չի հաճախում: Երկրորդ տեղում է Հարավային Սուդանը, որտեղ երեխաների 59 տոկոսը զրկված են տարրական կրթությունստանալու իրենց իրավունքից, և որտեղ 3 դպրոցից 1-ը ճգնաժամի պատճառով չի գործում:
Հաջորդիվ՝ Աֆղանստանը (46), Սուդանը (45), Նիգերը (38), Նիգերիան (34) տոկոսով դպրոց չհաճախող երեխաներ ունեցող երկրներիտասնյակում են՝ հստակ պատկերելով, թե ինչպես են հումանիտար արտակարգ իրավիճակներն ու ձգձգվող ճգնաժամը պատճառ դառնում, որերեխաները դպրոց չհաճախեն:
Սիրիայում (որ դպրոց չհաճախող երեխաների բարձր ցուցանիշ ունեցող երկրների առաջատար տասնյակում չէ), դպրոցական տարիքի (5-17տարեկան) 2.1 միլիոն երեխա կա, որ դպրոց չի հաճախում: Բացի դրանից, դպրոց չեն հաճախում հարևան շրջաններում ապրող ևս 600 000 փախստականի կարգավիճակ ունեցող երեխաներ:
Սոմալիից և Լիբիայից նոր և վստահելի տվյալներ չկան ո՛չ ադմինիստրատիվ, ո՛չ հետազոտական աղբյուրներից, այնտեղ շարունակվող հակամարտությունների պատճառով նաև:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վերլուծությունը, որ արվել է միլիոնավոր երեխաների՝ սեպտեմբերին դպրոց վերադառնալուն ընդառաջ, ընդգծում է կրթական ճգնաժամի աստիճանը, որ ազդում է, օրինակ, արդեն իսկ հակամարտության մեջ գտնվող կամ երկարատև երաշտի, ջրհեղեղների,երկրաշարժերի, ծայրահեղ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրների վրա:
Կրթությունը շարունակում է մնալ հումանիտար ոլորտի ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին կրթական կարիքները բավարարելու համար հումանիտար գործակալությունները անհրաժեշտ ֆինանսավորումից ստացել են միայն 31 տոկոս, մեկ տասնամյակ առաջ տրվող 66 տոկոսի դիմաց: Չնայած 2005թ.-ից 126 տոկոսով աճած կրթական պահանջներին՝ ֆինանսավորումն ավելացվել է ընդամենը 4 տոկոսով:
2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհայինֆինանսավորման հարթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար միջամտություններն և հաջորդող երկարատև զարգացումները:
«Հակամարտությունից տուժած երկրներում, դպրոցը երեխաներին զինում է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ հակամարտությանավարտից հետո իրենց համայնքները վերակառուցելու համար, իսկ կարճաժամկետ հեռանկարում, այն ապահովում է նրանց այն կայունությամբ և կառույցներով, որ անհրաժեշտ են տրավման հաղթահարելու համար: Դպրոցները կարող են նաև պաշտպանել երեխաներին տրավմաներից և իրենց շրջապատող ֆիզիկական վտանգներից: Երբ երեխաները դպրոց չեն հաճախում, նրանք ավելի շատ են վտանգվում չարաշահման, շահագործման և զինված ուժերի կողմից հավաքագրման», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության բաժնի ղեկավար Ջո Բուրնեն:
---
Hayeli.am
ԱՄՆ-ն առայժմ զգուշացնում է
ԱՄՆ պետդեպարտամենտը նախորդ շաբաթ ընդլայնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ դեսպանատնից ու Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից դիվանագետների ընտանիքների կամավոր հեռանալը՝ կապված անվտանգության առումով տիրող անկայուն իրավիճակի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում, որի համաձայն դիվանագետների ընտանիքների՝ կամավոր հեռացող անդամների թիվը Պետդեպարտամենտի կողմից ընդլայնվել է 2016թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Նման որոշման ընդունումը կապված է ԱՄՆ քաղաքացիների համար աճող սպառնալիքների հետ ։ Ամերիկացիներին հատկապես խորհուրդ է տրվել զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք այցելելուց։
Թուրք-սիրական ճգնաժամն էլ ավելի է խորանում: Իսկ Թուրքիայի գործողությունները Սիրիայի քրդերի դեմ քննադատության են արժանանում:
Պաշտոնական Անկարան կրկին կոչ է արել Սիրիայի քրդերին անհապաղ ետ քաշվել Եփրատ գետի արևելյան ափ. հակառակ դեպքում Թուրքիայի զինուժը կընդլայնի Սիրիայում սկսված ռազմական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքական զինուժն անցած շաբաթ ցամաքային ու օդային գործողություններ սկսեց Սիրիայի տարածքում, հայտարարելով, թե նպատակ ունի պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման և քուրդ ահաբեկիչների դեմ: Արևմտյան լրատվամիջոցներն ու իրավապաշտպան խմբերը, սակայն, պնդում են, թե «Եփրատի վահան» անունը ստացած ռազմական գործողությունն իրականում ուղղված է քրդերի դեմ և որ դրանով Անկարան ուզում է ազատվել Սիրիայի սահմանին ինքնավարության ձգտող քրդերից:
Սիրիացի իրավապաշտպանների հաշվարկներով վերջին օրերին Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում 11 գյուղ ազատվել է քրդերից, և միայն երկուսը՝ «Իսլամական պետության» զինյալներից: Սիրիայի քրդերն արդեն հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իրականում օկուպացնում է հարևան երկրի տարածքը: Մինչդեռ թուրքական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին:
Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, Անկարայի գործողություններում հստակ տարանջատում չի տեսնում։ «ԱՄՆ-ը ուզում է հստակ ընդգծել, որ անընդունելի և խիստ մտահոգիչ են մարտերը այն տարածքներում, որտեղ «Իսլամական պետությունը» տեղակայված չէ», – Թվիթերում գրել է Պենտագոնի խոսնակը՝ կոչ անելով կողմերին կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի վրա:
Ի տարբերություն Թուրքիայի, ԱՄՆ-ը Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությանը ոչ միայն ահաբեկչական չի համարում, այլև դիտարկում է որպես արդյունավետ ուժ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Հենց ամերիկացիների աջակցությամբ այս ամսվա սկզբին քրդերը գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Մանբիջ բնակավայրը, որը մինչ այդ «Իսլամական պետության» վերահսկողության տակ էր գտնվում:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Սիրիայի քրդերի պաշտպանության ջոկատները հիմա ամրապնդում են իրենց դիրքերը Մանբիջի մերձակայքում՝ հրաժարվելով անցնել Եփրատի արևելյան ափ։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Մանբիջից հյուսիս ընթացող մարտերի և ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակչությունն է տուժում։ Արդեն 35 զոհի մասին տեղեկություն է հաղորդվում:
Միաժամանակ հայտնի է, որ Օբաման ու Էրդողանը G-20-ի շրջանակներում կքննարկեն Թուրքիայի ռազմական հեղաշրջումն ու Սիրիայի հարցը: Այդ մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը։ Նրա խոսքերով՝ Օբամայի ու Էրդողանի հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 4-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կդատապարտի Թուրքիայի առաջխաղացումը դեպի Սիրիայի հարավ ու գործողությունները՝ ուղղված սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Այդ մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռհոդսը. «Մենք չենք աջակցում Թուրքիայի կողմից դեպի հարավ շարժին և սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ ակտիվությանը, որոնց աջակցում է ԱՄՆ-ն»։
Հիշեցնենք, որ G20-ի առաջնորդների 11-րդ հանդիպումը սեպտեմբերի 4-5-ին անցկացվելու է Չինաստանի Հանչժոու քաղաքում։ Դրանում քննարկվելու են միջազգային տնտեսական համագործակցության պլանները, ինչպես նաև համաշխարհային զարգացման համատեղ ռազմավարությունը։
Մինչ Օբամա-Էրդողան հանդիպումը` ԱՄՆ-ի ու Թուրքիայի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Սիրիայում Անկարայի գործողությունները։ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի փոխանցմամբ` կողմերի միջև հեռախոսազրույցը կայացել է օգոստոսի 28-ին։
Իսկ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի փոխօգնական Բեն Ռոդսը նշել է, որ Թուրքիայի գործողությունները այն շրջաններում, որտեղ գտնվում է սիրիական ընդդիմությունը, միայն սրում են տարածաշրջանի իրավիճակը. «Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ հետագա գործողությունները միայն բարդացնում են միասնական հակադաիշյան ճակատ ստեղծելու ջանքերը, որի համար մենք հանդես ենք գալիս»:
Սեպտեմբերի 4-ին կայանալիք Օբամայի ու Էրդողանի հանդիպումն, այսպիսով, կարող է բավական լարված ընթանալ` հաշվի առնելով Վաշինգտոնի դժգոհությունը Սիրիայում թուրքական զինուժի ցամաքային ու օդային գործողություններից: ԱՄՆ-ը ու Թուրքիան կանգնած են հարաբերություններում նոր լարվածության խորացման շեմին:
Մետաքսյա Շալունց