Մամուլի տեսություն 15-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34792-Մամուլի_տեսություն_15_09_2016
Մարդասիրական օգնություն տեղափոխող   բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը մնացել է Սիրիայի սահմանին կամ պաշարված քաղաքների դարպասների հետևում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2016 13:44 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 15-09-2016

Մարդասիրական օգնություն տեղափոխող   բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը մնացել է Սիրիայի սահմանին կամ պաշարված քաղաքների դարպասների հետևում:

 

 Շարղ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի մեկնարկից ի վեր, հումանիտար օգնություն տեղափոխող ոչ մի ավտոշարասյուն չի կարողացել մտնել պաշարված քաղաքներ: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակի խոսնակը հայտարարել է, որ Սիրիայում Ղուրբան տոնի օրը հրադադարը ուժի մեջ մտնելուց հետո անվտանգության պատճառներով ոչ մի հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատար ավտոմեքենա չի կարողացել մտնել այդ երկիր և բոլոր բեռնատարները մնացել են սահմանին կամ շրջափակված քաղաքների դարպասների հետևում:  ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի պատասխանատուն այն դեպքում է այդ արտահայտությունները կատարել, երբ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի  հատուկ պատվիրակ՝  Ստեֆան Դե Միստուրան հայտարարել է,որ ոչ մի տեղեկություն չունի ՄԱԿ-ի բեռնատարների ավտոշարասյան Սիրիա մտնելու մասին: Նա երաշխիքներ է պահանջել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների ավտոշարասյան և վարորդների անվտանգության ապահովման համար: Ի դեպ ՌԴ-ի զինծառայողներն են ստանձնել Սիրիայի հյուսիսում հրադադարի իրագործման գործընթացի վերահսկողության պատասխանատվությունը: Հալեպի մի հատվածը, որ մի ժամանակ եղել է Սիրիայի տնտեսության կենտրոնը, գտնվում է  Սիրիայի հյուսիսում: Հալեպը գտնվում է Սիրիայի կառավարության ընդդիմադիր խմբերի ձեռքում : Հալեպն առաջին վայրն է,որտեղ պետք է հրատապ հումանիտար օգնություն առաքվի: Քաղաքում դեռ ապրում են 250 հազար խաղաղ բնակիչներ:

Իսկ ինչ վերաբերում է Սիրիայի հրադադարին: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է.«Սիրիայում կրակի դադարեցումը կարող է նպաստել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, բայց գլխավոր խնդիրը հիմա չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատումն է:

Պեսկովի խոսքով հրադադարի ռեժիմն անկասկած հույս է ներշնչում, որ այն կնպաստի խաղաղ կարգավորմանը ու անհրաժեշտ մթնոլորտ կստեղծի քաղաքական կարգավորման համար: Նա նշել է, որ առայժմ հրադադարի ռեժիմը բավականին փխրուն է: «Այստեղ առանցքային խնդիրը չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատմանը սպասելն է,- վստահ է Պեսկովը, - Սա է առանցքային խնդիրը, առանց որի հետագա առաջխաղացումը դժվար թե հնարավոր լինի»- համարում է նա:

 ---

 

 News.am

 

Երկու տարում դրամական փոխանցումները Հայաստան կրճատվել են 2.4 անգամ. Ռուսաստանի Բանկ

Հեղինակ. Սմբատ Գրիգորյան

Ռուսաստանի Բանկը վերջերս տեղեկություն է հրապարակել այս տարվա հունվար-հունիսի ընթացքում ֆիզիկական անձանց անդրսահմանային դրամական փոխանցումների մասին: Ըստ էության՝ այդ փոխանցումները, որոնց մի մասը ստանում են նաև Հայաստանի  համաքաղաքացիները, կոմերցիոն բնույթ չեն կրում:

Եվ այսպես. ռուսական տեղեկատվության համաձայն՝ հունվար-հունիսին ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան կատարված անդրսահմանային փոխանցումները կրճատվել են 282 մլն դոլարով: Երկու տարվա ընթացքում այդ փոխանցումների գումարը կրճատվել է ավելի քան 2.4 անգամ: Դոլարային արտահայտությամբ անկման հիմնական պատճառը Ռուսաստանում այդ արժույթի դիրքերի ամրապնդումն է: Ի դեպ, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներին: Խնդիրը հաշվարկման մեթոդի մեջ է:

Երկու տարվա ընթացքում կրճատվել է նաեւ մեկ փոխանցման միջին գումարը: 2014 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում այդ ցուցանիշը կազմել է, համապատասխանաբար, 236 եւ 274 դոլար, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում՝ 162 եւ 164 դոլար, այսինքն՝ կրճատվել է 1.5-1.7 անգամ: Սակայն, ինչպես նշվեց, փոխանցումների ընդհանուր գումարի կրճատումն ավելի զգալի է եղել (2.4 անգամ): Այս տվյալների համադրումը թույլ է տալիս եզրակացնել,որ նվազել է նաեւ փոխանցումների թիվը: Մեր հաշվարկներով՝ 1.3 անգամ,-նշում է հոդվածագիրը:

Հայաստանի համար բավական մեծ նշանակություն ունեցող այդ ոլորտում իրադրության բարելավման հույս ունենալ չենք կարող: Հարկ է ենթադրել, որ Ռուսաստանում դոլարի փոխարժեքը չի վերադառնա երկամյա վաղեմության դիրքերին: Այդ դեպքում ռուսական ռուբլին դոլարի վերածելու պարագայում զգալի վնասը կպահպանվի: Որոշ ժամանակավոր միգրանտների համար, որոնց աշխատավարձն այնքան էլ մեծ չէ, արդեն շահեկան չի լինի Ռուսաստանում աշխատելը:

Ապրիլի դրությամբ՝ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 24 հազարով կամ 5%-ով: Իհարկե, այս ցուցանիշը կարելի է մեծ չհամարել, եթե համեմատենք հետխորհրդային տարածքի մի շարք այլ երկրների նման ցուցանիշների հետ:

--- 

Armradio.am

Մայա Կոսյանչիչ. Համաձայնությունը կնպաստի Հայաստանում ընտրական բարեփոխումների իրականացմանը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ողջունել է Հայաստանի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև նախօրեին ձեռք բերված համաձայնությունը Ընտրական նոր օրենսգրքի շուրջ:

«Հայաստանի կոալիցիոն կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների միջև երեկ ստորագրված համաձայնագիրը ընտրական բարեփոխումների մասին, որը նաև համաձայնեցվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, դրական զարգացում է, որը կնպաստի երկրում ընտրական բարեփոխումների իրականացմանը»,- հայտարարել է Մայա Կոսյանչիչը:

Նրա խոսքով, Եվրամիության և այլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի կառավարության ներգրավմամբ հնարավոր կլինի կյանքի կոչել Հայաստանի հանրապետության ընտրական նոր օրենսգրքով սահմանված տեխնիկական հարցերը:

«Ընտրական գործընթացի մասնակիցներն այժմ պետք է լիովին իրագործեն նոր ընտրական օրենսդրությունը՝ բարի կամք դրսևորելով բարձրացնեն վստահությունը ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան», ասել է Մայա Կոսյանչիչը:

---

Armradio.am

Հռոմի պապը կողմնակից է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի Ադրբեջան այցին ընդառաջ Վատիկանի ներկայացուցիչը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է կաթոլիկ եկեղեցու հովվապետի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Վլադիմիր Ֆեկետեն ասել է, որ Հռոմի պապը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորման կողմնակից է:

Նրա խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցին դեմ է պատերազմին ու կոչ է անում նմանօրինակ հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Միաժամանակ, Ֆեկետեն ընդգծել է, որ Կաթոլիկ եկեղեցին չի զբաղվում ԼՂ հակամարտության խնդրով:

Պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք Ֆրանցիսկոս պապի Բաքու այցի ժամանակ ղարաբաղյան հակամարտությունը քննարկման թեմա դառնա, Վատիկանի ներկայացուցիչը դժվարացել է հստակ պատասխանել այդ հարցին: Հիշեցնենք, որ Հռոմի պապին մեկօրյա այցով Ադրբեջանում կհյուրընկալեն հոկտեմբերի 2-ին: Հոգևորականը դժվարացել է հստակ պատասխանել հարցին, թե արդյոք այս թեման կքննարկվի Հռոմի պապի՝ Բաքու կատարելիք այցի շրջանակում: