Ռուսաստանը ռազմական համաձայնություն է կնքել Կուբայի հետ
Ռուսաստանն ու Կուբան ռազմա-տեխնիկական համագործակցությունների հնգամյա համաձայնագիր են կնքել: Համաձայնագրում հստակեցված են երկու երկրի համագործակցությունների բնագավառները:
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել իր ազդեցությունն արտասահմանում տարածելու և որպես միջազգային ուժ հանդես գալու Ռուսաստանի գլխավոր ռազմավարության շրջանակում: Հատկապես ակնկալվում է, որ Ռուսաստանը մոտ ապագայում կրկին շահագործման հանձնի Կուբայում գտնվող «Լորդես» ռազմաբազան: Կրեմլի իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանն իր ազգային անվտանգությունը պաշտպանելու և միջազգային զարգացումներում ազդեցիկ դերակատարություն ունենալու համար տարածաշրջանային ուժ լինելու փոխարեն, պիտի իր դերակատարությունը բարձրացնի միջազգային ուժի մակարդակի:
Այս ուղղությամբ, Մոսկվան հակառակ 1990-ական թվականներին առկա ֆինանսական բարդությունների ու նաև ռազմավարական կողմնորոշումների փոփոխման պատճառով աշխարհի տարբեր կետերում այդ երկրի արտասահմանյան ռազմաբազաները փակելու Ելցինի գլխավորած կառավարության որդեգրած քաղաքականության, այսօր ոչ միայն ձգտում է մեծացնել Սիրիայում իր ռազմաբազաների թիվը, այլև փորձում է արտասահմանում ու աշխարհի ռազմավարական տարբեր կետերում ռազմաբազաներ ձեռք բերել:
Նկատի առնելով Ռուսաստանի դաշնության ազգային անվտանգության, ինչպես նաև ծովային հայեցակարգերը, Ռուսաստանը որպես համաշխարհային հավասարություններում ազդեցիկ միջազգային ուժ, պիտի ռազմաբազաներ ձեռք բերի աշխարհի ռազմավարական կետերում և հատկապես Ասիայի, Խաղաղական օվկիանոսի, Լատինական Ամերիկայի ու Միջին Արևելքի տարածաշրջաններում:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերականգնել Վիետնամում ու Կուբայում իր ռազմական ներկայությունը, որտեղ Մոսկվան ավելի վաղ ռազմաբազաներ է ունեցել:
Պանկովի ընդգծմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս պահին վերանայում է որոշ երկրներում ռազմաբազաներն արձակելու մասին ընդունված որոշումները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն 2000-ական թվականների սկզբում իջեցրեց Կուբայի «Լորդես» ռազմաբզայում և Վիետնամի «Քամ Ռահն» ծովային բազայում ծածանվող իր դրոշները:
Փաստերը վկայում են, որ Սիրիայից հետո հիմա հերթը Կուբայինն է և Մոսկվան մտադիր է ռազմական համաձայնագրի շրջագծում հող նախապատրաստել «Լորդես» ռազմաբազան կրկին շահագործման հանձնելու համար:
Այդ ռազմաբազան գտնվելով ԱՄՆ-ի տարածքի մերձակայքում, սառը պատերազմի շրջանում օգտագործվում էր որպես ռուսների էլեկտրոնային գաղտնալսման կայան:
Այս պահին Կուբան լայն հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և կողմերը համագործակցում են տարբեր բնագավառներում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ընդգծեց Մոսկվա-Հավանա ռազմավարական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն ընդառաջվեց Հավանայի կողմից: