Մամուլի տեսություն 20-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i47575-Մամուլի_տեսություն_20_12_2016
Իրանում դարեր շարունակ մեծ խանդավառությամբ նշվել է Յալդայի գիշերը: Յալդա նշանակում է ծնունդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 15:19 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 20-12-2016

Իրանում դարեր շարունակ մեծ խանդավառությամբ նշվել է Յալդայի գիշերը: Յալդա նշանակում է ծնունդ:


Այսօր Իրանական թերթերն անդրադարձել են Յալդայի գիշերվա տոնին՝ Յալդայի ծիսակատարությանը:

 

Ջամ-ե Ջամ

Յալդայի ծիսակատարությունը

«Ջամ-ե Ջամ» թերթը գրել է.-Այս  գիշեր Իրանում հարազատներով, բարեկամներով հավաքվել են «Յալդայի» սեղանի շուրջ, բոլորը ուրախանում են  և նշում են «Յալդայի գիշերվա»տոնը՝ ձմեռնամուտը: Շնորհավորում ենք բոլոր նրանց ովքեր նշում են այս տոնը, մաղթելով տոնական բարձր տրամադրություն և հոգու ջերմություն։

Երկրի հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար գիշերն իրանցիները «Յալդա»կամ «Չելլե» են կոչում: Յալդա նշանակում է ծնունդ: Իրանական տոմարի համաձայն այն աշնան վերջին ամսվա վերջին օրվա` ազարի 30-ի գիշերն է` մինչև արևածագ, դեյի 1-ը, որը կոչվել է«խորռուզ՚»(արևի օր): Այն համընկնում է դեկտեմբերի 20-ի լույս 21-ի հետ: Իրանում դարեր շարունակ մեծ խանդավառությամբ նշվել է Յալդայի գիշերը: Այն ավանդաբար նշվում է մինչև այսօր: Այդ գիշեր չարազով, չրերով ու թարմ մրգերով լի սեղան են պատրաստում, որից անպակասեն նուռը, ձմերուկը և փշատը: Այլ կերպ ասած` այդ սեղանի վրա կարևորվում են կարմիր գույնով մրգերը, որոնք խորհրդանշում են արևի գույնը, քանզի պատմական Իրանում «Յալդան» նշվել է իբրև Արևի, Միհր աստծո ծննդյան օր:

---

«Ջոմհուրի Էսլամի»

Իրանը Եմենի միակ հովանավորն է.«Անսար Ալլահ» շարժման ղեկավար

 

«Իրանն իր արժանապատիվ դիրքորոշմամբ միշտ կանգնած է եղել  Եմենի ժողովրդի կողքին», այս մասին հայտարարել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման ղեկավար՝ Ամին Հաքեմը Իսլամական միասնության 30-րդ համաժողովի շրջանակներում ԻՍՆԱ-ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ: Քննադատելով միջազգային հանրությանը նա ասել է․-«Եթե միջազգային հանրությունը պաշտպանում է մարդկանց , ապա ինչո՞ւ Պաղեստինը 60 տարի անց դեռ շարունակում է մնալ շրջափակված։Ինչո՞ւ չկա արդարության ձայն։ Մենք պետք է որպես իսլամական ժողովուրդներ միավորվենք և հասկանանք ,որ միջազգային հանրությունը չի օգնելու մեզ: Մենք պետք է պաշտպանենք բռնահարվածներին, այդ դեպքում մենք կկարողանանք հաղթել: ԻԻՀ-ը արժանապատիվ դիրքորոշում է որդեգրել Եմենի ժողովրդի նկատմամբ, -ասել է նա, հավելելով՝ Մենք դիմագրավում ենք Սաուդյան կոալիցիայի վայրագ ագրեսիան: Սաուդյան Արաբիան միմիայն կոտորում է: Երբ մենք փորձեցինք ինքնապաշտպանության դիմել ու հարվածել նրանց ռազմանավերին, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ի լրատվամիջոցներն սկսեցին կեղծ հայտարարություններով հանդես գալ: Նրանք ասացին ,որ եմենցիները թիրախավորել են Բաբ Էլ- Մանդեբ նեղուցը   և երթևեկող նավերը: Մենք ապավինելով Աստծուն կշարունակենք մեր պայքարը և կստանանք մեր իրավունքը, նշել է «Անսար Ալլահ» շարժման առաջնորդը:

---

 

Շարղ

2016 թվականին աշխարհում 57 լրագրող է զոհվել

 «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ամփոփելով իր տարեկան հետազոտության արդյունքները հայտարարել է,որ 2016 թվականին աշխարհում 57 լրագրողներ են զոհվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այդ մասին, տեղեկացնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը։Լրագրողները զոհվել են առավելապես հակամարտության գոտիներում: Այդ կապակցությամբ առաջին տեղում Սիրիան է՝ 19 զոհվածներով: Նրանց հաջորդում է Աֆղանստանը, որտեղ զոհված լրագրողների թիվը հասել է տասի: Ցուցակի հաջորդ տեղերն զբաղեցնում են Իրաքը (7 մարդ) և Եմենը (5 մարդ):

Նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն առաջին անգամ ընդհանուր ցուցակի մեջ մտցրել է զոհված ոչ պրոֆեսիոնալ լրագրողներին՝ բլոգերների (9 մարդ) և այլ մասնագիտությունների ութ ներկայացուցիչների, որոնք տեղեկություններ էին մատակարարում ԶԼՄ-ների աշխատողներին և դրա համար կյանքով են հատուցել:Զեկույցում նշվում է, որ անցյալ տարի աշխարհում զոհվել էր ԶԼՄ-ների 67 աշխատակից, այս տարի զոհվածների ցուցանիշի զգալի նվազումը կապված է այն փաստի  հետ, որ լրագրողները ջանում են խուսափել ամենավտանգավոր երկրներից՝ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Եմենից, Աֆղանստանից, Բանգլադեշից եւ Բուրունդիից»,հայտնել է  ԻՍՆԱ-ն։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության  գլխավոր քարտուղարն ասել է․-«Ամեն օր աճում են լրագրողների նկատմամբ բռնությունները»։ Նա ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեսին կոչ է արել հատուկ ներկայացուցիչ նշանակել լրագրողների անվտանգության պաշտպանության համար։

--- 

 

Hayeli.am

Ռուս դեսպանի սպանությունը՝ Անկարայում

Արտառոց միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Սպանությունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում՝ ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ Անդրեյ Կառլովը մասնակցում էր ցուցահանդեսի բացմանը:

Դեպքը տեղի է ունեցել ցուցահանդեսում ելույթի ժամանակ, հենց ելույթի պահին թիկունքից դեսպանի վրա արձակվել են կրակոցներ: Դեսպանը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Կառլովից բացի վիրավորվել է ևս 3 հոգի: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ կրակողը Անկարայի ոստիկանության սպա է: Թեպետ սպանությունը կատարողը անվտանգություն ապահովող ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ չեզոքացվել է, սակայն միջադեպը իսկապես լուրջ է և կարող է դիվանգիտական սկանդալի վերածվել: Շատ բան, անշուշտ, պարզ կդառնա հետաքննությունից, սակայն թուրքական իշխանությունները պետք է փորձեն ամեն ինչ անել՝ ապացուցելու համար, որ իրենք կատարվածի հետ առնչություն չունեն:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ականատեսները պատմել են, որ սպանողը բղավել է. «Մի՛ մոռացեք Սիրիան, մի՛ մոռացեք Հալեպը, քանի դեռ մեր եղբայրները ապահով չեն, դուք ապահով չեք լինելու»:

Haberturk.com-ի փոխանցմամբ` դեպքի վայրում գտնվող ռուս պաշտոնյաները մահափորձի կազմակերպիչներ են համարում «Իսլամական պետություն» խմբավորման անդամ արմատական իսլամական ահաբեկիչներին: Հավանական վարկածներից մեկն էլ այն է, որ միջադեպի հետևում կարող է կանգնած լինել քրդական խմբավորումներից մեկը:

ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կատարվածի առնչությամբ ցավակցել է ՌԴ արտաքին գործերի նախարարին: Միջադեպը դատապարտել են նաև ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն:
Միջադեպի մասին զեկուցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս առայժմ պաշտոնական գնահատական կատարվածի վերաբերյալ չի հնչեցրել: Պուտինի խոսնակ Պեսկովը ռուսական լրատվամիջոցներին փոխանցել է, որ ՌԴ նախագահը միջադեպի առնչությամբ պետք է լսի հատուկ ծառայությունների և ԱԳՆ-ի զեկույցները:

Ռուսական lenta.ru կայքը, հղում անելով Ռոյթերս գործակալությանը, տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը միջադեպից հետո զանգահարել է Պուտինին և ներկայացրել սպանության վերաբերյալ իր ունեցած տեղեկատվությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կատարվածն արդեն բնորոշել է ահաբեկչական ակտ:
ՌԴ պետդումայի պատգամավոր, լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ սպանության պատվիրատուները նպատակ են ունեցել խաթարել Էրդողանի առաջիկա այցը Մոսկվա: Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դմիտրի Նովիկովն էլ հայտարարել է, թե ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացում սպանության պատճառով տեղի չի ունենա. «Համենայն դեպս, առաջին հայացքից կասկածներ չկան, թե թուրքական իշխանությունները մասնակից են միջադեպին: Այդ պատճառով ասել, թե այս էպիզոդի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ, ճիշտ չի լինի»,- հատարարել է Նովիկովը և հավելել, որ Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիայի իշխանությունները ակտիվ գործողություններ կձեռնարկեն իրական բոլոր մեղավորներին բացահայտելու և պատժելու գործում:
Նովիկովի կարծիքով՝ սպանության հետևում կանգնած կարող են լինել այն ուժերը, ովքեր այս կամ այլ կերպ հետաքրքրված են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ:

---

Hayeli.am

Ասադի պատմական հաղթանակը

Օրերս  ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան սիրիական հակամարտության պատմության էջերի համար…

Մեկ օրվա ընթացքում Հալեպի արևելյան հատվածից դուրս է բերվել 6 հազար 462 մարդ, այդ թվում՝ մոտ 3 հազար զինյալ ու 301 վիրավոր, հայտնեց հաշտեցման ռուսական Կենտրոնը: «Մարդատար ավտոբուսներին ու շտապօգնության մեքենաներին ուղեկցել են հաշտեցման ռուսական Կենտրոնի սպաներն ու գործում ներգրավված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները», – ասված է կենտրոնի հաղորդագրությունում։

Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» մանրամասնել է, որ զինյալ խմբավորումների ներկայացուցիչների առաջին խումբը դուրս է բերվել Հալեպից.«Կեսօրին սիրիական Կարմիր մահիկի և Միջազգային Կարմիր խաչի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբը, իրենց ընտանիքներով, հանրակառքերով ու շտապօգնության մեքենաներով, դուրս են բերվել Հալեպից։ Խմբում ներառված էր 951 զինյալ՝ իրենց ընտանիքներով։ Նրանց դուրս բերման գործողությունները կշարունակվեն մինչև Սալահ Ատտին, Զըպտիյե, Մեշհետ և Անսարի շրջանների ամբողջական ազատումը նրանցից։ Նախքան դուրս գալը, զինյալներն այրել են զինապահեստներն ու արխիվները, որոնք կարող էին բացահայտել նրանց արտաքին կապերն ու ֆինանսական աղբյուրները»:

Alikhbaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արձագանքել է Արևելյան Հալեպից զինյալների դուրս բերմանը։ Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն է ունեցել Հալեպի ազատագրման գործընթացում՝ այդ պատմական հաղթանակում. «Հալեպի բնակիչների ամրակուռ լինելը, Սիրիայի ողջ ժողովրդի ցուցաբերած ամրությունը նախապատրաստեց այս հաջողությունը։ Սիրիական հակամարտության զարգացումների ընթացքը կփոխվի այս հաղթանակից հետո։ Կփոխվի իրադարձությունների ընթացքը ողջ Մերձավոր Արևելքում ու համաշխարհային արենայում։ Այս հաջողությունը հնարավոր դարձավ Սիրիայի ազգային բանակի ու դաշնակիցների ջանքերի շնորհիվ»։

Սիրիայի խնդրի վերաբերյալ է հանդես եկել ԱՄՆ նորընտիր նախագահը: Դոնալդ Թրամփը խոստացել է Սիրիայում անվտանգության մարդասիրական գոտիներ ստեղծել և ստիպել Պարսից ծոցի երկրներին վճարել դրա համար։ «Երբ տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում, շատ եմ վշտանում։ Մենք պետք է օգնենք սիրիացի ժողովրդին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջև ԱՄՆ-ի «շոկոլադային մայրաքաղաք» Հերշիում (Փենսիլվանա)։ Ըստ այդմ՝ Թրամփը հիշեցրել է Պարսից ծոցի երկրների մասին, որոնք բավականին գումար ունեն. «Ես կստիպեմ նրանց մեզ միջոցներ տրամադրել, և մենք կստեղծենք կամ կնպաստենք Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը»։

Այսպիսով, սիրիական հակամարտության զարգացումների ընթացքը փոխվեց: Արևելյան Հալեպից զինյալների դուրս բերումը, վստահաբար, կփոխվի իրադարձությունների ընթացքը ողջ Մերձավոր Արևելքում: Գերտերությունների համար, վստահաբար, նոր իրավիճակ է:

Մետաքսյա Շալունց