Մամուլի տեսություն 21-12-2016
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացած Իրան-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված 5 փաստաթղթեր:
Այսօր իրանական և հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցը:
ԻՌՆԱ
Թեհրանի և Երևանի միջև 5 հուշագիր է ստորագրվել
ԻՌՆԱ գործակալության կայքը գրում է,-ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացած Իրան-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված 5 փաստաթղթեր,որոնք են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ Պատմության թանգարանի և ԻԻՀ Ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, ընդունվել է նաև համատեղ հայտարարություն: Նշենք ,որ Իրանի նախագահը կայցելի նաև Ղազախստան և Ղրզըզստան, որտեղ տեղի կունենան բարձր մակարդակի հանդիպումներ և կստորագրվեն համագործակցության խորացման վերաբերյալ հուշագրեր:
---
Ջամ-ե Ջամ
ԱՄՆ-ում Պուտինից վախենալը ոչ մի արդարացում չունի
«Ջամ-ե Ջամ թերթը գրում է.-«ԱՄՆ-ում Պուտինից վախենալու երևույթը հիշեցնում է 1947-1957 թթ.-ի ընթացքում կարմիրներից վախենալու ժամանակաշրջանը: Կարմիրներից վախենալու երևույթը հանրապետականները ասպարեզ բերեցին,իսկ այժմյան պայմաններում դեմոկրատները Պուտինից վախենալու երևույթը դարձրել են քաղաքական գործիք: Օբամայի օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգում դրվեց ՌԴ-ի հետ հարաբերությունների վերամշակման ռազմավարությունը: Ժամանակի պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնն այն դարձրեց իր ծրագրերի նշանաբանը: Սակայն քանի որ այդ ռազմավարության հեղինակները բոլորովին ուշադրություն չդարձրեցին ՌԴ գլխավոր մտահոգությանը՝ ՆԱՏՕ-ի գործունեությանը, ոչ մի արդյունք չարձանագրեցին: 2016 թվականի նախագահական ընտրություններում բացահայտվեցին Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի էլոկտրոնային նամակները,որոնք ցույց են տալիս,որ կուսակցության ղեկավարներն ամեն ինչ արել են, որպեսզի սենատոր Բերնի Սանդերսը չհաղթի:Իսկ այդ նամակներից պարզվում է, որ Հիլարի Քլինթոնը որքան անազնիվ թեկնածու է: Իսկ այժմ նա ընտրություններում իր պարտության համար մեղադրում է ՌԴ-ին : Նա ասել է,թե այդ տեղեկությունները բացահայտվել են Պուտինի հրամանով իրականացված կիբեր հարձակման արդյունքում: Պուտինը նպատակ է ունեցել դյուրին դարձնել Քլինթոնի պարտությունը ,ում երբեք չի վստահել, իսկ նպաստել է իր խամաճիկ՝ Դոնալդ Թրամփի հաղթանակին: Կարմիրներից վախենալը արտացոլում է այն ժամանակաշրջանում կոմունիզմի հեղինակությունը, իսկ ներկայումս Պուտինից վախենալը տրամաբանական արժեք չի ներկայացնում:
---
Ռեսալաթ
Իսպանիայում տնտեսական ճգնաժամ է տիրում
ԵՄ-ի և եվրագոտու անդամ Իսպանիան տնտեսական ճգնաժամի մեկնարկից առայսօր ոչ միայն զերծ չի մնացել ճգնաժամից,այլև դրա կառավարման կարողությունն էլ չի ունեցել: Այդ երկիրը միշտ եղել է Եվրագոտու տնտեսական ճգնաժամի օջախներից մեկը: Իսպանիայում աջամետ և սոցիալիստական կառավարությունների փոփոխվելը ևս չեն կարողացել ազդել այդ երկրի տնտեսական ճգնաժամի կարգավորման վրա: Իսպանիայի կառավարությունը ԵՄ-ի և միջազգային մյուս վարկատուների ճնշումների ներքո, իր տնտեսական ծրագրերում առաջնային տեղ է հատկացրել պարտքերի ու բյուջեի դեֆիցիտի նվազեցմանը,ինչն առթել է այդ երկրի ժողովրդի բողոքը: Ամենայն դեպս Իսպանիայի կառավարությունը պարտավորություններ ունի հակաճգնաժամային նախագծերի իրագործման շրջանակում ,իսկ մյուս կողմից էլ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի առաջ:
---
Galatv.am
Թրամփի պետքարտուղարը և հարկային դրախտը
«ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարը կարող է լինել Exxon նավթային կոնցեռնի ղեկավար Ռեքս Թիլերսոնը: Սենատը պետք է հաստատի նրա թեկնածությունը, սակայն շատ սենատորներ, անգամ հանրապետականները քննադատում են Թիլերսոնին Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի հետ նրա սերտ կապերի համար: Ավելի շատ քննադատություն կարող է լինել Թիլերսոնի հասցեին՝ կապված Ռուսաստանի հետ իր առաջին գործարքի հետ, ինչի համար նա օգտագործել է Բահամյան կղզիների օֆշորային ընկերությունները»,- Sueddeutsche Zeitung-ում գրում է թղթակից Հաննես Մունցիգերը:
«1998թ.-ին Թիլերսոնը ղեկավարում էր Exxon Neftegas Limited-ը: Ընկերությունը հիմնված էր հիմնականում Ռուսաստանում բիզնես իրականացնելու համար: Թիլերսոնի ազգանունը հայտնվել էր Բահամյան կղզիներում գրանցված ընկերությունների ցանկում: Այդ փաստաթուղթը մեկն է այն միլիոնավոր փաստաթղթերից, որոնք փոխանցվել են Sueddeutsche Zeitung-ին եւ հայտնի են դարձել Bahama Leaks անվամբ»:
«Ընկերությունը, որը Թիլերսոնը ղեկավարել է առնվազն մինչեւ 2001թ.-ի մայիսը, զբաղվում էր «Սախալին-1» նավթագազային նախագծով: Մասնավորապես Exxon Neftegas-ը Սախալինում իրականացրել է նավթի եւ գազի հանքավայրերի հետազոտական աշխատանքներ: Ընկերությունը գրանցված է եղել Բահամյան կղզիների մայրաքաղաքում, որը համարվում էր դրախտ ստվերային տնտեսության համար»,- գրում է Մունցիգերը:
«ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունն առաջադրելուց հետո ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մոտ դժգոհություն է առաջացնում Իգոր Սեչինի անունը, ով ռուսաստանյան «Ռոսնեֆտ» կոնցեռնի ղեկավարն է, եւ ում նկատմամբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Ղրիմի անեքսիայից հետո»:
«Թիլերսոնը եւ Սեչինն, ինչպես պարզաբանում է հեղինակը, ոչ միայն գործընկերներ են, այլեւ շատ մոտ ընկերներ: Այդ կապակցությամբ քաղաքագետները Թրամփի կառավարությունից սպասում են պատժամիջոցների չեղարկում, որը կանաչ լույս կլինի Արկտիկայում նավթի հետախուզման եւ ձեռքբերման նոր ծրագրերի համար եւ կբարձրացնի Exxon Mobil բաժնետոմսերի արժեքը: Այդ ամենից օգուտ կքաղի նաեւ Ռեքս Թիլերսոնը, ով, ըստ ընկերության տվյալների, ունի 218 մլն դոլարի բաժնետոմսեր»:
Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան