Մամուլի տեսություն 11-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50626-Մամուլի_տեսություն_11_01_2017
Իսլամական հանրապետության Ժողովուրդն մեկ անգամ ևս ի ցույց դրեց իր ազգային համերաշխությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 14:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-01-2017

Իսլամական հանրապետության Ժողովուրդն մեկ անգամ ևս ի ցույց դրեց իր ազգային համերաշխությունը։

 

 

Ջոմհուրի Էսլամի

Հոծ թվով  մարդիկ եկել էին Թեհրան մասնակցելու Այաթոլլահ Ռաֆսանջանիի հուղարկավորության արարողությանը

Երեկ  բոլորը եկել էին Թեհրան, կին ու տղամարդ, ծեր ու երիտասարդ։ Եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Իրանի իսլամական հանրապետության համակարգի նպատակահարմարությունը բնորոշող նախագահ՝ Այաթոլլահ Ռաֆսանջանիի հիշատակին։Այս ազնիվ ու երախտագետ մարդիկ եկել էին վերջին հրաժեշտը տալու իսլամական հեղափոխության մեծ գործչին ։   Հունվարի 10-ին իսլամական Իրանի ժողովրդի միլիոնանոց ներկայությամբ, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի դին ամփոփվեց ԻԻՀ-ի հիմնադիր Լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում: Ժողովուրդն իր  միլիոնանոց ներկայությամբ  մեկ անգամ ևս Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի անունով ի ցույց դրեց իր ազգային համերաշխությունը։

 

Ռեսալաթ

Ջրի պատերազմը և Վադի-Բարադայի գործողությունները

 

Սիրիայի մայրաքաղաք՝  Դամասկոսի բնակիչներն երկու շաբաթ է,ինչ  մեկուսացված են կենտրոնական ջրամատակարարումից: Մոտ հինգ միլիոն սիրիացի վտանգի  տակ է: Դամասկոսը սնուցող հիմնական ջրային աղբյուրը Ային-ալ-Ֆիջի աղբյուրն է Վադի-Բարադա դաշտավայրում: Մոտ երկու շաբաթ առաջ ահաբեկիչները պայթեցրել են գլխավոր  ջրագիծը, ինչը խախտել է ջրամատակարարումը: Ահաբեկիչները դիզելային վառելիք են լցրել խմելու ջրի մեջ, ինչի պատճառով դադարեցվել է բնակչությանը ջրամատակարարումը: Բնակիչներն  ստիպված են ջուր գնել մասնավոր ընկերություններից, որոնց արտադրանքի որակը չի վերահսկվում:

Այս իրավիճակում ուշագրավ հանգամանքը  լրատվամիջոցների պահած լռությունն է: Փաստորեն նրանք աչք են փակել այս աղետի վրա: 

Սիրիայում Ֆաթհ ալ-Շամ ճակատը (Ալ-Նուսրա ճակատի նոր անունն է) մերժել է Վադի-Բարադայից դուրս գալու և Դամասկոսի հինգ միլիոն բնակիչների ջրամատակարարումը վերականգնելու  պաշտոնական Դամասկոսի  առաջարկը, ինչը  երկրի բանակին հարկադրել է մեկ անգամ ևս վերսկսել այդ տարածքի վրա հարձակումը: Սիրիական բանակը պայքարում է ջրի աղբյուրների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու համար:

 

Շարղ

Գործարք Ռիադում

Միշել Աունն իր միջինարևելյան ուղևորության շրջանակում հանդիպել է Մալեք Սալմանի հետ: «Լիբանանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները ազդված են արաբական երկրների զարգացումներից և ես այսօր եկել եմ այստեղ իմ բարեկամության ձեռքը մեկնելու Սաուդյան ժողովրդին և վերջ դնելու բոլոր անորոշություններին»: Սա Լիբանանի նախագահ՝ Միշել Աունի առաջին նախադասությունն է,որ հնչել է Ռիադում: Միշել Աունը մոտ երկու ամիս առաջ երկրի նախագահ ընտրվելով վերջ տվեց այդ երկրի 29-ամսյա քաղաքական փակուղուն: Խորհրդարանի կողմից նրա ընտրությունը սուննի մրցակից և  սաուդցիների համառ դաշնակից Սաադ Հարիրիի կողմից այդ քրիստոնյա թեկնածվի աջակցության արդյունքն էր և այժմ Լիբանանի 81-ամյա նախագահն ուղևորվել է Ռիադ նոր էջ բացելու  Սաադ Հարիրի ՝վարչապետի պաշտոնում նշանակվելուն հանգեցրած  քաղաքական գործարքում: Քաղաքական հարցերի վերլուծաբանների կարծիքով Սաուդյան Արաբիան հույս ունի, որ այդպիսով կկարողանա Լիբանանի կառավարության կառուցվածքում թուլացնել Հեզբոլլահի դերը:

 

Armedia.am

Ռաֆսանջանիի անցած ուղին և հատուկ դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

82 տարեկան հասակում մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Իսլամական Հանրապետությունում Ռաֆսանջանիի ունեցած ազդեցության մասին է վկայում այն փաստը, որ Իրանում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ հունվարի 10-ը ոչ աշխատանքային օր:

Իրանական Tasnim լրատվակայքը հաղորդում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին իր ցավակցական ուղերձում Ռաֆսանջանիին անվանել է «իր վաղեմի ընկեր և Իսլամական շարժման դարաշրջանի դաշնակից»: Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ «տարաձայնություններն ու անհամաձայնությունները չեն կարողացել խանգարել իրենց 59 տարվա ընկերությանը»:Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Իսլամական հեղաշրջման առանցքային դերակատարներից և Ալի Խամենեիի մտերիմ աջակիցներից է եղել: 1960-70 ական թվականներին մի քանի անգամ ձերբակալվել է իր քաղաքական գործունեության համար: Շահի տապալումից հետո մասնակցել է Իսլամական հանրապետական կուսակցության ձևավորմանը: 1980-89 թվականներին զբաղեցրել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-88) իրանական զինված ուժերի դե ֆակտո հրամանատարն է եղել:

 

1989-1997 թվականներին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը: 2007-2011 թվականների գլխավորել է Փորձագետների խորհուրդը, որն ընտրում է երկրի Հոգևոր առաջնորդին: 1987 թվականից Ռաֆսանջանին գլխավորել է նաև Իսլամական համակարգի  նպատակահարմարության խորհուրդը, որը փորձում է հարթել խորհրդարանի և Պահապանների խորհրդի միջև ծագող վեճերը:

Հատկանշական է, որ Ալի Աքբար Ռաֆսանջանին էական դերակատարում է ունեցել 1992 թվականին Իրանի կողմից իրականացված միջնորդության մեջ, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան այցելեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Յակուբ Մամեդովը: Ռաֆսանջանին բանակցությունների ընթացքում հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է քաղաքական լուծում ստանա: Ցավոք, իրանական միջնորդությունը տևական արդյունք գրանցել չկարողացավ, բայց ընդգծեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

--- 

News.am

Independent Թրամփի ընտրվելուց հետո Պուտինի հարուստ դաշնակիցների քանակն ավելացել է

«Որոշ տեղեկություններով Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո հարուստ ռուսաստանցիների   ընդհանուր կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով»,- գրում է Independent–ը։ « Ռուբլու ու ռուսական բաժնետոմսերի արժևորման հաշվին հարստություն դիզողներից են նաև Պուտինի մոտ դաշնակիցները»,- ասվում է հոդվածում։

Forbes ամսագրի տվյալներով «Նովատեկում» Գենադի Տիմչենկոյի 23 տոկոս մասնաբաժնի արժեքը աճել է 1․8 մլրդ դոլարով», պատմում է թերթը։

«Լեոնիդ Միխելսոնը, որը նույնպես «Նովատեկի» խոշոր բաժնետեր է, Թրամփի ընտրվելուց հետո հարստացել է 1․9 մլրդ դոլարով, իսկ նրա կարողությունը հասել է 18․2 մլրդ դոլարի»,- ասվում է հոդվածում։

Forbes-ի հաշվարկներով ռուս միլիարդատերերն ընդհանուր հարստացել են 29 մլրդ դոլարով։ Իսկ տոկոսային հարաբերությամբ Թրամփի ընտրվելուց հետո ամերիկացի միլիարդատերերը հարստացել են միջինը 2․8 տոկոսով, իսկ ռուսաստանյան միլիարդատերերը՝ 7․1 տոկոսով։

Ռուս օլիգարխների համար նաև օգտակար է եղել ռուբլու ամրապնդումը, որը վերագրում են գերազանցաբար նավթի գների աճին, պատմում է պարբերականը։