Մամուլի տեսություն 19-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51736-Մամուլի_տեսություն_19_01_2017
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Թերհանում 55 տարի առաջ կառուցված 17 հարկանի առևտրային համալիրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 16:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-01-2017

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Թերհանում 55 տարի առաջ կառուցված 17 հարկանի առևտրային համալիրում:

Ջամե  Ջամ

Թեհրանում փլուզվել է  «Պլասկո» առևտրային համալիրը

Այսօր առավոտյան Թեհրանի ժամանակով ժամը 8-ին հրդեհ է  բռնկվել  Իրանի մայրաքաղաքի կենտրոնական Ջոմհուրի փողոցում 55 տարի առաջ կառուցված 17-հարկանի «Պլասկո» առևտրային համալիրում:   Ստացված վերջին տեղեկությունների համաձայն փլատակների տակ են մնացել  հրշեջ ծառայության մի քանի աշխատակիցներ: Կրակը բռնկվել է իններորդ հարկում և արագորեն տարածվել համալիրի ամբողջ վերին հատվածում, ինչի հետևանքով շինությունը փլուզվել է, երբ հրշեջները դեռ պայքարում էին կրակի դեմ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները, որոնք կարողացել են ժամանակին տարհանել «Պլասկո»-ում գտնվող շատ աշխատակիցների և այցելուների: Բժշկական հաստատություններն ընդունում են վիրավորների: Վերջին տվյալներով  վիրավորվել է 70 մարդ: Թեհրանի նահանգապետարանը բացառել է շենքի կանխամտածված հրդեհման  վարկածը:

---

Շարղ

Ամբողջությամբ ազատագրվել է Մոսուլի արևելյան հատվածը

Շարղ թերթը գրում է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ երեքամսյա պատերազմից հետո, ամբողջությամբ ազատագրվեց Մոսուլի արևելյան հատվածը: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադին երկրի բանակին նախապատրաստում է Մոսուլի արևմտյան հատվածն ազատագրելու համար: Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպությունը հայտարարել է,որ այդ կազմակերպության ենթակա ուժերը ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել Մոսուլի արևելյան հատվածը: Կազմակերպության  ղեկավարն ասել է.«Մենք բախումների ժամանակ լիովին հարգել ենք կանոններն ու մարդու իրավունքները և այժմ նախագծեր ենք մշակել քաղաքի արևմտյան հատվածի ազատագրման համար»: Իրաքյան ուժերը 2016 թվականի հոկտեմբերի 17-ին էին սկսել Մոսուլի ազատագրման գործողությունները և 2017 թ.-ի հունվարի 18-ին հաջողությամբ ավարտին հասցրին քաղաքի արևելյան հատվածի ազատագրումը: Նեյնավա նահանգի անվտանգության մի աղբյուր հայտարարել է,որ ԻԼԻՊ-ն առաջին անգամ խոստովանել է ,որ Մոսուլի արևելյան հատվածում տեղի ունեցած բախումներում պարտություն է կրել:«Աշխարհը պարտական է Իրաքին», -գրել է Շարղ օրաթերթը: 

---

Ռեսալաթ

Օլանդն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արձագանքել  է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ուղղված քննադատություններին: Օլանդը մասնավորապես նշել է, որ Եվրոպան ինչ-որ մեկի խորհրդի կարիքը չունի, թե ինչպես պետք է գործի: Օլանդը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել տրանսատլանտյան համագործակցությունը, սակայն միայն սեփական հետաքրքրությունների և արժեքների հիման վրա: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կազմակերպությունը կարելի կլինի հնացած անվանել միայն այն դեպքում, եթե հնացած լինեն սպառնալիքները:Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է, իսկ Եվրամիության մասով ողջունել էր Brexit-ը և կանխատեսել նոր երկրների ելքեր:ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական The Times of London և գերամանական Bild պարբերականներին տված հարցազրույցում հարգանքով էր նշել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի  անունը, միևնույն ժամանակ ասելով, որ նա աղետալի սխալ է գործել՝ թույլ տալով բոլոր ապօրինի ներգաղթյալներին մուտք գործել երկիր:

---

News.am

«Բրեքսիթի» 10-ը նյարդայնացնող հետեւանքները

Բրիտանիան այսպես կոչված «բրեքսիթը» իրականացնելու երկու տարբերակ ունի՝ «մեղմ» եւ «կոշտ»։ Ընդ որում, վերջինը, որի օգտին է արտահայտվել նաեւ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ենթադրում է Եվրամիության հետ բոլոր կապերի խզումը։ Գերմանական Sueddeutsche Zeitung–ը կազմել է Բրիտանիայի եւ Եվրամիության հասարակ բնակիչների համար «բրեքսիթի» 10-ը նյարդայնացնող հետեւանքների ցուցակը։

Այսպես, Բրիտանիան կարող է սահմանել մուտքի արտոնագրեր, ինչը նշանակում է, որ եվրոպացիների համար «մառախլապատ Ալբիոն» մուտք գործելու համար կպահանջվի արտասահմանյան անձնագիր կամ նույնիսկ մուտքի արտոնագիր, ընդ որում մոտեցումը կարող է յուրաքանչյուր երկրի համար տարբեր լինել։

Հաջորդ խնդիրը կարող է դառնալ  Բրիտանիայում բժշկական օգնության դիմելը, ինչի համար կպահանջվի ապահովագրություն օտարերկրացիների համար։ 

Ակնկալվում է, որ եվրոպացիների համար զգալիորեն կբարձրանա Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների ուսման վարձը։

Չորրորդ բարդությունը՝ Եվրամիության քաղաքացիների համար այլեւս կփակվի  Բրիտանիայի աշխատաշուկան։

Նաեւ «բրեքսիթի» հետեւանքով կարող է թանկանալ ձկնեղենը, մասնավորապես՝ Գերմանիա բերվող ամբողջ ծովատառեխը որսում են բրիտանական ջրային տարածքներում։

Վեցերորդ խնդիրը՝ Եվրամիության գանձարանը կնվազի տարեկան 11,5 միլիարդ եվրոյով, որ  Բրիտանիան վճարում էր անդամավճարների տեսքով։ Այդ բեռը կընկնի ԵՄ մյուս երկրների, առաջին հերթին՝ Գերմանիայի ուսերին։

Մյուս խնդիրը մաքսային տուրքերն են, որոնք, բնականաբար, բացասական ազդեցություն կունենան ինչպես եվրոպական, այնպես էլ՝ բրիտանական տնտեսության վրա։

«Բրեքսիթի» հետեւանքով Լոնդոնը կդադարի լինել Եվրոպայի ֆինանսական կենտրոնը, եւ այդ դերը կստանձնի Ֆրանկֆուրտը, որտեղ անշարժ գույքի եւ ծառայությունների գները հաստատապես կբարձրանան։ Նույն կերպ, հեռախոսակապի գների բարձրացում կարող է, հաշվի առնելով, որ մինչեւ հիմա Եվրոպայի ներսում ռոումինգ ծառայությունը չէր գործում։

Եվ վերջին սպառնալիքը, ըստ Sueddeutsche Zeitung–ի, Եվրոպայում աշխատատեղերի հնարավոր կրճատման խնդիրն է, հաշվի առնելով, որ միայն Գերմանիայից տարեկան 89 միլիարդ եվրոյի ապրանք է արտահանվում Մեծ Բրիտանիա։ Այդ հոսքը, իհարկե, ամբողջությամբ չի դադարի, սակայն նվազել կարող է։