Մամուլի տեսություն 22-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52063-Մամուլի_տեսություն_22_01_2017
Թրամփն իր նախագահության առաջին օրը պահանջել է, որպեսզի բոլոր օտարերկրյա դեսպանները, ովքեր նշանակվել էին Բարաք Օբամայի կողմից, վայր դնեն լիազորությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2017 14:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-01-2017

Թրամփն իր նախագահության առաջին օրը պահանջել է, որպեսզի բոլոր օտարերկրյա դեսպանները, ովքեր նշանակվել էին Բարաք Օբամայի կողմից, վայր դնեն լիազորությունները։

 

Ջամե Ջամ

Թրամփի նախագահության առաջին օրը և նրա սկանդալային որոշումները  

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին։ Պաշտոններում դեռևս նշանակումներ չեն արվել։

«Ջամե Ջամ»-ի փոխանցմամբ՝ Թրամփը պահանջել էր, որպեսզի հունվարի 20-ի կեսօրի դրությամբ բոլոր օտարերկրյա դեսպանները, ովքեր նշանակվել էին Բարաք Օբամայի կողմից, վայր դնեն լիազորությունները։ Վերլուծաբանների կարծիքով հնարավոր է ԱՄՆ-ն մինչև քանի ամիս ոչ մի դեսպան չունենա աշխարհի երկրներում, փաստորեն այդ երկրների հետ  ԱՄՆ-ի  կառավարության ուղղակի կապը կխզվի:Այդ երկրներն են՝ Գերմանիան, Կանադան և ԱՄՆ-ի մի քանի կարևոր դաշնակիցներ:Նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի  և Սաուդյան Արաբիայի նման երկրներ պետք է սպասեն ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակմանը:

Նշենք,որ Դեսպանների նշանակումը երկար ժամանակ կպահանջի, որով կզբաղվի Կոնգրեսը:

---

Շարղ

Թրամփը ստորագրել է Obamacare-ը չեղարկելու վերաբերյալ առաջին փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ավարտից կարճ ժամանակ անց հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է Obamacare առողջապահական բարեփոխումը դադարեցնելուն: Ըստ «Շարղ» թերթի՝ հրամանագիրը կառավարական գերատեսչություններին կոչ է անում «հրաժարվել, հետաձգել կամ սպասել» ծրագրերի իրականացման հարցում, որոնք մեծացնում են պետության, ընկերությունների կամ մասնավոր անձանց հարկային բեռը:

Թրամփը և նրա կուսակցությունը մտադիր են որքան հնարավոր է շուտ չեղյալ հայտարարել Բարաք Օբամայի կողմից ստորագրված հրամանագրերը: 70-ամյա հանրապետականը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոսք տվել ընտրվելու դեպքում չեղարկել այդ ծրագիրն ու այն փոխարինել նորով:

--- 

 

Ալիք

Թեմակալ առաջնորդը ցավակցել է «Պլասկո»-ի դեպքի կապակցությամբ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ցավակցել է «Պլասկո»-ի դեպքի կապակցությամբ: Թեմակալ առաջնորդի ցավակցականում մասնավորապես նշված է. «Սրտի անհուն վշտով համակված լսեցինք Թեհրանի «Պլասկո» շենքի մեծ աղետի մասին։

Այսու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի, մեր, Ազգային կառույցի եւ հայ համայնքի անունից ցավակցում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո առաջնորդ՝ այաթ. Սեյեդ Ալի Խամենեիին, Հանրապետության նախագահ՝ դոկտ. Հասան Ռոհանիին եւ երկրի ջանադիր պետական այրերին ու զոհվածների ընտանիքներին։

Բարձրյալ Աստծուց հայցում ենք համբերություն եւ զոհվածների համար Աստծու ողորմություն»։

---

Ռեսալաթ

Ռուսաստանը ահազանգում  է Կարակասում գունավոր հեղափոխության իրականացման մասին

Ռուսաստանի իշխանություններն ահազանգել են Վենեսուելայում գունավոր հեղափոխություն իրականացվելու կապակցությամբ: Վենեսուելայում անցած տարվանից ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ցույցեր են անցկացնում: Նրանց հաջողվել է խորհրդարանի վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը: Փաստորեն նրանք փորձում են տապալել Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը: ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Վենեսուելայում ճգնաժամային իրավիճակ է տիրում: Այդ երկրում Ծայրահեղական ընդդիմադիր խումբն իր ձեռքն է վերցրել խորհրդարանի վերահսկողությունը և ռազմաշունչ հայտարարություններ է անում : Այդ խումբը ժողովրդին անհնազանդության կոչ է արել: Ցույցեր են կազմակերպվում երկրում,որոնք կարող են հանգեցնել բռնությունների»: «Ցավոք  գունավոր հեղափոխությունների իրականացման համար նման սցենարները նորություն չեն»,ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳ նախարարությունը վերջում խոսքն ուղղելով Վենեսուելայի կառավարությանը նշել է .«Նման պայմաններում պետք է բարձրաձայնել կառավարության և ընդդիմադիրների միջև բանակցությունների անցկացումը ու կրկնել դրանք»:

---

Galatv.am

Թրամփն անկանխատեսելի է՝ այդ թվում Պուտինի համար

«Թրամփի եւ Պուտինի նմանությունը չի նշանակում, որ  նրանք կարող են ընդհանուր լեզու գտնել»,- գրում է քաղաքական մեկնաբան Բենիամին Տրիբեն շվեյցարական Neue Zuercher Zeitung  թերթում:

 «Անկախ իր տասնյակ միլիարդների հասնող կարողությունից, Թրամփը հետնապահ է համարվում, իսկ Ռուսաստանում սիրում են այդպիսիններին»,- կարծիք է հայտնել լրագրող Անդրեյ Պերցովը:

 «Թրամփը, հաշվի առնելով նրա ներկայիս վարքագիծը, առաջին հերթին հետաքրքրված է խոշոր գործարքներով: Իսկ Պուտինը կիրառում է այն գործիքակազմը, որից հրաժարվել են ԱՄՆ-ը եւ Եվրոպան. այն է՝ օգտագործել սեփական անկանխատեսելիությունն առավելության հասնելու համար: Այժմ հենց Թրամփն է դառնում անկանխատեսելի խոշոր խաղացող: Հիշենք նրա անսպասելի կոչը՝ ընդլայնել ամերիկյան միջուկային զինանոցը»,-նշում է Տրիբեն:

 «Անկախ նրանից, որ Թրամփը մի քանի անգամ դրվատանքով է արտահայտվել Պուտինի եւ Ռուսաստանի հասցեին, հարկ չկա նրա խոսքերին հատուկ նշանակություն տալ, քանի որ նա հաճախակի է հակասում ինքն իրեն»:

 «Թրամփը մեծ հաշվով հանդիսանում է գործարար, այլ ոչ թե քաղաքական գործիչ: Յուրաքանչյուր գործարքի դեպքում նրան առավել շատ կհետաքրքրեն սեփական օգուտն ու շահերը, եւ եթե քաղաքական ասպարեզում Ռուսաստանը կարող է  դառնալ վստահելի գործընկեր Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային կայունության ապահովման գործում, ապա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական կապերը բավականին թույլ են: Հետեւաբար, Թրամփը եւ նրա երկիրը դժվար թե շահեկան վիճակում հայտնվեն հակառուսաստանյան պատժամիջոցները չեղարկելու դեպքում: Գործարքներով տարված Թրամփին կհետաքրքրեն այնպիսի երկրները, որտեղ իրեն չեն կողոպտի, օրինակ, Չինաստանը»,-եզրափակում է հոդվածագիրը:

---

News.am

Թրամփի քաղաքականությունը կարձակի Պուտինի ձեռքերը. Կիրակոսյան

Հավատարիմ մնալով նախընտրական խոստումներին՝ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կմեղմի, եթե չչեղարկի հակառուսական պատժամիջոցները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային  հետազոտությունների տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կարծիքով այդ քաղաքականությունը կարձակի Պուտինի ձեռքերը,  եւ ն ա կկոնսոլիդացնի եւ անգամ կընդլայնի իր իշխանությունը շատ հարեւանների վրա: «Դրա արդյունքում, ինչպես արդեն ասել է Թրամփը, դա ոչ միայն կնշանակի Ղրիմի անեքսիայի պասիվ օժանդակություն, այլ  նաեւ կսասանի Ուկրաինային սատարելու Արեւմուտքի վճռականությունը: Ուկրաինայում ԱՄՆ պարտավորությունների ծավալի կրճատումը հավանաբար նույնպես կազդի տնտեսական օգնության վրա: Այդպիսով՝ արդեն տուժած Ուկրաինային նոր հարված կհասցվի, քանի որ ԱՄՆ ֆինանսական աջակցությունը զգալի կպակասի»,- ասաց Կիրակոսյանը:

Վերլուծաբանի խոսքով այդ ամենը վերջին հաշվով կսասանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում անվտանգությունը, ինչն էլ սպառնալիք կդառնա Բալթյան երկրների համար:

Այդուհանդերձ, չնայած հոռետեսական կանխատեսումներին, Կիրակոսյանը մատնանշեց ամերիկյան կառավարման մոդելի ճկունությունը, որը հիմնված է անզգույշ պետական գործչի դիմաց ինստիտուցիոնալ կայունության հուսալիության վրա: «Այդ համակարգում զսպման եւ հակակշիռների միջոցները կարող են իրոք սահմանափակել ցանկացած կայսերական նախագահության դրսեւորում»,- կարծում է վերլուծաբանը: