Մամուլի տեսություն 24-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52307-Մամուլի_տեսություն_24_01_2017
Շահինշահրի հայ համայնքը ծաղիկներ է մատուցել զոհված քաջարի հրշեջների հիշատակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 15:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-01-2017

Շահինշահրի հայ համայնքը ծաղիկներ է մատուցել զոհված քաջարի հրշեջների հիշատակին:

Ալիք

Շահինշահրի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել զոհված հրշեջների հիշատակին

Հունվարի 22-ին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միության Շահինշահրի մասնաճյուղի վարչության նախաձեռնությամբ, կազմակերպվել է այցելություն Շահինշահրի հրշեջ ծառայության կայանատեղի, որի ընթացքում այցի մասնակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել «Պլասկո» շենքի աղետի հետևանքով զոհված հրշեջների հիշատակին: Այցի մասնակիցները մոմերով երթով շարժվել են դեպի հրշեջ ծառայության կայանատեղի, որտեղ ծաղիկներ են մատուցել զոհված քաջարի հրշեջների հիշատակին  և դեպքի կապակցությամբ ցավակցել են Շահինշահրի հրշեջ ծառայության ղեկավարությանը՝ զոհվածների համար ցանկանալով հոգու խաղաղություն եւ երկնային արքայություն:

 

Ալիք

Պոլսահայ արվեստագետ Միհրան  Թովմասյանն այսօր «Թաաթրե Շահր»-ում

Այսօր «Ֆաջր» թատերական փառատոնի շրջանակներում, իրանցի հանդիսատեսին է ներկայացել Թուրքիայից ժամանած «Չիփլար այաքլար» (Ոտաբիբիկներ)  թատերախումբը: Պոլսահայ արվեստագետ Միհրան Թովմասյանի գլխավորությամբ «Չիփլար այաքլար»-ը մասնակցել է ավելի քան 30 միջազգային փառատոնների: 

---

Ռեսալաթ 

Սպիտակ Տանը Թրամփի ներկայության հետցնցումները

ԱՄՆ-ի հարցերով վերլուծաբանները, այդ երկրի վերականգնման շրջանակում Կոնգրեսի մի խումբ ներկայացուցիչների կողմից   ԱՄՆ-ն ՄԱԿ-ից  դուրս բերելու վերաբերյալ օրինագիծ ներկայացնելու նախաձեռնությունը համարում են Սպիտակ Տանը Թրամփի ներկայության հետցնցումներից մեկը: Վաշինգտոնն այն դեպքում է խոսում իր հզորության վերականգնման մասին, երբ փաստորեն ոչ մի հզորություն էլ չկա ԱՄՆ-ի իշխանությունների մոտ և հետագայում էլ  չի լինելու:Կոնգրեսական Մայք Ռոջերսը հունվարի  3-ին օրինագիծ էր ներկայացրել Կոնգրես, կոչ անելով ԱՄՆ-ին «դադարեցնել» իր անդամակցությունը ՄԱԿ-ին և խզել բոլոր կապերը կազմակերպության հետ: «Ամերիկյան Ինքնիշխանություն վերականգնման ակտ 2017 թ.»վերնագրով օրինագծին աջակցել են 6 հանրապետական օրենսդիրներ: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնութագրել է ՄԱԿ-ը որպես «պարզապես ակումբ մարդկանց համար, որոնք պարզապես հավաքվում են, զրուցում և լավ ժամանակ անցկացնում», և խոստացել է, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի հարաբերությունները «այլ կերպ կլինեն» իր նախագահության օրոք:

 

 

Համշահրի

Թրամփն առաջին կանաչ լույսը ցույց տվեց Նեթանյահուին

Սպիտակ Տանը Թրամփի ներկայությամբ հետցնցումները հասել են Միջին Արևելք: ԱՄՆ-ն քննարկում է Թելավիվից այդ երկրի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցը: Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես նախատեսվում էր Պաղեստինի հարցը եղել է նրանց հեռախոսազրույցի գլխավոր թեման:

Թրամփը Նեթանյահուին խոստացել է քայլեր ձեռնարկել  ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու համար,ինչին դեմ էր Բարաք Օբաման: Նա վեց ամիս մեկ ինչ-որ պատրվակով դեմ էր հանդես գալիս այդ հարցին և Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցման քաղաքականությանը: Իսկ Թրամփն այլ քաղաքականություն է վարում: Սպիտակ Տան խոսնակը երեկ հայտարարել է.«ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցի քննարկումը նախնական փուլում է գտնվում»:Նա նաև տեղեկացրել է,որ Թրամփը Նեթանյահուին հրավիրել է այցելել Վաշինգտոն : Այցը տեղի կունենա առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում: Այցի շրջանակում մեծ հավանականությամբ կվերջնականացվի ամերիկյան դեսպանության տեղափոխման հարցը: Պաղեստինցիները ձգտում են Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետություն ունենալ: Նրանք պահանջում են Իսրայելը դուրս քաշվի բռնագրավված տարածքներից: Փաստորեն սիոնիստաբնակ ավանների ընդլայնմանը զուգընթաց դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի քայլը մարտահրավեր կնետի անկախ պետության ստեղծմանն ուղղված պաղեստինցիների ջանքերին:

---

 Armradio.am

Ինչ սպասել ԱՄՆ ամենաանկանխատեսելի նախագահից

Միացյալ Նահանգներն ու, թերեւս ողջ աշխարհը, հունվարի 20-ին մտան  Դոնալդ Թրամփի նախագահության փուլ: Ի՞նչ սպասել դրանից՝ որոշ ուղղություններ տվեց հենց ինքը՝ Թրամփը իր 17 րոպեանոց պաշտոնամուտի ելույթում: Որոշ գնահատականներով՝ այն հակասական տպավորություն է թողել: Թեեւ քաղաքագետները պնդում են, որ շատ դժվար է կանխատեսել Թրամփի հետագա գործողությունները, բայց ԱՄՆ 45- րդ նախագահի խոսքում կային հստակ ծրագրերի ցուցիչներ:

Ավանդույթի համաձայն՝ շնորհակալությունների շարք, բայց հետո գործի անցնելու հորդոր: «Երկիրը վերականգնման կարիք ունի»,- երդմնակալությունից հետո իր առաջին ելույթում հայտարարեց ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

17 րոպեանոց ելույթին երեկ հետևել են ամբողջ աշխարհում՝ փորձելով հասկանալ՝  ինչ կարող է փոխվել այսուհետ կոնկրետ երկրների համար եւ մասնավորապես՝ աշխարհում: Կոնկրետ Թրամփի դեպքում կանխատեսումները եւ վերլուծությունները անիմաստ է համարում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ռադիոլուրին» տված հարցազրույցում այսպես է հիմնավորում ասածը. «Իր անկանխատեսելիության մակարդակն այնքան բարձր է, որ ես համոզված եմ՝ անգամ իր կինն էլ չի կարող կանխատեսել, թե ինչ քայլեր ինքը կանի»:

Նախագահի պաշտոնում անցկացրած մեկ օրում Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է անել զգալի աշխատանք: Երդմնակալության արարողությունից հետո զբաղեցնելով Օվալաձեւ կաբինետը Թրամփը ստորագրել է մի շարք  հրամանագրեր։ Դրանք եւ իր կաբինետի անդամների նշանակման հրամաններն էին, եւ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած մի շարք ծրագրերի չեղարկումները, այդ թվում նաեւ Obamacare անունն ստացած առողջապահական ապահովագրության ծրագրի։ Նաեւ նշանակել է մի շարք երկրներում դեսպաններ, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ- ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին։ Թրամփը պահանջել էր, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված դեսպանները հունվարի 20-ի կեսօրի դրությամբ վայր դնեն իրենց լիազորությունները:

Իբրեւ առաջին քայլ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի ծրագրերում է նաեւ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունն ու միգրացիայի սահմանափակումը։ Հարավային Կովկասը Դոնալդ Թրամփի ծրագրերում առանձնակի տեղ չի զբաղեցնում: Նա այն թեկնածուներից էր, որ որեւէ խոստում հայ համայնքին այդպես էլ չտվեց, բայց ամեն դեպքում՝ հայերով փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող է փոխվել այս պետության քաղաքականության մեջ:

Հստակություն այս հարցում դեռեւս չկա, բայց մեր ուշադրությունն ուղղված է նաեւ դեպի Թրամփի նոր թիմ: Տեսնում ենք, որ այնտեղ առանցքային պաշտոններից մեկը զբաղեցնելու է հայազգի Քեն Նահիգյանը: Հայազգի գործիչը նախընտրական շրջանում զբաղեցրել է ռազմավարական պլանավորման եւ աջակցության թիմի ղեկավարի պաշտոնը: Մեզ հետաքրքրող ուղղությունից կարող ենք առանձնացնել այսքանը: Ինչ վերաբերում է Թրամփի ելույթում առկա «մեսիջներին», ապա Ամերիկայի 45-րդ նախագահը խոստացել է «Ամերիկան կրկին հզորացնել», եւ հոգալ բոլոր նրանց մասին, որոնց Օբամայի վարչակազմը, իր բնորոշմամբ, անտեսել է։

Ի դեպ՝ Թրամփի պաշտոնամուտի արարողությունները Վաշինգտոնում ուղեկցվել են նաեւ բողոքի ակտիվ գործողություններով եւ ոստիկանության հետ բախումներով։ Թրամփի ամենաբարդ խնդիրն այսօր ամերիկյան հասարակության համախմբումն է։ Նա այն ամերիկացի նախագահն է, որն ամենացածր վարկանիշով է ստանձնում պաշտոնը։ Սոցիոլոգիական հարցման վերջին տվյալներով՝ նրան համակրում է ամերիկացիների միայն 40 տոկոսը։

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ նոր նախագահի քաղաքականության հիմքում դրվում է մեկուսացման եւ հովանավորչության քաղաքականությունը։ Ուրեմն ի՞նչ՝ Ամերիկան հեռանում եւ պարփակվում է ինքն իր մեջ։ Կհաջողվի՞ դա Թրամփին։ Կապրենք, կտեսնենք։

---

Armedia.am

Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին. Ֆրանսուա Ֆիյոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը գտնում է, որ Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Այդ մասին նա հայտարարել է Le Monde-ում` անպատասխանատու որակելով այն քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ցանկանում են, որ Ուկրաինան և Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Արդյո՞ք Արևմուտքը միշտ է հուսալի եղել: Երբե՞ք չի մոլորեցրել ՌԴ-ին Լիբիայի, Կոսովոյի հարցում, ԵՄ հետ տնտեսական գործընկերության հարցում: Միայն Ռուսաստանը չէ, որ պատասխանատվություն է կրում: Ես ձեզ կհիշեցնեմ այն անձանց անպատասխանատու հայտարարությունները, որոնք ցանկանում էին, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն անդամակցեն ՆԱՏՕ-ին»,-ասել է Ֆիյոնը:

«Ուղղակի պետք է խոստովանել, որ Ուկրաինան և Վրաստանը չեն կարող անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,-հավելել է նա:

Նշենք, որ Ուկրաինան և Վրաստանը անդամացությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին համարում են իրենց արտաքին քաղաքականության հիմնական առաջնհերթություններից: Ուկրաինան և Վրաստանը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագրեր:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն 2 փուլով` 2017-ի ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: