Մամուլի տեսություն 01-02-2017
Այսօր առավոտյան Իրանում լույս տեսնող թերթերի ուշադրության կենտրոնում են եղել Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի այցը Հոգելույս Իմամ Խոմեյնիի դամբարան: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները Թեհրանում և նրա այցը Իմամ Խոմեյնիի դամբարան, Ֆրանսիայի ԱԳ նախարարի Իրան կատարած ուղևորությունը և Թրամփի վերջին քայլերի հետևանքները:
Ջամ-ե Ջամ
Այգաբացի տասնօրյակի և Իսլ. հեղափոխության տոնակատարությունների առիթով այսօր՝ առավոտյան Իսլ. հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին այցելել է Իսլ. hեղափոխության հիմնադիր՝ Իմամ Խոմեյնիի դամբարան և հարգանքի տուրք է մատուցել լուսահոգի Իմամի հիշատակին: Իսլ. հեղափոխության առաջնորդն այցելել է նաև զոհված հրշեջների շիրիմներին:
Ջոմհուրի էսլամի
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ այցելել է Իսլ. Հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարան ։ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Իմամ Խոմեյնիի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով Իսլ. հեղափոխության հիմնադիր առաջնորդի հիշատակին:
Շարղ
Իրանի Հանրապետության նախագահի ներկայությամբ, տիեզերական տեխնոլոգիայի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ տեղի է ունեցել «Նահիդ-1» հեռահաղորդակցական արբանյակի շնորհանդեսը։
Ալիք
Nike-ը կպաշտպանի իր աշխատակիցներին Թրամփի հրամանագրից
Հղում անելով «panorama.am»-ին, Ալիք օրաթերթը գրել է,-Nike-ի ղեկավար Մարկ Պարկերն իր աշխատակիցներին նամակներ է գրել, որտեղ իր աջակցությունն է հայտնել մուսուլման ընտանիքների անդամներին, որոնց չեն թողնի ԱՄՆ մուտք գործել Դոնալդ Թրամփի հրամանագրի պատճառով:
«Nike-ը հավատում է այն աշխարհին, որտեղ յուրաքանչյուրը նշում է բազմազանության ուժը: Անկախ այն բանից, թե որ կրոնի հետևորդ եք, ծնունդով որտեղից եք, ում եք սիրում, յուրաքանչյուրի անհատական փորձն է, որ մեզ նպատակների իրականացման գործում ավելի ուժեղ է դարձնում»,-ասված է նամակում:
Պարկերը նշել է, որ այդ արժեքները Թրամփի ստորագրած փաստաթղթի պատճառով վտանգի տակ են հայտնվել:
«Դա քաղաքականություն է, որը մենք չենք սատարում»,-ասել է նա, վստահեցնելով, որ անելու է ամեն ինչ իր ուժերի սահմանում, որպեսզի ապահովի Nike-ի ընտանիքի յուրաքանչյուր անդամի անվտանգությունը:
Ռեսալաթ
Ամերիկացի դիվանագետները բողոքել են Թրամփի դեմ
Ողջ աշխարհից մի խումբ ամերիկացի դիվանագետներ նամակ են գրել՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ: Նամակին աջակցություն են հայտնել հարյուրավոր այլ դիվանագետներ: Նրանք նշում են, որ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը երկիրը չի պաշտպանի ահաբեկչական հարձակումներից, ընդհակառակը, արտասահմանցիներին ԱՄՆ քաղաքացիների դեմ կտրամադրի:
Դիվանագետները կարծում են, որ Թրամփի հաստատած ժամանակավոր արգելքը 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների դեմ ընդամենը փոքրաթիվ հավանական հանցագործների մուտքն ԱՄՆ թույլ չտալու փորձ է, մինչդեռ ավելի քան 200 միլիոն օրինապահ քաղաքացի զրկվում է մուտքի իրավունքից:
Galatv.am
Ինչո՞ւ Թրամփն ու Պուտինը չեն քննարկել իրական խնդիրը
«Այն պահից, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը, նրա եւ Վլադիմիր Պուտինի առաջին զրույցի ժամանակ չի քննարկվել Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում բոլորին այդքան հուզող հարցը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- գրում է The Christian Science Monitor-ի թղթակից Բեն Ռոզենը:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, դրանց մասին դեռ վաղ է խոսելը»,- ասել է Թրամփը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն ու Թրամփը զրուցել են միջազգային հարցերի մասին՝ ներառյալ ահաբեկիչների դեմ պայքարը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագիրը, Կորեական թերակղզում տիրող իրավիճակը եւ ուկրաինական ճգնաժամը:
«Չնայած պատժամիջոցներին վերաբերող հարցերը չեն քննարկվել, Ռուսաստանը եւ նրա տնտեսական ոլորտը լավատեսությամբ են արձագանքել»,- նշում է հոդվածի հեղինակը: Ռուսաստանյան ուղղակի ներդրումների պետական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւն ասել է, որ հեռախոսազրույցը դրական ազդանշան էր բիզնեսի եւ ներդրողների համար եւ վկայում է մեր երկրների միջեւ համագործակցության վերականգնման մասին, այդ թվում նաեւ ներդրման ոլորտում: Հեռախոսազանգից հետո հիմնադրամից հայտնել են 10 նոր ծրագրերի ստեղծման մասին, որոնք կարող են ներգրավել ամերիկացի ներդրողներին:
«Բրիտանիայի վարչապետը հայտնել էր, որ պատժամիջոցները շարունակվելու են այնքան, քանի դեռ Պուտինը չի կատարի մինսկյան համաձայնագրի պահանջները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես կոչ է արել Թրամփին ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Հանրապետականների առաջնորդները նախագահին գրեթե նույնն են ասել: Սենատոր Ջոն Մաքքեյնը՝ Պուտինի վաղեմի քննադատը, սպառնացել է Ռուսաստանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներն օրենքով, եթե Թրամփը չեղարկի դրանք: Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքոնելը նույնպես ասել է, որ կաջակցի պատժամիջոցները պահպանել պահանջող երկկուսակցական օրինագիծը»:
Աղբյուր՝ The Christian Science Monitor
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան