Մամուլի տեսություն 02-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53101-Մամուլի_տեսություն_02_02_2017
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին ունեցել է նաև համայնքային հանդիպումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 12:54 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 02-02-2017

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին ունեցել է նաև համայնքային հանդիպումներ:

 

Այսօր իրանական թերթերի ուշադրության կենտրոնում են եղել  «Պլասկո» առևտրի  կենտրոնի վերաբերյալ երկրի պատասխանատուների զեկույցը։ ՀՀ պաշտպանության նախարարի համայնքային հանդիպումները, Հունվարի  31-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի հետ Ղոմի «Լուսավոր ապագա» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը,որոնք Սրբազան Հորը հրավիրեցին մասնակցել «Աբրահամյան կրոններում Փրկչի գալստյան հետևանքներ» խորագրով համագումարին:Իսկ Թրամփի հակաիրանական քայլերը, Իրանի հրթիռային հարցը , Թիլերսոնի ԱՄՆ-ի Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելը և Թեհրանում ձյան առատ տեղումները եղել են այսօր լույս տեսած թերթերի մյուս թեմաները։

--- 

Ալիք

ՀՀ պաշտպանության նախարարի համայնքային հանդիպումները

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին ունեցել է նաև համայնքային հանդիպումներ:

Առավոտյան ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրություն և  հաստատություն:  Թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու առաջիկա անելիքների վերաբերյալ։ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, Տ. Սեպուհ արք. Սարգսյանի հետ։ Վիգեն Սարգսյանն այցելել է նաև Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի և  ծաղեպսակ է դրել եկեղեցու տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին՝հարգելով նրանց հիշատակը:Երեկոյան «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում ՀՀ պաշտպանության նախարարն ու նրան ընկերակցող պատվիրակության անդամները հանդիպել են թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

---

 Ջամե Ջամ

Այսօր մայրաքաղաք Թեհրանում առատ ձյան տեղումներ են։ Թեհրանի  ողջ տարածքում այսօր հորդառատ անձրևներին  հաջորդել են ձյան առատ տեղումները, ինչը դժվարանցանելի է դարձրել ճանապարհները; Քաղաքի որոշ հատվածներում մայրուղիները երթևեկելի են, սակայն որոշ հատվածներում` դժվարանցանելի:Ավտոմեքենաների երթևեկությունը դժվարացնում է նաև մառախուղը։Հետաձգվել են չվերթները։

---

 Համշահրի

Ամերիկացի միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը երդվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան աշխատասենյակում ու պաշտոնապես ստանձնել երկրի պետքարտուղարի պարտականությունները: Թիլերսոնի թեկնածությունը Սենատը հաստատել է փետրվարի 1-ին՝ ձայների 56 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ:Մինչև այս Թիլերսոնը զբաղեցրել է «Exxon Mobil» ընկերության գլխավոր գործադիր նախագահի պաշտոնը:

 ---

Շարղ

ԱՄՆ-ի հրթիռային շանտաժն ընդդեմ Իրանի

ԱՄՆ նոր կառավարությունը պաշտոնապես սկսել է հրթիռային կարողության հարցով շանտաժ անել Իրանին,ինչը տեղի ունեցավ նաև ԱՄՆ նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի օրոք։ ԱՄՆ-ն փորձում է այդ շանտաժով մի կողմից Պարսից ծոցում իր և իր  դաշնակիցների ռազմական վարժանքները լուսանցք մղել ,մյուս կողմից մտադիր է սահմանափակել Իրանի հրթիռային կարողությունը: Դա այն դեպքում երբ Իրանի իսլամական հանրապետության հրթիռային կարողությունը համարվում է այս երկրի կարմիր գիծը:

Նշենք,որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ հունվարի 29-ին  Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկման փաստը անընդունելի է:

« Մենք չենք պատրաստվում հանդուրժել սա: Դուք կտեսնեք մեր արձագանքը և կտեսնեք, որ մենք կարձագանքենք համապատասխանաբար: Մենք պատասխանատու ենք և ուզում ենք համոզվել, որ նրանք գիտեն, որ այս ամենը անընդունելի է:»,- հայտարարել է դեսպանը:

ԱՄՆ-ն   պահանջել էր անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտագության Խորհրդի խորհրդակցություն՝ քննարկելու իրանյան բալիստիկ հրթիռի արձակումը:

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոնի հետ հանդիպման ժամանակ  նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը ԱՄՆ-ի և այլ հինգ խոշոր տերությունների հետ համաձայնագրի մաս չի կազմում:

Իրանը հայտարարել է, որ իր ծրագիրը չի սպառնում որևէ այլ երկրի: Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այս փորձարկումը չի օգտագործվի ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից՝ Իրանի հետ հարաբերությունները լարելու համար:

--- 

Armedia.am

Ինչո՞վ  են  վտանգավոր  Թրամփի անվտանգության գոտիները Սիրիայում

Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու շուրջ քննարկումները կրկին ակտիվացան այն բանից հետո, երբ հարցազրույցներից մեկում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց նման գոտիներ ստեղծելու իր մտադրությունը: Չնայած դեռևս նման հրամանագիր ստորագրված չէ, և հայտնի չեն այդ ծրագրի մանրամասները՝ այս գաղափարին իր աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի թագավորը, ինչպես նաև Անկարան: Վերջինս արդեն մի քանի տարի խոսում է նման գոտիների ստեղծման «անհրաժեշտության» մասին, սակայն միջազգային հանրության մոտ Անկարայի այդ պահանջը որևէ դրական արձագանք չի ստացել: Մասնավորապես Պենտագոնում այդ առաջարկի մերժումը բացատրում էին դրա ծախսատարությամբ. գերատեսչության հաշվարկով այդ նպատակով անհրաժեշտ է Սիրիայում տեղակայել 30 հազար ամերիկացի զինծառայող:

Սակայն, հարկ է նշել, որ բացի ծախսատարությունից, այն կարող է նաև զինված լուրջ բախումների հանգեցնել, եթե դա արվի միակողմանիորեն: Մասնավորապես, եթե որոշվի անվտանգության գոտիներ ստեղծել սիրիական բանակի գործողություններին մոտ գտնվող շրջաններում, և դրանք հռչակել թռիչքազերծ, անխուսափելի կդառնան միջազգային կոալիցիայի բախումները ռուսական օդուժի հետ՝ էլ ավելի սրելով իրավիճակը տարածաշրջանում:

Այստեղ հարկ է նշել, որ Թրամփը Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու իր մտադրությունը դեռևս չի քննարկել ռուս գործընկերների հետ: Հաշվի առնելով վերոնշյալը տպավորություն է ստեղծվում, որ Թրամփի այս հայտարարությունը Մոսկվային ուղղված ազդանշան է՝ համագործակցել սիրիական կարգավորման շուրջ: Նշենք, որ վերջին ամիսներին Սիրիայում ռազմական գործողություններում բավականին համակարգված գործող Թուրքիան և Ռուսաստանն իրենց ձեռքն են վերցրել նաև բանակցային նախաձեռնությունը, ինչի վառ ապացույցն է նախորդ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունները: Վերջին շրջանում ԱՄՆ-ի նման պասիվությունն այս կարևոր հարցում պայմանավորված է այդ թվում նաև ամերիկյան վարչակազմի փոփոխությամբ: Այժմ Թրամփը, ստանձնելով իր լիազորությունները, փորձում է ակտիվացնել իր գործունեությունը սիրիական հակամարտության կարգավորման հարցում:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այսօր առավել քան երբևէ սիրիական հակամարտության արտաքին դերակատարների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև որոշակի համաձայնություն կա քաղաքական կարգավորման մոտեցումների հարցում: Այսպես, Թուրքիան, որը հակամարտության սկզբից պնդում էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա, վերջին շրջանում այս հարցում մեղմել է իր դիրքորոշումը:

«Մենք կարծում ենք, որ սիրիացի ժողովրդի տառապանքներում մեղավոր է Ասադը: Սակայն, մենք պետք է պրագմատիկ և իրատես լինենք: Իրողությունները կտրուկ փոխվել են: Թուրքիան այլևս չի կարող պնդել Ասադի անհապաղ հրաժարականի վրա: Դա իրատեսական չէ», - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մահմեդ Շիմշեկը: Սա ավելի շուտ Անկարայի դիրքորոշումում ժամանակավոր փոփոխություն է՝ պայմանավորված Ռուսաստանի հետ համագործակցությամբ. Անկարային այժմ անհրաժեշտ է իր հիմնական հակառակորդի՝ սիրիացի քրդերի դեմ գործողություններում կանխել ցանկացած արտաքին միջամտություն:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի պետդեպի հայտարարություններից ևս հետևում է, որ Ասադի անհապաղ հեռացումը սիրիական կարգավորման ամերիկյան տեսլականում ևս զիջել է իր դիրքերը կարգավորման նախապայմանների օրակարգում: