Մամուլի տեսություն 14-02-2017
Հայաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա: Հումանիտար օգնությամբ ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Սիրիայում: Սիրիայի եղբայրական ժողովրդին ուղարկվել է շուրջ 40 տոննա ապրանք:
Այսօր իրանական մամուլից, այդ թվում Ալիք հայատառ օրաթերթից քաղել ենք հետևյալ լուրերը:
Վաղը՝ փետրվարի 15-ին, Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մեկօրյա այցով կմեկնի Օման և Քուվեյթ: Այցերը տեղի են ունենում Օմանի թագավոր Սոլթան Ղաբուսի և Քուվեյթի էմիր` Շեյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի հրավերով:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ փետրվարի 23-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում վերսկսվելու են Սիրիայի հարցով բանակցությունները:
ԱՄՆ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ՝ սենատոր Չաք Շումերն ասել է.«Էմիգրանտների մուտքը Միացյալ նահանգներ արգելելու մասին Թրամփի հրամանագիրը պետք է նետել աղբարկղ, իմ կարծիքով դա միակ ճիշտ ելքը կլինի», նշել է նա:
Գերմանիայի փոխարտգործնախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի հետ որոշ երկրների երկկողմ համաձայնության կապակցությամբ: Միշել Ռասը գերմանական «Դի Վելթ» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է.«Եթե որոշակի երկրներ փորձեն ԱՄՆ-ի հետ հատուկ գործարքների մեջ մտնել, դա Եվրոպայում ոչ ոքու օգտին չի կարող լինել»:
Թուրքիայի նախագահը Մանամայում հայտարարել է,որ իր երկիրը կաջակցի Բահրեյնին: Էրդողանին Բահրեյնում դիմավորել է երկրի թագավորը: Կողմերը ստորագրել են մի քանի համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լը Ռուն հանգստության ու պատասխանատվության կոչ է արել 22-ամյա Տեոյի դաժան ձերբակալության առթիվ փարիզյան արվարձաններում ցույց անողներին։ Հիշեցնենք, որ Տեոյին ձերբակալել էին մոտ մեկ շաբաթ առաջ։ Տղային բռնաբարելու համար մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուս երեքին մեղադրել են բռնի գործողությունների մեջ։ Չորս ոստիկաններին էլ հեռացրել են աշխատանքից։
Շարղ
ՀԳՀԾ-ի հովանավորը դարձավ Գերմանիայի նախագահ
Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ընտրվել է երկրի 12-րդ նախագահ: Շթայնմայերն ստացել է 931 ձայն: Չնայած Գերմանիայի նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է կատարում, բայց Շթայնմայերի ընտրվելը մեծ նշանակություն կարող է ունենալ:
Շթայնմայերը ընտրվելուց հետո ասել է.«Մենք խառնաշփոթ ժամանակաշրջանում ենք ապրում: Շատերն անապահովություն են զգում: Այս խառնաշփոթ իրավիճակում ի՞նչը կարող միավորել հասարակությանը: Երբ աշխարհը գնալով ավելի անապահով է դառնում, սա ինչ իմաստ կարող է ունենալ մեր երկրի համար», նշել է նա:
Գերմանիայի նախագահն ավելի վաղ Սիրիայի հակամարտության մասին ասել էր.«Իրանի հետ միջուկային համաձայնությունն ապացուցում է,որ անլուծելի թվացող հակամարտությունները կարող են կարգավորվել քաղաքական ճանապարհով և հետևողական ջանքերով»: Գերմանիայում աշխատող անկախ լրագրող՝ Թոֆիղնիան Իրանի նկատմամբ Շթայնմայերի դիրքորոշման մասին ասել է.«Շթայնմայերը շատ լավ դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ և բազմիցս կարևորել է Իրանի դիրքը տարածաշրջանում»:
Ալիք
«Սաման» բանկը հովանավորելու է Լորիս Ճգնավորյանի նոր ստեղծագործությունը
«Սաման» բանկը հովանավորելու է մայեստրո Լորիս Ճգնավորյանի սիֆոնիկ նոր ստեղծագործությունը, որը կոչվում է «Իրան» (Մեծն Կյուրոս):
Այս կապակցությամբ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է «Սաման» բանկի «Նվեր» պլաստիկ քարթերի գրաֆիկ ձևավորման փառատոնի փակման արարողության շրջանակում: Այն ստորագրել են մայեստրո Լորիս Ճգնավորյանն ու «Սաման» բանկի տնօրենների խորհրդի անդամ Ֆարիդե Գերամի Նեժադը:
Համագործակցության պայմանագրի ստորագրման արարողության ավարտին, մայեստրո Լորիս Ճգնավորյանն ասել է. «Իրան» սիմֆոնիան, պատմության ասպարեզում իմ տարիների ուսումնասիրության արդյունքն է: Դրա գաղափարը ծնվեց Մեծն Կյուրոսի կյանքի և գործունեության ուսումնասիրության արդյունքում: Այս ստեղծագործությունը Հայրենիքի առջև պարտքս կատարելու փորձ է»:
«Հուսով եմ, որ այս ստեղծագործության շնորհիվ աշխարհը Մեծն Կյուրոսին կճանաչի որպես մեծ իրանցի»,- ասել է Լորիս Ճգնավորյանը:
Tert.am
ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են զբաղվել Թրամփի արդեն նախկին խորհրդական Ֆլինի գործով
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջոն Կոնյեսը և Էլիա Քամինգսը նամակ են ուղղել ԱՄՆ արդարադատության նախարարությանը և Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ պահանջելով կոնգրեսականների համար փակ ճեպազրույց կազմակերպել նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականի հետ կապված գործով, հայտնում է The Hill-ը:
«Մենք Կոնգրեսում պետք է իմանանք, թե ով է արտոնել, ով է թույլ տվել Ֆլինի գործողությունները, ով է շարունակել նրան ազգային անվտանգությանը վերաբերող ամենազգայուն տեղեկատվության հասանելիություն տրամադրել՝ գիտակցելով, որ դա ռիսկային է»,- ասված է կոնգրեսականների ուղերձում:
Նրանք ընդգծել են, որ «պետք է իմանան, թե էլ ով Սպիտակ տանը կարող է վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը»:
Ուղերձում նշվում է, որ իրավիճակի զարգացումը «պահանջում է համապատասխան գերատեսչությունների՝ այդ թվում Արդարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից գաղտնի ճեպազրույց անցկացնել»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ֆլինին մեղադրում են ռուս պաշտոնյաների հետ կապի մեջ լինելու համար: