Մամուլի տեսություն 15-02-2017
«Որպես սիրիահայ, թույլ տվեք նշել, որ հպարտանում եմ Իրանում՝ իրանահության ունեցած կարևոր դերակատարությամբ: Նույն զգացողությունն ունեն նաեւ սփյուռքահայերն ու Հայաստանը»,ասել է Սիրիայի խորհրդարանի հայ ազգի պատգամավոր Նորա Արիսյանը:
Ջամե Ջամ
Սիրիայի բանակը հասել է Ալ Բաբի և Թադմորի դարպասների մոտ:Բանակն ազատագրել է երկրի երեք հարավային քաղաքներ: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են: Ոչնչացվել են նրանց ռազմամեքենաները:
Հղում անելով բրիտանական Գարդիան թերթին «Ջամե Ջամ»-ը գրել է. «Թուրքիան վերածվել է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտի»:
Ջոմհուրի Էսլամի
ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ՝ Ղոլամալի Խոշրուն ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարը չպետք է դառնա պատրվակ միակողմանի և սպառնալի քայլերի համար»:
Համշահրի
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար՝ Յուկիա Ամանոն ասել է.«Իրանի հրթիռային փորձարկումը ոչ մի առնչություն չունի միջուկային համաձայնության հետ»:«Մինչ այսօր ԱՄՆ նախագահը Իրանի միջուկային համաձայնության հարցով ինձ հետ կապ չի հաստատել», հավելել է Ամանոն Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ:
Իրան
Մինչ Օման և Քուվեյթ մեկնելը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.«Պարսից ծոցի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման համար լավ պոտենցիալ գոյություն ունի և երկկողմ հարաբերությունների ընդլայնումն այս ուղևորության գլխավոր նպատակն է համարվում»:
Ալիք
Նորա Արիսյան. «Հայերը հպարտությամբ են ապրում Իրանում»
Հայերը հպարտությամբ են ապրում Իրանում: Այս մասին, Իսլ. հեղափոխության հաղթանակի առիթով Դամասկոսում կազմակերպված տոնակատարության ժամանակ, «Թասնիմ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Սիրիայի խորհրդարանի հայ ազգի պատգամավոր Նորա Արիսյանը:
Նա նշել է, որ ողջ հայությունը հպարտանում է Իրանում հայերի ներկայության առիթով:
«Որպես սիրիահայ, թույլ տվեք նշել, որ հպարտանում եմ Իրանում՝ իրանահության ունեցած կարևոր դերակատարությամբ: Նույն զգացողությունն ունեն նաեւ սփյուռքահայերն ու Հայաստանը: Այս կապակցությամբ, Իրանը ցուցաբերում է բացառիկ հանդուրժողականություն, այնպես որ հայկական եկեղեցիները, դպրոցներն ու մամուլն ակտիվորեն աշխատում են ողջ երկրի տարածքում: Մենք՝ բոլորս հպարտ ենք դրանով»,- հատուկ ընդգծել է Նորա Արիսյանը:
Անդրադառնալով Դամասկոսում Իսլ. հեղափոխության հաղթանակի առիթով կազմակերպված միջոցառմանը, Սիրիայի խորհրդարանի հայ ազգի պատգամավորն ասել է. «Իրանի իսլ. հեղափոխության հաղթանակի տոնն ազգային տոն է եւ հպարտության պատճառ: Երբ նման մի տոնակատարություն տեղի է ունենում Դամասկոսի կենտրոնում եւ դրան մասնակցում են այսքան մեծ թվով քաղաքական, մշակութային եւ հասարակական գործիչներ, դա ապացուցում է դրա կարեւորությունը: Ես կարծում եմ, թե այս տոնը չափազանց կարևոր է հայրենասեր այն անձանց համար, ովքեր լավ գիտեն Իրանի պատմությունը»:
Խոսելով դիմադրության մասին, Նորա Արիսյանը նշել է. «Արեւմուտքը կարող է ասել ինչ ուզում է: Դիմադրությունն այնուամենայնիվ շարունակվելու է: Այն ամուր է ու հարատև: Հայրենասիրությունը շարունակվելու է, եւ ես հավատացած եմ, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր կպարզեն դիմադրության ու հայրենասիրության դրոշը»:
Ռեսալաթ
Թրամփը հակազդել է Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկմանը
ԱՄՆ-ի նախագահի կողմից Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկմանը ցուցաբերված հատուկ հակազդեցությունը զարմացրել է արևմտյան լրատվամիջոցներին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն գտնվում է Ֆլորիդայում: Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկման մասին լրագրողի հարցին ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը չպատասխանեց: Նա միայն ասաց «շատ շնորհակալ եմ»: Փաստորեն Թրամփը շրջանցեց լրագրողի հարցը: Սպիտակ Տունը հայտարարել է,որ տեղյակ է այդ հրթիռային փորձարկման մասին ,բայց ներկայումս չի կարող հստակ դիրքորոշում որդեգրել այդ քայլի նկատմամբ: Կարելի է ասել,որ ԱՄՆ կառավարությունը զգուշավոր դիրքորոշմամբ է հանդես եկել այդ հարցի նկատմամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Ճապոնական ծովի ուղղությամբ: Հյուսիսային Կորեային հաջողվել է փորձարկել բալիստիկ հրթիռը միջուկային մարտագլխիկով զինելու հնարավորությունը։ Հյուսիսային Կորեայի փորձարկումներն անհանգստացրել են Ճապոնիային և Հարավային Կորեային:
News.am
Որքանո՞վ է Լը Պենը վտանգավոր Եվրոպայի համար
Ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին ամբողջ Եվրոպան ուշադիր հետեւելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, գրում է գերմանական Bild տաբլոիդը։
«Եվրոպայի համար իսկական մղձավանջ է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին ԼըՊենը, կարծում է լրագրող Դիրք Մյուլեր Թեդերանը,- Եթե նա հաղթի, դա հավասարազոր կլինի քաղաքական երկրաշարժի ու կդառնա ԵՄ վախճանի սկիզբը, հենց նման նպատակ է նա հետապնդում»։
Վերջերս Լը Պենը նորից կրկնեց, որ «ԵՄ-ն պարտություն է կրել ու չի կատարել իր խոստումներից ոչ մեկը»։
Եվ չնայած հիմա հարցումները վկայում են, որ ընտրություններում Լը Պենը հաստատ կպարտվի պահպանողական Ֆրանսուա Ֆիյոնին ու սոցիալ դեմոկրատ Էմանուել Մաքրոնին, բայցեւայնպես դրանց անվերապահ վստահել չի կարելի։ Հիշենք թեկուզ Թրամփի անկանխատեսելի հաղթանակը կամ «Բրեքսիթի» մասին քվեարկության անսպասելի արդյունքները։
Փորձագետներն էլ իրենց հերթին մտավախություն են հայտնում Լը Պենի տնտեսական ծրագրերի կապակցությամբ։ Օրինակ այսպես կոչված «Ֆրենսիթի» դեպքում ըստ փորձագետների «Ֆրանսիան տասնյամյակներով կկորցնի համաշխարհային տերության կարգավիճակը»։ Ավելին, ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալը կվտանգի հենց ԵՄ-ի ապագան։
Ֆրանսիայի բանկի ղեկավար Ֆրանսուա Վիլյրո դե Գայոն էլ ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու դեպքում կանխատեսում է պարտքերի ռեկորդային աճ։ Ըստ վերջերս նրա արած հայտարարության, դրանք կարող են գերազանցել 30 մլրդ եվրոն։
News.am
Stern. Ամերիկյան հատուկ ծառայությունները Թրամփին պատերազմ են հայտարարել
Միացյալ Նահանգների պատմության մեջ դեռ չի եղել, որ որեւէ նախագահ այդքան չվստահեր հատուկ ծառայություններին, ինչպես Թրամփը, որը նաեւ հրապարակավ է դա ցուցադրում։ Գերմանական «Շթեռն» պարբերականի մեկնաբանը վկայակոչում է Դաշնային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Ջոն Շինդլերին, որի խոսքով հետախուզական ծառայությունները մտածված թաքցնում են տեղեկատվությունը Սպիտակ տան նոր թիմից։
«Նույնիսկ երդմնակալությունից երեք շաբաթ անց Սպիտակ տունը գրեթե ամեն օր անտակտություն է ցուցաբերում, ինչը թիմում լուրջ խնդիրների առակայության վկայություն է»,– պնդում է Շինդլերը. «Նախագահը հակասում է մեր աշխատակիցներին, վիրավորում եւ թերագնահատում է մեր աշխատանքը»։
Հատուկ ծառայությունների մտահոգության առարկան Ռուսաստանի նկատմամբ նոր վարչախմբի հատուկ վերաբերմունքն է։ Խոսքը, առաջին հերթին, արդեն նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի մասին է, որ դեռ նախքան երդմնակալությունը Ռուսաստանի պաշտոնյաներից մեկի հետ զրույցում իրեն թույլ էր տվել ակնարկել, որ Վաշինգթոնը կարող է մեղմել կամ վերացնել Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ «Սա հանցագործություն է, նախկին գեներալը լիազորված չէր նման հայտարարություններ անել։ Նա նաեւ պետք է հասկանար, որ այդ հեռախոսազրույցը ձայնագրվում է։ Իսկ դա նշանակում է, որ Ֆլինը կամ չափազանց հիմար է, կամ՝ չափազանց ամբարտավան»,– ասել է Ջոն Շինդլերը։
ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների վրդովմունքն է առաջացնում նաեւ նախագահ Թրամփի վերաբերմունքը, որը Սպիտակ տանը գտնվելու առաջին իսկ օրվանից հրաժարվել է ամենօրյա ճեպազրույցից հատուկ ծառայությունների հետ, ինչը ոչ մի նախագահ չէր արել։ Թրամփը նաեւ հրահանգել է անվտանգության հարցերով իր խորհրդականին ներկայացնել ընդամենը մեկ էջի վրա գրված՝ առավելագույնը 10 կետից բաղկացած զեկույց։ Հատուկ ծառայությունների կողմից սա գնահատվել է որպես իրենց աշխատանքի նկատմամբ անվստահություն։