Մամուլի տեսություն 26-02-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55340-Մամուլի_տեսություն_26_02_2017
Կարեն Խանլարյան.«Իրանահայությունը իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ընթացքում 103 նահատակներ է նվիրել Իրանի սրբազան հողին եւ դարեր շարունակ ամենադժվարին պայմաններում տարբեր ժամանակաշրջաններում կանգնելով իր իսլամ իրանցի եղբայրների կողքին իր զոհաբերությունն է բերել հայրենիքի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 16:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-02-2017

Կարեն Խանլարյան.«Իրանահայությունը իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ընթացքում 103 նահատակներ է նվիրել Իրանի սրբազան հողին եւ դարեր շարունակ ամենադժվարին պայմաններում տարբեր ժամանակաշրջաններում կանգնելով իր իսլամ իրանցի եղբայրների կողքին իր զոհաբերությունն է բերել հայրենիքի համար»:

Ալիք

Անձնուրաց Էդվարդ Նազարյանի հուղարկավորումը

Վախճանվեց քիմիական պայթյունից տուժած վիրավոր հայ զինվոր՝ Էդվարդ Նազարյանը: Փետրվարի 20-ին, Զեյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հոծ բազմության ներկայությամբ, տեղի ունեցավ հանգուցյալ Էդվարդ Նազարյանի թաղման կրոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին հանգուցյալի զինակից ընկերները, նահատակների եւ անձնուրացների ընտանիքները, թաղի ժողովուրդը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչը, Թ.Հ.Թ.-ի պարտադրյալ պատերազմի հայ անձնուրացների արժեքների պահպանման հանձնախումբի կազմը, եւ Իրանի նահատակների հիմնարկի (بنیاد شهید) տեղակալ հոջ. Մոհամմադ Թաղի Մոհամմադին :

 Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը ցավակցություն հայտնելով Էդվարդ Նազարյանի նահատակության կապակցությամբ ասաց. «Իրանահայությունը իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ընթացքում 103 նահատակներ է նվիրել Իրանի սրբազան հողին եւ դարեր շարունակ ամենադժվարին պայմաններում տարբեր ժամանակաշրջաններում կանգնելով իր իսլամ իրանցի եղբայրների կողքին իր զոհաբերությունն է բերել հայրենիքի համար: Իրան-Իրաք պատերազմում ունեցել ենք վիրավորներ եւ գերիներ, որոնք պայքարի մեջ են եղել թշնամու հետ եւ իրենց ամենաթանկագին կյանքն են նվիրել Իրանին»:

 

 

Ջամե Ջամ

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի Իրաք կատարած այցի դրդապատճառները

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝ Ադել Ալ-Ջուբեյրի Իրաք կատարած այցը համարվում է այդ երկրի առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցը Իրաք՝ Սադդամի տապալվելուց 14 տարի անց:

Բայց այս ժամանակահատվածում Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը ինչ դրդապատճառով է այցելել Իրաք: Այս հարցում երկու կետ ուշադրության արժանի է: Առաջին՝ քաղաքական  հարաբերությունների  ոլորտում Իրաքը հզորացել է, մասնավորապես ազատագրել է Մոսուլ քաղաքը և Նայնավա նահանգում  ոչնչացրել է ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչներին: Երկրորդ կետը Իրաքի բանակի կողմից ԻԼԻՊ խմբավորման որոշ անդամների գերեվարվելն է,որոնց շարքում կարող են լինել Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ: Ուրեմն այդ երկրի  ԱԳ նախարարը ձգտում է հարաբերություն հաստատել հզոր Իրաքի հետ  և մյուս կողմից էլ իրազեկվել գերեվարված  ահաբեկիչների ինքնության մասին: Ահա թե ինչու է Ալ-Ջուբեյրը այցելել Իրաք, գրում է «Ջամե Ջամ» թերթը:

 

Շարղ 

Թրամփը որոշել է չմասնակցել լրագրողների ամենամյա ընդունելությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել  է չմասնակցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքին: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր թվիթերյան էջում նախագահի ու նրա վարչակազմի՝ մամուլի հետ հերթական կոնֆլիկտի պատճառով: Ամենամյա ընթրիքը նախատեսված է ապրիլի 29-ին:

«Ես այս տարի ներկա չեմ գտնվի թղթակիցների ասոցացիայի ընթրիքին: Բոլորին ամենայն բարիք և հաճելի երեկո մաղթենք»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք,որ CNN-ի և մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցների լրագրողներին ուրբաթ օրը թույլ չի տրվել մասնակցել մամուլի ներկայացուցիչների հետ Սպիտակ տան ոչ պաշտոնական ճեպազրույցին, որին ներկա լինելու թույլտվություն ստացած լրագրողներն ընտրվել են նախապես: Այդ քայլը լուրջ մտահոգություն է առաջացրել ԶԼՄ-ների շրջանում, գրում է «Շարղ»-ը:Սպիտակ տան իրադարձությունները լուսաբանող լրագրողները որոշումն աննախադեպ են անվանել: Այն էլ ավելի է սրել Թրամփի վարչակազմի և մամուլի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները:Հանդիպմանը մասնակցությունից դուրս են մնացել նաև The New York Times-ը, The Los Angeles Times-ը, Politico-ն, BBC-ն և Guardian-ը:

Երբ վերոնշյալ լրատվական գործակալությունների լրագրողները փորձել են մտնել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի գրասենյակ՝ ճեպազրույցին մասնակցելու համար, նրանց ասել են, որ նրանք թույլտվություն չունեն մասնակցելու հանդիպմանը, քանի որ ցուցակում ընդգրկված չեն:

 

Ռեսալաթ

Թրամփի օրոք ավելանալու է մասնավոր բանտերի թիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է այդ երկրում ավելացնել մասնավոր բանտերի թիվը: Վերջերս ԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղյալ հայտարարեց Բարաք Օբամայի գլխավորած կառավարության կողմից մասնավոր բանտերի օգտագործմանը վերջ դնելու  մասին որոշումը: Դոնալդ Թրամփը փաստորեն Բարաք Օբամայի գլխավորած կառավարության կարևոր միջոցառումները չեղարկելու ուղղությամբ է քայլում:

 

Tert.am

Թուրքիայում վարչապետի ելույթի ժամանակ մասնակիցները լքել են դահլիճը

Թուրքիայի վարչապետը անհարմար վիճակի մեջ է հայտնվել հանրաքվեի օգտին քարոզչության հերթական ելույթի ժամանակ։Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանրաքվեի օգտին քարոզչություն անելու նպատակով հրավիրված հանդիպման ժամանակ երբ սկսել է ելույթ ունենալ, դահլիճում գտնվողները սկսել են հեռանալ։Այս տեսարանը վարչապետին խիստ վրդովեցրել է, սակայն նա շարունակել է ելույթը։

 

News.am

Սպիտակ տունն ուսումնասիրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու հնարավորությունը. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը` վկայակոչելով ամերիկյան ներկա և նախկին պաշտոնյաներին:

Ըստ պարբերականի աղբյուրների` ԱՄՆ-ը կարող է այդ քայլին գնալ այն պատճառով, որ Խորհուրդը, հավանաբար, ազդեցություն է ունեցել Իսրայելի «բնակեցման» քաղաքականությունը դատապարտող ՄԱԿ-ի բանաձեւի ընդունման վրա

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հաջորդ նստաշրջանում հարցը կքննարկվի, սակայն ԱՄՆ-ի կողմից որոշում չի նախատեսվում:

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւում Իսրայելի գործողությունները գնահատվել են որպես միջազգային իրավունքների «կոպիտ խախտում»: Փաստաթղթին աջակցել են ԱԽ 14 անդամներ, ԱՄՆ պատվիրակությունը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ` չկիրառելով վետոյի իրավունքը, ինչը պնդում էին Իսրայելի իշխանությունները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կազմակերպության համակարգում միջազգային իրավապաշտպան մարմին է: Այն փոխարինել է Մարդու իրավունքների հանձնաժողովին: Համարվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային օժանդակ մարմին: Խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2006-ին: