Մամուլի տեսություն 01-03-2017
Իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը:
Շարղ
Ընդլայնվում են ՆԱՏՕ- Հայաստան հարաբերությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է Հայաստանի հետ այդ կազմակերպության նոր համագործակցությունների մասին: Հղում անելով Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը, Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«ՆԱՏՕ-ն նոր նախագիծ է մշակում Հայաստանի հետ անհատական գործընկերության շրջանակում»:
«Իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը»,ասել է նա:
Ռեսալաթ
Ավստրիայի կանցլերը զգուշացրել է Թրամփի կապակցությամբ
Յուրաքանչյուր օրը, որ անցնում է եվրոպացի պաշտոնյաները նոր զգուշացումներով են հանդես գալիս Սպիտակ Տանը Թրամփի ներկայության հետևանքով իրադարձությունների կապակցությամբ: Վերջերս Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը Վիեննայում Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հաշվի առնելով Եվրոպայի թուլացմանն ուղղված ԱՄՆ նոր կառավարության կողմնորոշումը, Եվրամիությունում Ավստրիա-Գերմանիա համագործակցության ընդլայնումն է ցանկացել:
Վիեննայում Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Քրիստիան Քերնն ընդգծել է.«Թրամփի կառավարությունը մտադիր է թուլացնել Եվրոպան»:
Ընդգծելով,որ այժմյան պայմաններում Եվրոպան անվտանգության, պաշտպանական ու արտաքին միասնական քաղաքականության կարիք ունի, Զիգմար Գաբրիելը նշել է.«Ներքին շուկայից բացի պետք է գոյություն ունենա նաև սոցիալական շուկա: Նույնիսկ բազմամարդ բնակչություն ունեցող Գերմանիայի ձայնն էլ միայնակ դուրս չի գալիս: Առաջիկա սերունդները մեզ կանիծեն,եթե այսօր վերադառնանք դեպի ազգայնականություն»:
Ալիք
Ասիայի Չեմպիոնների լիգա. Կարմիր հրաշքը
Արեւմտյան գոտում, ավարտվեց Ասիայի Չեմպիոնների լիգայում խմբային փուլի 2-րդ տուրը:
C խմբում, Սպահանի «Զոբահան»-ը չեզոք դաշտում` Օմմանի «Սոլթան Ղաբուս» մարզադաշտում, հյուրընկալել էր Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ին:
Շտապենք ասել, որ հանդիպման ողջ ընթացքում սպահանցիները ցուցադրեցին անատամ խաղ: «Զոբահան»-ը 1 միավորով հանգրվանել է 3-րդ հորիզոնականում:
D խմբում իսկական տրիլերային սցենարով ընթացավ Աբու Դաբիում կայացած «Ալ Վահդե»-«Փերսփոլիս» հանդիպումը:
Առաջին խաղակեսում մայրաքաղաքի «Կարմիրներ»-ն ունեին խաղային եւ տարածքային բացայայտ առավելություն: Երկրորդ խաղակեսում, սակայն, հանդիպման պատկերը փոխվեց: Տանտերերի երկրորդ գոլից հետո խաղը փրկելու համար «Կարմիրներ»-ն առաջ նետվեցին: 2:3` եւ մրցակցի դաշտում «Փերսփոլիս»-ը տարավ շատ կարեւոր հաղթանակ:
2-րդ տուրից յետոյ, «Փերսփոլիս»-ն ու «Ալ Հիլալ»-ը վաստակած 4 միավորով գլխավորում են D խմբի մրցաշարային աղյուսակը:
Համշահրի
Տեղի է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի և Եգպիտոսի ԱԳ նախարարի հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում հանդիպել է իր եգիպտացի պաշտոնակից՝ Սամեհ Շոքրիի հետ: Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանի վերջին իրադարձությունների , Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի գործընթացի և Եգիպտոսի նախագահ՝ Աբդուլֆաթթահ Սիսիի Վաշինգտոն կատարելիք այցի նախապատրաստման մասին:
Armedia.am
Փետրվարի 27-ին Բրյուսելում պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավարտվել են: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեցին նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում:
Բանակցությունները համաձայնագրի շուրջ ավարտված են
2013թ.-ին Հայաստանը Եվրամիության հետ ավարտին էր հասցրել Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները, և կողմերն ամրագրել էին, որ պատրաստ են դրա ստորագրմանը: Սակայն, Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին հայտարարությունից հետո եվրոպական գործընկերներն անհնար համարեցին Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, և գործընթացն այդ փուլում կանգ առավ: Մոտ երկու տարի տևած հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը կարողացավ վերականգնել վստահության բարձր մակարդակն ու հասնել նոր շրջանակային համաձայանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին:
Բանակցություններին սկիզբ դրվեց 2015թ. դեկտեմբերին, և մեկ տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում այսօր արդեն համաձայնեցված է նոր փաստաթուղթը:
Ինչպես Բրյուսելում նշել է Սերժ Սարգսյանը. «Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ժամանակն ամեն բան իր տեղը դրեց»:
Շրջանակային նոր համաձայնագիրը կոչվելու է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»: Իսկ դա նշանակում է, որ այն անդրադառնալու է ՀՀ-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներին՝ ներառելով դրանց զարգացման տեսլականը՝ քաղաքականից մինչև տնտեսական:
Ակնկալվում է, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:
Հայաստանը կնպաստի ԵԱՏՄ-ԵՄ մերձեցմանը
Հայաստանը երբեք չի կատարել քաղաքակրթական ընտրություն, քանի որ հավատարիմ է թե´ եվրոպական արժեքներին, թե´ իր ավանդական գործընկերների հետ հարաբերություններին: Ուստի, եվրոպական և եվրասիական վեկտորների համատեղումն ու համադրումը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնքարերից մեկը: «Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել»,- նշել է ՀՀ նախագահը՝ շեշտելով, որ ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է արժեքային հիմքի վրա:
Հայաստանը, գիտակցելով երկու ինտեգրացիոն գործընթացները հակադրելու, ինչպես նախագահն է նշել, «հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականության» անարդյունավետ ու վնասակար լինելը, ջանք է գործադրում ոչ միայն համատեղել, համադրել դրանք, այլև նպաստ բերել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի մերձեցմանը:
Այս համատեքստում կարևոր է նաև Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ ասոցացված գործընկերոջ, միջև հարաբերությունների որակը: Եվ դա ընդգծվել է ամենաբարձր մակարդակով: Այցի ընթացքում ամրագրվեց, որ «Հայաստանը պատրաստ է դառնալ այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակմանը և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին»:
News.am
Հոգեբույժ․ Թրամփը մասնագիտական օգնության կարիք ունի
Ամբողջ աշխարհը, շունչը պահած, հետեւում է ԱՄՆ նոր նախագահի ասածներին ու որոշումներին։ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջությունը վերլուծում են նաեւ հոգեբուժության ոլորտի մասնագետները։ Նյարդաբան ու հոգեբույժ Կարլ Յոահիմ Ցանդերը – գերմանական Focus ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտ է Թրամփի համար հոգեբանական օգնության հատուկ ծրագիր մշակել։
ԱՄՆ պատմության մեջ, ասում է պրոֆեսորը, եղել են նախագահներ, որոնք տառապել են այս կամ այն հոգեկան հիվանդությունից , բայցեւայնպես «պիտանի են ճանաչվել նախագահական պաշտոնի համար»։ «Օրինակ Լինքոլնը ծանր դեպրեսիաներով էր տառապում, իսկ Թեոդոր Ռուզվելտը ամենայն հավանականությամբ հոգեկանի երկբեւեռ խանգարում ուներ»։
«Թրամփոլոգիայի» ոլորտի մասնագետները համամիտ են, որ Թրամփը կարող է ունենալ հոգեկան շեղումներ՝ օրինակ հակում նարցիսիզմի հանդեպ։ «Ճիշտ է , նարցիսիզմը կարող է եւ մեղմ ձեւով դրսեւորվել, մարդու վրա դրական ազդեցություն թողնել ու նույնիսկ նպաստել հաջողությանը։ Սակայն նարցիսիզմի դրսեւորման նման առանձնահատկությունները շրջապատի համար միշտ էլ անհարմար են։ Մտավախություններ ունեմ, որ Թրամփի դեպքում մենք գործ ունենք նարցիսիզմի հետ, որը կարող է եւ ավելի վտանգավոր բանի վերածվել՝ Թրամփը հավատում է, որ կարող է կառավարել ԱՄՆ-ն, այնպես ինչպես իր բիզնեսը։ Ու նա դա չի կարողանա։ Ես համարում եմ, որ Թրամփը հիմա արդեն հասել է սահմանային վիճակին։ Ես նրա մոտ չեմ նկատում անձի հակասոցիալական խանգարման նշաններ, բայց կարող եմ արձանագրել համարժեք սոցիալական վարքագծի խանգարումներ»,- նկատում է պրոֆեսոր Ցանդերը։
Թրամփը, ըստ հոգեբույժի, շատ դյուրագրգիռ է։ Նրա նարցիսիզմը արագ վերածվում է բարկության, ագրեսիայի ու բոլորի ու յուրաքանչյուրի հետ դատվելու ցանկության։ Հիմա նա հարձակվում է դատավորների կամ լրատվամիջոցների վրա, իսկ առաջ, լինելով գոծարար, նա մոտ 3500 դատական հայց էր ներկայացրել։ Նարցիսիզմին հակված մարդը, ըստ էության հակում ունի նաեւ հիստերիաների հանդեպ։ Հիմա Թրամփի հոգեկան խնդիրներն արատահայտվում են նրա անհեթեթ արտահայտություններում, հորինած փաստերում ու ստում։ Նա իր շուրջը բոլորին հիմար է համարում։ Դա մեծամտության մոլուցք է, որը դատապարտված է անհաջողության։ Կարծում եմ նա չորս տարի չի դիմանա նախագահի պաշտոնում»,-գնահատում է հոգեբույժը։
Ցանդերի խոսքով, Թրամփին շտապ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։ «Սակայն նա այն տեսակին է պատկանում, որոնք հոգեբույժներին համարում են հիմար ու անօգուտ»,- ասում է մասնագետը։ «Բայցեւայնպես ես համարում եմ, որ Թրամփին օգնել պետք է, հակառակ դեպքում Ամերիկայի վիճակը օրեցօր կվատանա։ Ես արդեն ունեմ առաջին ամերիկացի պացիենտը , որը Թրամփի պատճառով հեռացել է ԱՄՆ-ից»,- ամփոփում է պրոֆեսորը։