Մամուլի տեսություն 14-03-2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Իսլամական եղափոխության մեծարգո առաջնորդի տված համաձայնությունը մի խումբ դատապարտյալների պատիժը ներելու կամ մեղմելու առաջարկին ու դիմումին։ Աստանայում մեկնարկած Սիրիայի հարցով նիստը, Իրանում նախագահական ընտրությունների շուրջ ծավալված քննարկումները և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններ,որոնցից առանձնացրել ենք հետևյալները․
Ջամե Ջամ
Այսօր Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների 3-րդ փուլը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների 3-րդ փուլը, որի ընթացքում կայանում են մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ պատճառաբանելով, որ Սիրիայի բանակը չի հարգում հրադադարի ռեժիմը։
Ռեսալաթ
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատները հուսադրվել են
Վերջին օրերին ընթացքում Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատները իշխանության հասնելու հույսեր են փայփայում:«Ամնիդ» սոցհարցման կենտրոնի վերջին հարցումների համաձայն՝ Գերմանիայի արևելյան նահանգներում Սոցիալ-դեմոկրատները առաջ են անցել Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից:
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ Սոցիալ-դեմոկրատները ավելի մեծ թվով ընտրողներ են ներգրավել: Ուստի ներկայումս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա համախոհներն ու աջակիցները վտանգ են զգում: Իհարկե արևելյան նահանգներում առաջին անգամ 2012 թվականի հունիսից ի վեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ճանաչվել է ամենահզոր կուսակցությունը երկրում: «Բիլդ» պարբերականի հանձնարարությամբ և «Ամնիդ» կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս,որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը անցած շաբաթվա համեմատությամբ մեկ տոկոսով ավելացել է` շահելով ձայների 33 տոկոսը:
Շարղ
Եգիպտոսի գլխավոր դատախազը համաձայնել է ազատ արձակել Հուսնի Մուբարաքին
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հաստատել է երկրի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքին ազատ արձակելու մասին վճիռը: Այս մասին հայտնում է Շարղ օրաթերթը հղում կատարելով ԻՍՆԱ գործակալությանը :
Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանն է այդ մասին տեղեկացրել:
Մարտի սկզբում դատարանը Մուբարաքին անմեղ է ճանաչել 2011 թ. ապստամբության ժամանակ մարդկանց սպանության մեջ:
Նշվել է, որ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Իրան
Մարտի 13-ին մեկնարկեց Ասիայի չեմպոինների լիգայի տուրը
Երեկ՝ մարտի 13-ին մեկնարկեց Ասիայի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը: Առաջին օրը Իրանի«Էսթեղլալ» և «Զոբահան» ակումբային խմբերը 2-0 հաշվով պարտության մատնեցին Ուզբեկստանի«Լոկոմոտիվ» և «Բոնիադքար» ակումբային հավաքականներին:
Ալիք
Իրանի եւ Հայաստանի ազգային հավաքականները կհանդիպեն հունիսի 5-ին
Իրանի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները կհանդիպեն հունիսի 5-ին՝ Երեւանում: Այս մասին տեղեկացնում է «varzesh3.com» կայքը: Ըստ կայքի՝ Իրանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից առաջ եւ հետո ընկերական երկու հանդիպում է անց կացնելու Հայաստանի եւ Իրաքի ազգային հավաքականների հետ:
Ընտրական փուլի 8-րդ եւ 9-րդ տուրի հանդիպումներից առաջ, Իրանի ազգային հավաքականը նախապատրաստական հավաք է անց կացնելու Երեւանում, որի շրջանակում հունիսի 5-ին (խորդադի 15-ին) ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականի հետ:
Tert.am
Եթե Նիդեռլանդների հետ ճգնաժամն է՛լ ավելի խորանա, Թուրքիան կարող է անդառնալի տնտեսական վնասներ կրել. Reuters
Թուրքիայի և Նիդեռլանդների միջև հարաբերություններում ճգնաժամը կարող է բավականին թանկ նստել Թուրքիայի վրա, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ Նիդեռլանդները Թուրքիայում ուղղակի ներդրումներ կատարող երկրների ցուցակում առաջատար է:
BGC PARTNERS ընկերության տնտեսագետ Օզգյուր Ալթուգը նշել է, որ եթե հարաբերություններում առկա ճգնաժամն է՛լ ավելի խորանա, Թուրքիան կարող է լուրջ ու անդառնալի տնտեսական վնասներ կրել:Մասնավորապես, հայտնի է, որ Թուրքիան 2016թ.-ի ընթացքում 3,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք է արտահանել Նիդեռլանդներ, իսկ այդ երկրից Թուրքիա ներկրվել է ընդհանուր 3 միլիարդ դոլարի ապրանք:
Բացի այդ, անցած տարի մոտ 900.000 նիդեռլանդցի զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա՝ ամառային հանգստի նպատակով, մինչդեռ 2015թ.-ին այդ թիվը կազմել էր 1 մլն 200 հազար:
Ալթուգը համոզված է, որ եթե հարաբերությունները չկարգավորվեն՝ Թուրքիայի կորուստները միայն տնտեսական ոլորտով չեն սահմանափակվի:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտարարել էր, որ Անկարան խզում է դիվանագիտական կապերը Նիդեռլանդների իշխանությունների հետ: Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են մի շարք պատժամիջոցներ սահմանել Նիդեռլանդների դեմ՝ այդ թվում նաև արգելել այդ երկրի դեսպանի մուտքը Թուրքիա, ինչպես նաև չընդունել Նիդեռլանդներից եկող դիվանագիտական թռիչքները:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Հայտնի է, որ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
News.am
Der Spiegel․ 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը
Չնայած վերջին յոթ տարիները ամենակայունն էին եվրոպական տնտեսության համար, բայցեւայնպես 2017-ին կարող է սկսվել եվրագոտու փլուզումը։
Ընդ որում այս անգամ ռիսկերը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի են, գրում է Der Spiegel–ը։
Մտավախություն կա, որ Բրիտանիայի օրինակով մյուս երկրներն էլ կարող են երես թեքել եվրագոտուց։ Այս մտավախությունները առավել ուժգնանում են ՆԻդեռլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում գալիք ընտրությունների ու դրանցում պոպուլիստական ուժերի հաղթանակի հավանականության ֆոնին, որոնք կողմ են արտահայտվում եվրոյից հրաժարվելուն ու ազգային արժույթներին վերադառնալուն։
«ՆԻդեռլանդների հեռացումը եվրագոտուց ԵՄ-ում տնտեսական կոլապս չի առաջացնի, այդ երկրին բաժին է ընկնում արժութային միության ընդհանուր տնտեսության ընդամենը 7 տոկոսը։ Nexit-ը շատ ավելի ցավոտ կլինի հենց հոլանդացիների համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ աղետալի հետեւանքներ կունենա երկրի համար։
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, եթե այնտեղ նախագահ ընտրվի Մարին Լը Պենը, ապա մինչ նա կհասցնի հայտարարել եվրագոտուց երկրի դուրս գալու մասին՝ կսկսվի կապիտալի զանգվածային արտահոսք Ֆրանսիայից դեպի Գերմանիա ու ԱՄՆ։ Ընդ որում կապիտալի արտահոսքը ոչ միայն Ֆրանսիայում կսկսվի, այլ նախեւառաջ ԵՄ հարավային երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում ու Պորտուգալիայում։ Ըստ Moody's վարկանիշային գործակալության, եթե Ֆրանսիան դուրս գա Եվրոպայից, ցնցումն անխուսափելի կլինի։ Եվրագոտին դժվար թե կարողանա հաղթահարել Frexit-ը»:
Ֆրանսիայի գլխավոր մրցակիցները նույնպես դենոմինացիայից խուսափելու համար ստիպված կլինեն դուրս գալ եվրագոտում։ Ըստ Der Spiegel–ի՝ շատ ավելի սարսափելի հետեւանքներ կունենա Իտալիայի հնարավոր հեռացումը եվրագոտուց։ Առավել եւս որ իտալացիների մոտ կեսը հնարավոր է համարում այդ տարբերակը։ Itaxit-ը իտալացիներին օգուտ կտա միայն կարճաժամկետ հեռանկարում։ Բայց լիրային անցնելու հետ կապված հետագա գործողություններից երկիրը կընկղմվի դեֆոլտի խավարի մեջ։
---
Tert.am
ԱՄՆ-ն պատրաստվում է կիսով չափ կրճատել ՄԱԿ-ի ծրագրերի ֆինանսավորումը. Foreign Policy
Սպիտակ տունը մտադիր է կիսով չափ կրճատել ՄԱԿ-ի ծրագրերի ֆինանսավորումը, գրում է Foreign Policy թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ավելի վաղ Սպիտակ տան վարչա-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կառաջարկի զգալիորեն նվազեցնել այլ պետություններին տրամադրվող օգնության ծավալները:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ պետդեպարտամենտի աշխատակիցները հրահանգ են ստացել նվազեցնել ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունների, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորումը: Պակաս կրճատումներ են սպասվում Պարենի համաշխարհային ծրագրին և փախստականների օգնության ծրագրին: Թերթը նշում է, որ այդ քայլերն ուղղակիորեն կապված են երկրի ռազմական ծախսերը մեծացնելու Թրամփի վարչակազմի ցանկության հետ: