Մամուլի տեսություն 15-03-2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել իրանական 1395 թվականի վերջին չորեքշաբթի օրվա տոնակատարության (Չահարշանբե սուրի) ընթացքում, Իրանի ողջ տարածքում, պայթուցիկ նյութերի օգտագործման հետևանքով միջադեպերի մասին լուրերը, Իրանի նախագահական ընտրությունների շուրջ ծավալված թեմաները և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններ,որոնցից առանձնացրել ենք հետևյալները։
Շարղ թերթի փոխանցմամբ՝ Մալայիզայից արտաքսվել են Հյուսիսային Կորեայի 50 քաղաքացիներ։ Բրիտանացի դիվանագետը հայտարարել է,որ Եմենի հարցով Լոնդոնում քառակողմ նիստ են գումարել ԱՄՆ-ն , Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և Արաբական միացյալ էմիրությունները։ Եվրոպայում արգելվում է հիջաբ և կրոնական խորհրդանշաններ կրելը։Համշահրի օրաթերթը հաղորդում է,որՎաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղարի և Թունիսի ԱԳ նախարարի հանդիպումը։Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը կմեկնի Բաղդադ։ Իսկ Ջավան օրաթերթի տեղեկացմամբ հետաձգվել է Մերկելի ԱՄՆ կատարելիք ուղևորությունը։
Ռեսալաթ
Շոտլանդիայում մարդիկ ցանկանում են անկախանալ Բրիտանիայից
Այս օրերին լուրեր են հրապարակվում Շոտլանդիայի բնակչության՝ Բրիտանիայից անկախանալու միտումների վերաբերյալ։Նրանք սպասում են անկախության հանրաքվեի անցկացմանը։ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հաջորդ շաբաթ դիմելու է շոտլանդական խորհրդարանին՝ Բրիտանիայից անկախության նոր հանրաքվե անցկացնելու լիազորման խնդրանքով, հաղորդում է Ռեսալաթ օրաթերթը։ Նիկոլա Սթերջենը ցանկանում է հանրաքվեն անցկացնել 2018 թվականի աշնան և 2019 թվականի գարնան միջև ընկած ժամանակաշրջանում, այսինքն՝ մինչև Բրեքզիթի գործընթացի ավարտը։ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախության մասին հերթական հանրաքվեն կհանգեցնի հասարակության պառակտմանը ու տնտեսական անկայունությանը այդ երկրում։ Բրեքզիթից հետո Շոտլանդիայի բնակիչներն ավելի շատ են ցանկանում անկախանալ Բրիտանիայից, ուստի Բրիտանիայի կառավարությունն ամեն ինչ կանի որպեսզի արգելափակի Շոտլանդիայում նոր հանրաքվեի անցկացումը: Ենթադրվում է, որ Բրիտանիան մինչև 2017թ․ մարտի վերջը կսկսի ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացը, որը կտևի մոտ երկու տարի։ Նշենք, որ 2016-ի հունիսին կայացած հանրաքվեում բրիտանացիների 52 տոկոսը կողմ էր քվեարկել Բրեքզիթին: Շոտլանդիայում այդ որոշման կողմնակիցների տոկոսը ընդամենը 38 տոկոս էր։ 2014 թ․ Շոտլանդիայում տեղի ունեցավ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե։ Այն ժամանակ շոտլանդացիների 55 տոկոսը քվեարկել էր Բրիտանիայի կազմում մնալու օգտին։
Ալիք
1 զոհ, 2600 վիրավոր՝ տարվա վերջին չորեքշաբթի օրվա տոնակատարության ընթացքում
Իրանական 1395 թվականի վերջին չորեքշաբթի օրվա տոնակատարության (Չահարշանբե սուրի) ընթացքում, Իրանի ողջ տարածքում, պայթուցիկ նյութերի օգտագործման հետևանքով մարմնական տարբեր չափսերի վնասվածքներ են ստացել 2600 հոգի, իսկ Թեհրանում մահացել է 12 տարեկան մի տղա: Այս մասին, ըստ իրանական ԶԼՄ-ների՝ հայտտարարել է Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը:Ըստ նրա՝ տեղում բուժօգնություն ստացած տուժածների թվի ցուցանիշն անցյալ տարվա համեմատությամբ նվազել է 50%-ով, իսկ հոսպիտալացվածների թվի ցուցանիշը՝ 30 %-ով:Հիշեցնեք, որ անցյալ տարի շաբաթվա վերջին չորեքշաբթի օրվա տոնակատարության ժամանակ մահացել էր 17 հոգի:
Tert.am
Նովռուզին իրանական ավիաընկերությունները շաբաթական մոտ 22 չվերթ կիրականացնեն դեպի ՀՀ
Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզի տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը:
Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։
Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն:
Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի:
Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:
Ջամե Ջամ
Ավստրիան թուրք նախարարներին թույլ չի տա քարոզչական ելույթներ ունենալ իր տարածքում
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր երկրի տարածքում ապրող թուրքերի շրջանում, ահմանադրական հանրաքվեի շուրջ քարոզարշավի իրականացումն արգելելու մասին:«Մենք կարգելենք նման փորձն անգամ՝ ելնելով հասարակական անվտանգության նկատառումներից», ասել է նա:Ըստ թերթի՝ կանցլերը նշել է, որ եթե թուրք նախարարները ցանկանան քարոզարշավ անցկացնել իր երկրում, ապա ինքը ամեն ինչ կանի դա արգելելու համար: Քերնը այս որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկանում է կանխել հասարակական կարգի հնարավոր խախտումները:Նման որոշումներ են ընդունել Գերմանիան, Նիդերլանդները , Շվեյցարիան ու Դանիան:Ավելի վաղ, Նիդերլանդների իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին հանրահավաք կազմակերպել Ռոտերդամում, ինչը հետո մեծ քաղաքական սկանդալի պատճառ էր դարձել երկրների միջև:
Armedia.am
Իրանի դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր երանգ է ստանում
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանային երկրների, մասնավորապես, Իրանի օրակարգում: Իսլամական Հանրապետությունը, որը տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, չի կարող անտարբեր մնալ հակամարտության գոտում տիրող շարունակական լարվածության հանդեպ և հայտարարում է, որ տարածաշրջանը չի կարող ևս մեկ էսկալացիայի դիմանալ:Ինչպես և ակնկալվում էր, պատժամիջոցների վերացումից և միջազգային ասպարեզ Իրանի վերադարձից հետո, Թեհրանի դիրքորոշումը կամ վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր երանգներ է ստանում: Զսպվածության կոչ անելով կողմերին՝ իրանական կողմն ընդգծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով, բացառապես քաղաքական միջոցներով: Նախկինի նման դրական չեզոքություն պահպանելով հակամարտության կողմերի միջև՝ Թեհրանը հետևողականորեն շեշտադրում է միջնորդական դերակատարում ստանձնելու իր պատրաստակամությունը:Հատկանշական է, որ միջնորդական դերակատարում ստանձնելու Իրանի ցանկությունն էականորեն տարբերվում է իրանական կողմի համանման նախկին ջանքերից: Եվ գլխավոր պատճառը, թերևս, տիրող աշխարհաղաքական նոր իրողություններն են:Մասնավորապես, ներկա փուլում տարածաշրջանում հատվում են Իրանի և Ռուսաստանի շահերը, ինչը մեծապես պայմանավորված է այդ թվում նաև արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանում կանխելու երկկողմ ցանկությամբ և Սիրիայում հաջող համագործակցության փորձով (այդ թվում նաև Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով): Իրանական կողմը հավանաբար չի բացառում այս փուլում տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ որոշակի խորհրդակցությունների կամ համագործակցության հնարավորությունը:Մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահի այցը Ռուսաստան: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի օրակարգում ներառված է լինելու նաև Ղարաբաղյան հակամարտությունը, և չի բացառվում, որ խորհրդակցություններն ընթանան հենց վերոնշյալ տրամաբանությամբ: