Մամուլի տեսություն 12-04-2017
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել նախընտրական զարգացումները, ներառյալ ապրիլի 11-ին մեկնարկած նախագահական ընտրությունների թեկնածուների պաշտոնական գրանցումը,մասնավորապես նախագահական ընտրություններին մասնակցելու ԻԻՀ նախկին նախագահ՝ Մահմուդ Ահմադինեժադի ներկայացրած հայտը: Այսօր իրանական մամուլն անդրադարձել է նաև Նախագահ Ռոհանիի մամլո ասուլիսին և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններին:
Ջամե Ջամ
Իրանում թեկնածուների գրանցման առաջին օրը իրենց թեկնածությունն են առաջադրել 124 տղամարդ և 6 կին
ԻԻՀ 12-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման առաջին օրվա ընթացքում իրենց թեկնածությունն են առաջադրել 130 հոգի:Այս մասին հայտնել է Իրանի ընտրությունների շտաբի քարտուղարը: Նա հայտարարել է, որ գրանցված 130 թեկնածուներից 6-ը կանայք են: ։ Երկրորդ օրը առաջադրված թեկնածուների թիվը հասել է 287-ի- ԻԻՀ նախագահական ընտրությունները և իսլամական քաղաքային և գյուղական խորհորդների ընտրությունները տեղի կունենան 2017 թ.մայիսի 19-ին:
Ռեսալաթ
Եվրոպայում ծայրահեղականները հարձակվում են փախստականների վրա
Եվրոպայում ազգայնական և հակամիգրացիոն աջ ծայրահեղական շարժումները շարունակում են իրենց հարձակումներն ընդդեմ փախստականների,որոնց մեծ մասը մուսուլմաններ են: Դա այն դեպքում,երբ արևտմյան երկրներում անվտանգության կառույցները ոչ մի ազդեցիկ քայլ չեն կատարում ծայրահեղականներին սանձելու ուղղությամբ: Ներկայումս այդ ծայրահեղական կուսակցություններից շատերը եվրոպական տարբեր երկրների խորհրդարաններում ներկայացուցիչ ունեն: Դա ցույց է տալիս,որ վճռակամություն չկա եվրոպական երկրներում հակամիգրացիոն շարժումներին դիմակայելու համար:
Շարղ
Ստոկհոլմում ահաբեկչության կասկածյալը խոստովանել է իր մեղքը
Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված՝ Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Ռահմաթ Ակիլովը խոստովանական ցուցմունք է տվել:Ռահմաթ Ակիլովն ասել է, որ գոհ է իր արածից: Նա նաև ասել է, որ հասել է նրան, ինչին պետք է հասներ: BBC-ի տվյալներով՝ Ռահմաթ Ակիլովը խոստովանել է, որ ինքն է եղել Դրոտնինգատանում բեռնատարի ղեկին:Ոստիկանությունը Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալել է 2 մարդու: Երկրորդին ձերբակալել են կիրակի առավոտյան: Նրա մասին մանրմասներ առայժմ չկան:
Համշահրի
Տեղի է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանի նոր դատավորի երդման արարողությունը
Ապրիլի 11-ին Նիլ Գորսաչը երդվել է որպես ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավոր: Թրամփը Գորսաչի թեկնածությունն առաջադել էր հունվարի վերջին, որին անցյալ շաբաթ սուր բանավեճերի արդյունքում աջակցել է Սենատը: Գորսաչի նշանակման օգտին քվեարկել է 54 սենատոր, դեմ՝ 45 օրենսդիրներ:
Ալիք
Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտվել է ազատազրկման
Ալիք օրաթերթը հղում անելով Tert.am-ին գրել է.«Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, որը բանտում է գտնվում 2016թ.-ի նոյեմբերի 4-ից, դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը, Յուքսեքդաղը մեղավոր է ճանաչվել չարտոնված հավաքներին մասնակցելու և ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:
Բացի այդ, քրդամետ կուսակցության համանախագահի դեմ բացված է ևս մի քանի դատական գործ: «Ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» մեղադրանքով Յուքսեքդաղին սպառնում է 30-ից մինչև 83 տարվա ազատազրկում:
Նշենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Slaq.am
Human Rights Watch. Շնորհակալություն «Խոստում» ֆիլմին
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ստեղծողներին:
«Շնորհակալություն Էրիկ Իսրայելյանին եւ «Խոստում» ֆիլմին՝ ամենասարսափելի հանցագործության դեմ պայքարում Human Rights Watch-ի աշխատանքներին աջակցելու համար»,- ասված է կազմակերպության միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմն ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա ապրիլի 21-ին:
Ժապավենի ռեժիսորը Թերրի Ջորջն է, որը նաեւ «Ռուանդա հյուրանոց» հայտնի ֆիլմի հեղինակն է: «Խոստում»-ի պրոդյուսերը Քըրք Քըրքորյանն է, իսկ երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Պրոդյուսերներից մեկն էլ Էրիկ Իսրայելյանն է:
---
News.am
Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով. նա գիտելիքներ չունի. Հարութ Սասունյան
Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Բազմաթիվ ամերիկացիներ եւ մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետեւել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված եւ տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում եւ ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո:
Իսկ ի՞նչ խնդիր կա նման աղետալի որոշման հետ կապված: Թրամփը գիտելիքներ չունի սիրիական հակամարտության վերաբերյալ, բացի այն, ինչ կարդացել է որոշ ծայրահեղական հրապարակումներում եւ տեսել իր սիրելի FOX News հեռուստաալիքով:
Թրամփը հայտարարել է, որ նա խորապես ցնցվել է քիմիական հարձակումից տուժած մանուկների լուսանկարներից, որոնք տեսել էր հեռուստատեսությամբ: Ո՞վ կդիմանար: Անկասկած նրա մոտ եղել է զգացմունքային եւ ինքնաբուխ արձագանք սրտաճմլիկ պատկերների նկատմամբ, որը սակայն չի կարող փոխարինել կշռադատված արտաքին քաղաքականությանը, առանց այս ողբերգական միջադեպի վերաբերյալ փաստերի մանրակրկիտ քննության եւ սիրիական ավիաբազայի վրա ծայրահեղ գործողության ՝ 59 «Տոմահավկ» տեսակի հրթիռների արձակման հետեւանքների ուշադիր քննման:
Նախագահ Թրամփն իր գործողություններով խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, քանի որ նա չի խնդրել եւ չի ստացել ԱՄՆ Կոնգրեսի օրենքով պահանջվող թույլտվությունը՝ մեկ այլ ինքնիշխան պետության դեմ պատերազմ սկսելու համար: Թրամփը ոչ իմաստություն, ոչ էլ համբերություն ունեցավ սպասելու քիմիական հարձակման հանգամանքների հետաքննության արդյունքներին՝ ստուգելու, թե ով է իսկապես պատասխանատու այս սարսափելի հարձակման համար:
Թրամփի վարչակազմը մեղադրել է Սիրիայի ռազմաօդային ուժերին Իդլիբի մոտ քիմիական հարձակման համար: Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանություններն այլ վարկած ունեն այս իրադարձությունների առնչությամբ: Նրանք պնդում են, որ Սիրիան չի տիրապետում որեւէ քիմիական զենքի՝ նման բոլոր վտանգավոր նյութերը ոչնչացնելու վերաբերյալ իր 2003 թ. համաձայնագրից հետո: Բացի այդ, Սիրիան պնդում է, որ քիմիական պայթյունը տեղի է ունեցել իր օդուժի կողմից սիրիական ահաբեկիչներին պատկանող պահեստի ռմբակոծման ժամանակ, որտեղ նրանք պահեստավորել էին այդ վտանգավոր նյութերը: Ասադի համար անիմաստ էր քիմիական զենքի կիրառումը, երբ նա հաղթում էր, դրանով նա ռիսկի կդիմեր թշնամացնելու Արեւմուտքին եւ արագացնելու ռազմական միջամտությունը:
Հիշեցնեմ, որ դեռեւս 2013 թ. մեկ այլ քիմիական հարձակում եղավ Դամասկոսի արվարձաններից մեկում, որից ավելի շատ մարդիկ սպանվեցին, քան Իդլիբում: Օբաման շատ մոտ էր Սիրիայի դեմ պատերազմ սկսելուն, սխալմամբ կարծելով, որ Սիրիայի կառավարությունն անցել է իր հայտարարած «կարմիր գիծը»: Սակայն, երբ նա իմացավ, որ Դամասկոսի մոտ քիմիական հարձակումը «ուրիշի դրոշի ներքո» էր, ինչը նշանակում էր, որ այն կազմակերպվել էր Թուրքիայի եւ նրա ահաբեկիչ դաշնակիցների կողմից, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում, Օբաման չիրականացրեց Սիրիայի վրա հրթիռներ արձակելու իր պլանները: Չպետք է մոռանալ, որ 2003 թ. ամերիկյան պաշտոնյաները կեղծ «հետախուզական» ապացույցներ ներկայացրեցին աշխարհին, պնդելով, որ Սադամ Հուսեյնը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքի՝ արդարացնելով Իրաք ներխուժումը:
Որքան էլ տարօրինակ է, սակայն Կոնգրեսի հանրապետական շատ անդամներ, որոնք այժմ ողջունում են Սիրիայի վրա հարձակվելու Թրամփի որոշումը, այն ժամանակ խստորեն քննադատեցին Օբամային համանման հարձակման ծրագրի համար: Բացի այդ, չնայած 2013 թ. քիմիական հարձակման ժամանակ ավելի շատ մարդիկ եւ երեխաներ սպանվեցին, Դոնալդ Թրամփը 40 թվիթներ էր հրապարակել, կոչ անելով Օբամային չհարձակվել Սիրիայի վրա: Այն ժամանակ, կարծես թե Թրամփը չէր մտահոգվել «գեղեցիկ սիրիացի մանուկների» համար, ինչպես հիմա է պնդում…
Թե Սպիտակ տունը, թե ամերիկյան լրատվամիջոցների բազմաթիվ ինքնակոչ փորձագետներ, որոնք վերջին վեց տարիների ընթացքում առավել բացահայտ կեղծիքներ են տարածել Սիրիայի մասին, այժմ պնդում են, որ քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Նրանք նաեւ պնդում են, որ քիմիական զենքերն արգելված են միջազգային պայմանագրերով եւ դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում է:
Ընդունելով այդ հայտարարությունների ճշմարտացիությունը, պետք է հարցնել.
1) Ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չիրականացվեց քիմիական հարձակման առնչությամբ մինչեւ ամերիկյան հրթիռների արձակումը:
2) Ի՞նչ իրավունքով է Թրամփն իրեն կարգել միջազգային իրավունքի դատավոր եւ աշխարհի ոստիկան: Միջազգային իրավունքը, ըստ սահմանման, այն հարցն է, որ վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլեւ ամբողջ աշխարհին: Միջազգային իրավունքի նման խախտումների հետաքննության, դատապարտման եւ պատժելու պատշաճ վայրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, ոչ թե Սպիտակ տունը: Բացի այդ, ինքնիշխան պետության վրա հարձակումը ինքնին միջազգային իրավունքի խախտում է…
3) Հարձակվելով Սիրիայի վրա եւ ոչնչացնելով նրա ռազմական ինքնաթիռները, Թրամփը, փաստորեն, խրախուսում եւ հզորացնում է ԻԼԻՀ-ի ահաբեկիչներին, որպեսզի նրանք շարունակեն եւ ընդլայնեն իրենց հանցագործությունները Սիրիայում եւ ամբողջ աշխարհում, հատկապես երբ տեսնում են, որ ամեն անգամ իրենց կողմից քիմիական զենք օգտագործելիս, Արեւմուտքը դրա համար մեղադրում է նախագահ Ասադին եւ հարձակվում Սիրիայի վրա: Բացի այդ, թուլացնելով եւ փոխարինելով Ասադին, Թրամփը ռիսկի է դիմում ստեղծելու նմանատիպ քաոս եւ ահաբեկչություն Իրաքում եւ Լիբիայում, հանգեցնելով ավելի շատ մահացությունների… Ո՞վ կփոխարինի Ասադին եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ նրա փոխարինողը չի լինի ԻԼԻՀ-ը, պատճառ դառնալով ոչ միայն վերջին քիմիական հարձակման ժամանակվա 80 զոհերի, այլեւ լրացուցիչ միլիոնավոր զոհերի, ի լրումն կես միլիոն մահացությունների սիրիական հակամարտության վերջին տարիների ընթացքում: Միակ բանը, որ սիրիացի ժողովուրդը չի ուզում՝ հարձակումներն ու արյունահեղություններն են: Այն, ինչ անհրաժեշտ է նրանց՝ դիվանագիտական համառ ջանքերն են լուծում գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում մտահոգ էին, որ Թրամփը կարող է անխոհեմ որոշումներ կայացնել եւ սպառնալ միջազգային խաղաղությանը, ցավոք, ականատես եղան նրա առաջին նման միջադեպին նրա առաջին 100-օրյա նախագահության ընթացքում: Բոլորն էլ հիմա մտավախություն ունեն, որ ավելի շատ նման զենք ճոճելու եւ անցանկալի ապակայունացնող հարձակումներ տեղի կունենան առաջիկա շաբաթներին եւ ամիսներին աշխարհի այլ մասերում: Մնում է հուսալ, որ Թրամփը չի նախաձեռնել հարձակումը Սիրիայի վրա, պարզապես ուշադրությունը շեղելու համար իր բազմաթիվ ներքին խնդիրներից, ինչպես նա բազմիցս արել է այլ հարցերի վերաբերյալ վերջին շաբաթների ընթացքում…
Վերջապես, ի՞նչ եղան Թրամփի՝ «Սկզբում Ամերիկան» եւ «Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ եւ ոչ թե աշխարհի» կրկնվող հանդուգն հայտարարությունները:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի