Մամուլի տեսություն 16-04-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i59494-Մամուլի_տեսություն_16_04_2017
Ապրիլի 15-ին Իրանում ավարտվել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2017 16:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-04-2017

Ապրիլի 15-ին Իրանում ավարտվել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։

Ջամե Ջամ

Իրանում ավարտվել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման հնգօրյա ժամկետը

Ապրիլի 15-ին Իրանում ավարտվել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։ 5 օր տևած գրանցումների արդյունքում թեկնածուի վկայական է ստացել 1636 մարդ, որոնց թվում` 1499 տղամարդ և 137 կին:Վերջին օրը 590 գրանցվածներից ճանաչված դեմքեր են եղել՝ Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի եղբայրը` Մոհամմադ Հաշեմին և Թեհրանի քաղաքապետ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։Նշենք,որ ուրբաթ նախընտրական պայքարին են միացել Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին և Աստան-ե Ղոդս Ռազավի կազամակերպության հոգաբարձու Սեյեդ Էբրահիմ Ռեիսին։  Ավելի վաղ նախագահական թեկնածուների շարքում գրանցվել է նաև երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Ալիք

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշել է Սուրբ Հարության տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշել է Սուրբ Հարության տոնը:  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։ (Ղուկ. 24:5-6):

Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունն Քրիստոսի»:

 

Շարղ

«Էրդողանը սուլթանության է ձգտում». Թուրքագետ Սիամաք Քաքայի

Թուրքիայում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե  է  անցկացվել: Քվեարկելու իրավունք ունեցողների թիվը կազմել է  55 մլն 319 հազար:

«Այսօր Թուրքիայի քաղաքացիները դիմել են ընտրատեղամասեր հայտնելու  թե համաձայն են ավելի մեծ լիազորություններ շնորհել երկրի նախագահին թե ոչ: Էրդողանը շատ մեծ ցանկություն ունի Սահմանադրությունը փոփոխության ենթարկելով ընդլայնել իր լիազորությունները»:Շարղ օրաթերթին տված հարցազրույցում ասել է թուրքագետ Սիամաք Քաքային:

Նա համոզմունք է հայտնել,որ Թուրքիայում Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրահանգով կազմված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նպատակը միմիայն Էրդողանի լիազորությունների ընդլայնումն է: Քանզի նա վերջին ժամանակներում բազում խոչընդոտների առջև հայտնվեց ու մտածեց լավագույն ելքը հանրաքվեի անցկացումն է, որպեսզի իր նոր լիազորություններով կարողանա երկիրը վերածել սուլթանության:

Նշենք,որ թուրքական ընդդիմությունը և միջազգային փորձագետները շեշտում են, թե սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության ու ազատությունների համար։

 

Galatv.am

Թրամփի աշխարհն անընդհատ գունափոխվում է 

 

«Նախագահ Թրամփի աշխարհը միանշանակ նման չէ թեկնածու Թրամփի աշխարհին: Հավանաբար, նախընտրական խոստումների ճակատագիրն է այդպիսին, նրա, ով խաղադրույք էր կատարել ավելի շատ իր բնազդի, քան աշխարհաքաղաքական հնարքների գիտության վրա»,- գրում է Վաշինգտոնում Le Figaro-ի թղթակից Ֆիլիպ Ժելին:

«Անհասկանալի է՝ ինչն է ավելի շատ՝ պարզամտությո՞ւնը, թե՞ սնապարծությունը, երբ Թրամփը հայտարարում էր, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները գտնվում են պատմական ցածր մակարդակի վրա: Ապշեցուցիչ է այն մարդու համար, ով լուրջ տպավորություն էր թողել՝ հայտարարելով, որ ցանկանում է կառուցողական գործընկերություն հաստատել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հոդվածում:

«Ըստ ամերիկացի նախագահի, ՆԱՏՕ-ն այլեւս հնացած կազմակերպություն չէ: Չինաստանը, որի հետ նա առեւտրային պատերազմ էր սկսելու, հանկարծ դարձավ «օրինակելի աշակերտ» հանգստյան օրերից հետո, որոնք Թրամփն անցկացրել էր նախագահ Սի Ցզինպինի հետ Ֆլորիդայում»:

«Ոմանք այդ հուսադրող նշանի տակ տեսնում են վերադարձ դեպի իրականություն կառավարությունում «սթափ ուղեղների» ազդեցության տակ: Մատնանշում են Ջարեդ Քուշներին՝ ազդեցիկ փեսային եւ հրամանատարներից ու գործարարներից կազմված նրա կոալիցիային»,- շարունակում է Ժելին:

«Նա տեսաբան չէ եւ իրերին նայում է ռացիոնալ տեսանկյունից,- բացատրում է Սպիտակ տան պատասխանատու աշխատակիցներից մեկը: -Նախագահն այն մարդկանցից է, ով տեսնում է հնարավորություններ այնտեղ, որտեղ շատերը տեսնում են դժվարություններ: Նրա անկայունությունն արդարացված է ամենից առաջ շահերով, որոնք նա հույս ունի ստանալ: Թրամփը «գլխավոր բանակցողն» է, եւ նրա հիմնական խոստումներն այն են, որ ամերիկացիները ստանան եկամուտներ ամենալավ գործարքներից»:

«Դատելով ամեն ինչից, դաշինքների առումով եւ Թրամփի օրոք ուժերի փորձարկումից, սլաքը միշտ լինելու է շարժման մեջ: Սիրիայի հարցով նրա աշխատակազմը վերջին երեք շաբաթվա ընթացքում  ուրվագծել է առնվազն 5 տարբեր դիրքորոշումներ: Նրա՝ Ռուսաստանը հեռավորության վրա պահելու այսօրվա հակումը բացատրվում է հիմնականում այն հետաքննություններով, որոնք անցկացնում են ՀԴԲ-ն եւ Կոնգրեսը՝ կապված նախագահական արշավի եւ Կրեմլի միջեւ գաղտնի կապերի հետ: Սակայն այդ գործում դեռ ոչինչ չի արձանագրվել»: «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն: Անհրաժեշտ պահին ամեն ինչ  կկարգավորվի, եւ մենք կունենանք ամուր խաղաղություն»,- գրել է Թրամփը Թվիթթերի իր էջում:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան