Մամուլի տեսություն 20-04-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i59864-Մամուլի_տեսություն_20_04_2017
Թուրքիա-Եվրոպա լարվածությունը շարունակվում  ու խորանում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 16:26 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 20-04-2017

Թուրքիա-Եվրոպա լարվածությունը շարունակվում  ու խորանում է։

 

Ռեսալաթ

Թուրքիայի և Եվրոպայի միջև լարվածությունը շարունակվում է

Թուրքիայի և Եվրոպայի միջև լարվածությունն ավելի է սրվել հատկապես Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո։

Հրապարակելով Քուրդստանի բանվորական կուսակցության՝ PKK-ի դրոշով լուսանկարված Թուրքիայում հանրաքվեի ընթացքին հետևած ԵԱՀԿ դիտորդ՝ Անդրեյ Հոնկոյի լուսանկարը, այդ երկրի ԱԳ նախարար՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է․-«Այս անձը ,որ լուսանկարվել է դավաճանների խորհրդանշանով ԵԱՀԿ-ի  դիտորդ է։ Արդյոք կարելի է նրանից անկողմնակալ դիտորդական առաքելություն ակնկալել»։

Նշենք ,որ Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային քննել սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը։ «Մենք կոչ ենք անում Թուրքիայի պատկան մարմիններին թափանցիկ հետաքննություն իրականացնել և սպառիչ պատասխան տալ իրականացված կեղծիքների մասին հաղորդումների վերաբերյալ»,-հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարգարիտիս Շինասը:

Ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտնել է, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի նորմերին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում:

Այն ինչ պարզ է , Թուրքիա-Եվրոպա լարվածությունը շարունակվում  ու խորանում է։

 

Շարղ

ՄԱԿ-ը հետևում է պաղեստինցի գերիների հացադուլին

ՄԱԿ-ը հայտարարել է,որ մեծ ուշադրությամբ հետևում է Իսրայելի բանտերում գտնվող ավելի քանի հազար պաղեստինցիների իրավիճակին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ընդգծել է-«Լիովին տեղյակ ենք բանտարկյալների իրավիճակի մասին և ուշադրությամբ հետևում ենք նրանց հացադուլին»։ Դյուժարիկը բոլոր կողմերին կոչ է արել ինքնազսպվածություն ցուցաբերել։Նա հավելել է-«Միջազգային կազմակերությունները սկզբից հանդես են եկել գերիների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու կոչով»։ Դա այն դեպքում երբ Իսրայելը հայտարարել էր,որ  հացադուլի դիմած բանտարկյալների հետ չի խորհրդակցելու։ 

 

 

Ալիք

«Lufthansa»-ն բանակցում է «Iran Air»-ի հետ. հնարավոր է երկու ավիաընկերությունների համագործակցությունը

«Lufthansa» եւ «Iran Air» ավիաընկերութիւնների միջեւ ընթացող բանակցությունների մասին շրջանառվող լուրը հաստատել է գերմանական ավիաընկերության մամլո խոսնակ Բորիս Ուգորսկին: Այս մասին հայտնել է «Deutsche Welle»-ն:

«Այս պահի դրությամբ, ընթանում են բանակցություններ: Սակայն, դեռեւս չեմ կարող նշել, թե երբ է ստորագրվելու պայմանագիր»,- ասել է նա:

Նշենք, որ «Reuters» գործակալությունը վկայակոչելով գերմանական ընկերության Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային տնօրենին, երեկ՝ ապրիլի 19-ին տեղեկացրել էր, որ «Lufthansa»-ի եւ «Iran Air»-ի միջեւ բանակցություններ են ընթանում, որոնք վերաբերում են ինքնաթիռների վերանորոգմանն ու լոգեստիկ սպասարկմանը՝ հավելելով, որ «Lufthansa»-ն կարող է նաեւ համագործակցել «Iran Air»-ի հետ օդաչուների պատրաստման գործում:

«Lufthansa»-ի մոտ «Iran Air»-ի հետ համագործակցության մտադրությունն առաջացել է այն բանից  հետո, երբ Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումների  սառեցումից հետո. իրանական դրոշակակիր ավիաընկերությանը հաջողվել է գնել «Airbus»-ի եւ «Boeing»-ի արտադրության մեծաթիվ քանակությամբ ինքնաթիռներ:

«Deutsche Welle»-ի հետ զրույցում «Lufthansa»-ի մամուլի խոսնակ Բորիս Ուգորսկին տեղեկացրել է, որ «Iran Air»-ի հետ բանակցությունները վերաբերում են համագործակցության ամենատարբեր ոլորտներին՝ սկսած ինքնաթիռների վերանորոգումից մինչ հաճախորդների սպասարկում: Նա, սակայն, հստակեցրել է, որ այս պահի դրությամբ կողմերի միջեւ որեւէ պայմանագիր չի կնքել, եւ դրա համար չկա  որեւէ կոնկրետ ժամկետ:

«panorama.am»

Թուրք արվեստագետի ցուցահանդեսը` նվիրված 1915-ից մինչև այսօր տեղի ունեցած բռնագաղթերին

Թուրք արվեստագետ Արզու Բաշարանը «Դեռևս այնտեղ» խորագրով հերթական ցուցահանդեսն է բացել, որով ցանկացել է ուշադրություն հրավիրել մի երևույթի վրա, որը սկսվել է Հայոց ցեղասպանության ժամանակներից և այժմ էլ տարածվել է Սիրիայում ու Դիրարբեքիրում: Գրում է «Էրմենիհաբեր»-ը։


Բաշարանը բծերի, գծերի ու տարբեր աքսեսուարների միջոցով պատրաստած կտավներում փորձել է արծարծել բռնագաղթի թեման:


Թուրքական «medyascope.tv» կայքի հետ զրույցում Բաշարանն ասել է այդ ցուցահանդեսը ինչ-որ առումով հաշտվություն է` կապված Հայոց ցեղասպանության, Ռուանդայի, Բոսնիայի կոտորածների և վերջին տարիներին Դիարբեքիրում կատարվածի վերաբերյալ:


Բաշարանը նշել է, որ այդ հաշվետվության ցանկությունն իր մոտ առաջացել է Հրանտ Դինքի սպանությունից հետո` ավելացնելով, որ ցուցահանդեսը սահմանափակված չէ միայն 1915 թվականով, այլ պատմում է նաև այսօր Սիրիայում ու Դիարբեքիրում իրենց տներից զրկված ու գաղթի դատապարտված մարդկանց պատմությունը: Ստամբուլի 44 Art Gallery-ում բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը:

 

 

Galatv.am

Թրամփի արտաքին քաղաքականությունը վերադառնում է նախկին ընթացքին

 

«Վերջին 10 օրերի ընթացքում ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը երկու ռազմական հարվածներով՝ Սիրիայում թեւավոր հրթիռներով եւ Աֆղանստանում գերհզոր ռումբով ցույց տվեց, որ չի երկնչում ռազմական միջոցներին դիմելուց, սակայն օդից՝ ռիսկի չենթարկելով իր զինվորների կյանքը»,- շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում գրում է Բեաթ Ամանը: Երկու գործողություններն էլ Ամերիկայում ընդհանուր առմամբ հավանության արժանացան, սակայն տեղում չփոխեցին մարտավարական իրավիճակը»,- ասվում է հոդվածում:

«Անսպասելի հարձակումները կասկածներ են առաջացնում նախագահ Թրամփի գործողությունների ընթացքի առումով: Թրամփն իրեն նախորդած Օբամային մեղադրում էր այն ամենի մեջ, ինչն իր տեսանկյունից վատ էր գործում: Օրինակի համար, 2014թ. ամռանը Օբամային շատերը ծաղրեցին, երբ նա հրապարակայնորեն հայտնեց, որ մարտավարություն չի ունեցել Սիրիայի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերում: Թրամփը երկու շաբաթ առաջ սիրիական օդանավակայանին հարված հասցնելով ավելի հեռուն գնաց, քան դրան պատրաստ էր Օբաման: Սակայն նա ոչ մի կերպ չի փոխել ներկա իրավիճակը, որի հետ ոչինչ չէր կարող անել նաեւ նախորդ նախագահը: Երկու հարվածները ռազմական տեսանկյունից նման էին ասեղի ծակոցների եւ ավելի շատ խորհրդանշական, քան ռազմավարական նշանակություն ունեին»,-գրում է հեղինակը:

«Կանոնավոր հարձակումների համար ԱՄՆ-ն չունի բավականաչափ հարմար թիրախներ, հատկապես Սիրիայում, որտեղ միշտ առկա է ռուսաստանցի զինծառայողներին կամ ինքնաթիռներին հարվածելու վտանգը: Աֆղանստանի օրինակով ավելի հասկանալի է, որ ռազմական որոշում չի կարող լինել, քանի որ օդից թալիբների, ԻՊ-ի զինյալների եւ այլ ահաբեկիչների դիրքերի ռմբակոծությունները դժվար թե երկրին խաղաղություն բերեն»:

«Ավելին, «ասեղի ծակոցները» չեն համարվում միջուկային գերտերության՝ Հյուսիսային Կորեայի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների պատասխանը: Ի դեպ, Թրամփը Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ արեց նույնը, ինչը ցանկանում էր անել Օբաման, ում Թրամփը համարում է թուլակամ: Նա Չինաստանից խնդրեց օգտագործել իր ազդեցությունը բռնապետ Կիմ Չեն Ընին խելքի բերելու համար»,- գրում է Ամանը:

Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան