Մամուլի տեսություն 07-04-2018
Եվրոպան քայլ առ քայլ Միջին Արևելք է վերադառնում:
Էըթեմադ
Եվրոպան քայլ առ քայլ Միջին Արևելք է վերադառնում
Բահրեյնի մամուլը հինգշաբթի օրը հայտարարեց, որ այդ երկրում բացվել է Բրիտանիայի մշտական ռազմաբազան: Սա վերջին չորս տասնամյակներում Բրիտանիայի առաջին ռազմաբազան է համարվում Միջին Արևելքում ու Պարսից ծոցում: Այդպիսով թվում է, որ նրանք մտադիր են անվտանգության ապահովման պատրվակով առավել ընդլայնված ներկայություն ունենալ Պարսից ծոցի միջազգային փոխադրության գլխավոր ճանապարհում: «Ասոշիեդթպրես»-ի հաղորդման համաձայն այս ռազմաբազայում տեղակայվելու են Բրիտանիայի ծովուժի աջակցման հնարավորություններն, այդ թվում շուրջ 500 նավաստիներ, զինծառայողներ ու սպաներ: Բրիտանացի պաշտոնատարները հայտարարել են, որ սա 1971 թվականից ի վեր Սուեզի նեղուցի արևելքում Բրիտանիայի առաջին մշտական ռազմաբազան է: Բրիտանիայի ծովուժի հրամանատար Ստիվ Դեյնթոնն այս կապակցությամբ ասել է. «Բրիտանիայի արքայական ծովուժի նպատակն այս տարածաշրջանում ծովային անվտանգության երաշխավորումը և այդ շրջագծում ծովահենների ու ահաբեկչության դեմ պայքարն է լինելու»:
Բահրեյնն Իրանի հարավային հարևանն է, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի ափերին և բացի Բրիտանիայի ռազմաբազային նաև հյուրընկալում է ԱՄՆ-ի ծովային 5-րդ նավախումբը:
Այժմ հարց է ծագում, որ արդյոք միայն տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով է, որ Բրիտանիան մուտք է գործում Բահրեյն և կամ Ֆրանսիան միայն խաղաղասիրական նպատակներով է մտադիր ներկայություն ունենալ Սիրիայում: Մինչև համաշխարհային առաջին պատերազմը Բրիտանիան ու Ֆրանսիան լուրջ ներկայություն են ունեցել Միջին Արևելքի տարածաշրջանում և թվում է, որ այդ երկու երկրներն էլ նույն գործընթացի իրագործման ուղղությամբ են քայլ վերցնում: Վերջին օրերին լուրեր են տարածվել այն մասին, թե Ֆրանսիան որոշ քանակությամբ ուժեր է տեղակայել Սիրիայում, որը չնայած ֆրանսիացիների կողմից հերքվելուն հաստատվեց տարբեր աղբյուրների կողմից: Նույնիսկ եթե այս լուրն իրականության չհամապատասխանի, Էմանուել Մակրոնի իշխանության հասնելուց հետո Ֆրանսիան Սիրիայում դերակատարություն ունենալու և նույնիսկ ռազմական միջամտություն կատարելու ուղղությամբ մեծ ցանկություն է դրսևորել: Հետաքրքիր կետն այն է, որ Բրիտանիան ու Ֆրանսիան ձգտում են դերակատարություն ունենալ նույն այն տարածքներում, որոնց շուրջ Օսմանյան կայսրության փլուզումից հետո «Սայքս-Փիքո»-ի պայմանագրի շրջանակներում պայմանավորվածություններ էին ձեռք բերել:
Ղոդս
Բեն Սալմանի շռայլություններից ժողովրդին բաժին չի հասնում
Թեև վերջին տարիներին Արաբիայի շիաբնակ տարածքների հանդեպ Ալե Սաուդի վարած քաղաքականությունը հակամարդկային ու խտրական է եղել և մտածված կերպով կանխել է Արաբիայի առավելապես շիա բնակիչ ունեցող արևելյան տարածքներում հասարակական ծառայությունների ընդլայնումը, այդուհանդերձ իշխող վարչակազմի կողմից Արաբիայի ժողովրդին ծառայություններ չմատուցվելու քաղաքականությունը շարունակվել է այն պայմաններում, երբ Ալե Սաուդի գերդաստանը լողալով իր դրամների ավազանում միայն շռայլություններ է կատարում ամերիկացիների համար: Սաուդյան Արաբիայի առողջապահության կազմակերպությունը հայտարարել է, որ այդ երկրում ուսում ստացող սաուդացի ու արտասահմանցի առնվազն 1000 աշակերտներ ու ուսանողներ տառապում են քոսոտության հիվանդությամբ: «Ռասադ» կայքէջն այս մասին հայտարարելով և հղում կատարելով Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությանը հավելել է, որ այս վարակիչ հիվանդությամբ տառապողների թիվը գերազանցել է հազար հոգի և դա ի տես այն բանի, որ առողջապահության նախարարությունը հավակնել է, թե խմբեր գործուղելով փորձում է վերահսկողության տակ առնել հիվանդության տարածումը: Մաշկային այս հիվանդությունը տարածվում է հիվանդ ու առողջ մաշկի ուղղակի շփման միջոցով: Արաբիայի իշխանության ընդդիմադիր ու քննադատ Ալի Ալե Ահմեդն արձագանքելով այդ լուրին իր թուիթերյան էջում գրեց. «Այն պայմաններում երբ հզոր մարդը՝ Մոհամմեդ Բեն Սալմանը, ԱՄՆ-ի շքեղ զբոսավայրերում միլիոնավոր դոլարներ քամուն է տալիս, Մեքքայի աղքատ գյուղերում վտանգավոր հիվանդությունը վարակել է ավելի քան հազար մարդկանց»: Բեն Սալմանը երեք շաբաթ է ինչ ԱՄՆ-ում է գտնվում և ասվում է, որ մինչ այսօր միլիոնավոր դոլար ռազմական ու ոչ-ռազմական պայմանագրեր է ստորագրել այդ երկրում: Այդուհանդերձ Բեն Սալմանը գերադասում է մտահոգություն հայտնել Իսրայելի քաղաքացիների քաղաքացիական իրավունքների մասին և իր նորահիմն իշխանության հանդեպ Թրամփի համակողմանի աջակցության դիմաց միլիարդավոր դոլար արժողությամբ գնումներ կատարել ԱՄՆ-ից:
Ալիք
Մեղմ պատիժներ՝ ցուցարարներ ծեծած Էրտողանի երկու համակիրներուն
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինկթընի գերագույն ատյանի դատարանը ապրիլ 5-ին մեղմ պատիժներ սահմանեց անցյալ տարվա մայիս 16-ին Թուրքիայի նախագահի թիկնապահների առաջնորդությամբ խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակումի երկու թուրք մասնակիցներին:
Արդարև, Էյուպ Եըլըրըմ եւ Սինան Նարին, որոնք կարող էին մինչեւ 15 տարվա բանտարկության դատապարտվել, միայն մեկ տարվա բանտարկության եւ երեք տարի հսկողության տակ մնալու դատավճիռ ստացան՝ 100-ական տոլարի տուգանքի կողքին։ Նկատի ունենալով, որ երկու դատապարտյալները անցյալ տարվա հունիս 14-ին ձերբակալվեցին եւ տակավին բանտարկված կմնան, նրանք քանի ամիս անց ազատ պիտի արձակվեն։
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը, որ ականատես էր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինկթընի մեջ խաղաղ ցուցարարների դեմ տեղի ունեցած վայրագ հարձակումին, խստորեն դատապարտեց դատարանի որոշումը՝ այն «յուրաքանչյուր ամերիկացիի համար մտահոգիչ» արարք համարելով, հատկապես երբ դա կգա Էրտողանի մի շարք թիկնապահների հանդեպ ամբաստանությունները հետ քաշելու որոշումից հետո:
Վճիռը դատապարտվեց նաեւ Արդարության եւ մարդկային իրավանց հայկական իրավական կենտրոնի գործադիր վարիչ Քեյթ Նահապետյանի կողմից, օտար մի կառավարության կողմից ամերիկացի քաղաքացիների դեմ կազմակերպված նման բռնարարքի նկատմամբ ամերիկյան արդարադատության համակարգի այս կեցվածքը անտարբերությա՛ն համազոր քայլ նկատելով։
Ժողովուրդ
ՌԴ-ն որոշել է այստեղ ունենալ Եվրոպայում պաշտոնավարած, դիվանագետ, որ հարկ եղած դեպքում իրականացնի անհրաժեշտ քայլերը
«Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը` այդ պաշտոնում փոխարինելով Իվան Վոլինկինին: Դեսպանի պաշտոնում ՌԴ իշխանությունների թեկնածուի ընտրությունը բավական ուշագրավ է: Բանն այն է, որ Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համագործակցության համաձայնագիր, Կոպիրկինի նշանակումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեսակետ կա, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը որոշել է այստեղ ունենալ Եվրոպայում պաշտոնավարած, եվրոպական բարքերին քաջածանոթ դիվանագետ, որպեսզի հարկ եղած դեպքում հաջողությամբ իրականացնի անհրաժեշտ քայլերը»,-գրում է թերթը: