Մամուլի տեսություն 23-04-2018
Շաբաթ գիշեր տեղական աղբյուրներ տեղեկացրեցին Ռիադի «Ալ-Խազամի» թաղամասում գտնվող արքայական պալատի մերձակայքում հրաձգության ձայներ լսվելու մասին:
Քեյհան
Զինված հարձակում Բեն Սալմանին սպանելու համար
Շաբաթ գիշեր տեղական աղբյուրներ տեղեկացրեցին Ռիադի «Ալ-Խազամի» թաղամասում գտնվող արքայական պալատի մերձակայքում հրաձգության ձայներ լսվելու մասին: Չնայած Սաուդյան իշխանությունների կողմից լրատվական սաստիկ գրաքննության, սոցիալական ցանցերն ու այդ ցանցերի ակտիվիստները գործի անցան և զինված, որոշ դեպքերում սաստիկ բախման բացառիկ պատկերներ հրապարակեցին: Այս կապակցությամբ վերլուծությունները տարբեր են եղել ու ամեն մարդ փորձել է իր դիտանկյունից նայել հարցին: Ոմանք այն հեղաշրջման փորձ են անվանել ու որոշներն էլ դա իջեցրել են արքայական պալատին թռչող անօդաչու խաղալիք մի սարքի մոտենալու մակարդակին: Այս միջոցին ոմանք էլ դա Բեն Սալմանի կողմից նախագծված սադրանք են բնութագրել, որը նպատակ ունի ոչնչացնել ընդդիմության, ուղղակի այն կասկածելի հեղաշրջման նման, որը 2016 թվականին տեղի ունեցավ Թուրքիայում ու վերագրվեց Էրդողանին:
Սակայն Սաուդյան ամենահավաստի աղբյուրներից մեկը, որ վերջին տարիներին մանրամասն բացահայտումներ է կատարել Ալե Սաուդի դեմ, Սաուդացի արքայազն Մոջթահեդն է: Նա երեկ գիշեր Թուիթերում կատարած գրառման մեջ հավակնեց, որ արքայական պալատի դեմ հարձակումն իրականացվել է 50 միլիմետրանոց հրետանիով զինված ավտոների միջոցով:
Գրոհայինների նպատակը, ինքնությունն ու զոհերի թիվը հստակ չէ: Նա մի քանի ժամ անց մեկ այլ գրառման մեջ ընդգծեց. «Հարձակման թիրախը Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սոլթանն է եղել: Բախման ընթացքում կողմերը տվել են 7 զոհեր: Գրոհայինները փախուստի են դիմել: Գրոհայինները կարող է պատահել, որ անօդաչու թռչող սարքերից օգտված լինեն»։
Մի շարք փորձագետներ էլ հավատացած են, որ այս հարձակումը Բեն Սալմանի կողմից նախագծված հարձակում է եղել, որպեսզի ընդդիմությանը վերացնելու համար պատրվակ ստեղծվի ռ կուլիսներում որևէ այլ բան չկա: Այս միջոցին կարևոր կետն այն է, որ միայն Մոջթահեդն է կարողացել զոհերի մասին հստակ թվեր ներկայացնել ու հենց այդ պատճառով էլ փորձագետները մեծ են համարում հեղաշրջման հավանականությունը:
Ջոմհուրի Էսլամի
Կարմիր Խաչ. Եմենի պատերազմի հետևանքներն ավելի կործանիչ են քան ինքը՝ պատերազմը
Եմենում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը բախվող բոլոր կողմերին կոչ արեց Եմենին օժանդակություններ առաքելու և մասնավորապես Ալ-Հադիդաի հյուսիսային նավահանգստից բեռնափոխադրումը վերականգնելու շուրջ բանակցության սեղանի նստել:
«Ռուսիա-ալ-Յում» հաղորդման համաձայն, Եմենում ԿԽՄԿ-ի պատվիրակության նախագահ Ալեքսանդր Ֆիթն ընդգծեց. «Խաղաղ քաղաքացիների միայն 10 տոկոսը Եմենի քաղաքներում ու ավաններում էլեկտրականության հասանելիություն ունի: Էլեկտրաէներգիայի նշանակությունը ոչ միայն ժողովրդին էլեկտրականությամբ ապահովելու, այլև ջրի պոմպերի աշխատանքն ու ջրամատակարարումը շարունակվելու համար անհրաժեշտ է:
Հումանիտար հարցերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարք Լոքուքն ավելի վաղ ԱԽ-ին հայտարարել էր, որ Եմենում ավելի քան 22 միլիոն մարդ անհապաղ հումանիտար օժանդակությունների կարիք ունի:
Եմենում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը նաև ազդարարեց, որ Եմենում զինված բախման անուղղակի հետևանքները շատ ավելի կործանարար են քան բախումները:
«Վերջին վեց ամիսների ընթացքում հազարավոր մարդիկ Եմենում խոլերայի, առողջապահական հնարավորությունների բացակայության և մեծ քաղաքներում էլեկտրականության անջատման ու նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ չլինելու պատճառով մահանում են»,-ասել է Ֆիթը:
Նա հավելել է, որ հումանիտար օժանդակությունները չեն կարող ճգնաժամը կարգավորել և այս ճգնաժամի կարգավորման բանալին Եմենում տնտեսական կյանքի վերածաղկումն ու հատկապես առևտրի ու ներկրումների վերականգնում է»:
Սպուտնիկ Արմենիա
Պաշտպանության նախարարը պարզաբանել է` երբ բանակը կխառնվի ստեղծված իրավիճակին
Հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ հստակ կարգավորում է այն եզրագիծը, երբ բանակը կարող է ներգրավվել նման իրավիճակներին։ Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանը։
«Միայն արտակարգ իրավիճակի դեպքում ու միայն լրացուցիչ ուժի ներգրավման անհրաժեշտության դեպքում, բայց` ոչ ֆիզիկական ուժի»,– ասաց նա` պարզաբանելով, որ լրացուցիչ ուժը կարող է անհրաժեշտ լինել անվտանգության ռեժիմի պահպանման համար։
«Բայց ես կարծում եմ, որ արտակարգ դրության կարիքը չպիտի լինի, ոչ միայն հիմա, այլև առաջիկա շատ երկար տարիների ընթացում»,– նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի 2008-ի մարտի 1-ի մասին հիշեցմանը` Վիգեն Սարգսյանը նշեց, որ վարչապետի հայտարարությունը սպառնալիք չէր ու չի կարող դիտվել որպես այդպիսին։
«Դա ընդամենը նախազգուշացում էր, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության, և ես կասեի, որ դա որևէ մեկին անհրաժեշտ չէ»,– ասաց նա` հավելելով, որ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր։
Միաժամանակ Վիգեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը, հանդիպման գալով, պայմանավորվելու ցանկություն չուներ, այլապես պետք է այլ ձևաչափ ընտրեր։
«Բանակցությունները միտված էին նրան, որ դրանք չկայանան, սկսած` մամուլի առջև դրանք անցկացնելուց։ Իսկ այն փաստը, որ հանդիպումը կայացավ, վկայում է վարչապետի, կառավարության տրամադրվածության մասին»,– ասաց Սարգսյանը։
Tert.am
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում բարձրացնելու է իրենց պատգամավորների և այլոց ձերբակալությունների հարցը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում Ստրասբուրգում գտնվող «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում բարձրացնելու է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի, այլ համակիրների՝ Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի և այլոց ձերբակալությունների հարցը:
Tert.am-ի հետ զրույցում Ստրասբուրգում գտնվող Էդմոն Մարուքյանը մանրամասնեց. «Ես պատրաստվում եմ վաղը ելույթով հանդես գալ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ներկայացնել, թե այս ամենի հետևանքով երկիրն ինչ վիճակի մեջ է, որովհետև Եվրոպայի խորհրդի անդամ պետության տարածքում հենց հիմա տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական գործիչներ են ձերբակալված, հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկված, և այս պահին էլ ձերբակալվում են:
Եվ, ըստ էության, սա ավտորիտարիզմին բնորոշ շարժ է, որի ռեսուրսը Հայաստանը որևէ կերպ չի կարող ունենալ: Հայաստանը չունի ռեսուրս ավտորիտար երկիր լինելու»:
Նա նկատեց, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հենց այն վատագույն սցենարներից էր, որոնցից վախենում էր:
«Այն, որ մեր գործընկերները ձերբակալված են, վատագույն սցենարն է: Զարգացումները շարունակվում են հենց այդ վատագույն սցենարով»,-ասաց նա:
Հարցին, Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել ոչ կառուցողական լինելու մեջ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կարող էր բանակցության իր տեքստն ունենալ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր տեքստը ուներ, որը ներկայացրեց, և մասնավորապես ասեր, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ, որը մենք չլսեցինք»: