Մամուլի տեսություն 24-04-2018
Հոլիվուդը խոր կապեր ունի Սպիտակ տան հետ։
Ջավան
Հոլիվուդը խոր կապեր ունի Սպիտակ տան հետ
Թեհրանի «Ֆաջր» համաշխարհային կինոփառատոնին մասնակցած ԱՄՆ-ի անկախ կինոգործիչ Օլիվեր Ստոնը պատասխանելով մի ուսանողի այն հարցումին, թե կինոգործիչը իշխանության համար պատվերով ֆիլմ արտադրելու առաջարկին ինչ պատասխան պիտի տա, ասաց. «Եթե աշխատում էք մի համակարգում, որտ ձեզ ասում է, թե ինչ ֆիլմ արտադրեք պարտավոր ուշիմ լինել: Դժբախտաբար այսօր ամեն ինչը սահմանափակվում է դրամով ու կապիտալով ու ծանր շրջան ենք ապրում: Այդուհանդերձ հնարավոր սահմաններում պիտի կենդանի պահել մարդկայնությունը»:
Նա պատասխանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատրաստած ֆիլմին ընդգծեց, որ Պուտինը քաղաքական մեծ գործիչ է և «Զրույց Պարոն Պուտինի հետ» ֆիլմի համար ավելի քան 30 ժամ զրույց է ունեցել նրա հետ:
«Պուտինը երբեք նկարահանումներից առաջ ինձ հարցումների առանցքի մասին չհարցրեց ու հարցազրույցի ավարտին էլ ինձ համար խնդիր ստեղծեց: Ինձ թվում է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի հարցի հանդեպ մոտեցումը սխալ է: Արևմտյան մամուլը շարունակ նվաստացուցիչ ածականներ է օգտագործում Պուտինի համար: Ես այս վավերագրական ֆիլմում փորձել եմ ինչ ոչ թե լրագրողի, այլ կինոբեմադրիչ նման պահեմ»:
Նա պատասխանելով մի ուսանողի, ով իրեն հարցրեց ԱՄՆ-ի քաղաքականություններին դեմ բովանդակությամբ նրա ֆիլմերի մասին, ասաց. «Ոմանք ԱՄՆ-ում ու նույնիսկ Իրանում ենթադրում են, որ ես մինչև այսօր չեմ սպանվել, քանի որ CIA-ի գործակալ եմ: Մինչդեռ մինչ այսօր ես CIA-ի նույնիսկ մի գործակալի էլ չեմ հանդիպել: Իհարկե այդ կազմակերպությունը փորձում է ազդել իմ նախագծերի վրա, քանի որ մեծ ներազդեցություն ունի Հոլիվուդում: Եթե հիշեք «Արգո» ֆիլմին մրցանակ հանձնելու համար Սպիտակ տնից կապվեցին Օսկարի կազմակերպիչների հետ: Սա վկայում է, որ Հոլիվուդի ու Վաշինգտոնի միջև խոր կապ գոյություն ունի:
Նա ի դեպ հավելեց, որ Հոլիվուդյան կինոյի բիզնեսի շրջանն ավարտվում է և երիտասարդ կինոգործիչներին պիտի խրախուսել աշխարհում կիբերային միջավայրի հետ կապված դեպքերի շուրջ ֆիլմեր պատրաստել:
Առավոտ
Քաղաքական լուծման ճանապարհը
Խոստովանեմ, մինչեւ ապրիլի 20-ը ես ենթադրում էի, որ ընդդիմադիր շարժումը կմարի: Բայց այդ իմ սխալը ներելի է, որովհետեւ չէի պատկերացնում, թե որքան են կյանքից կտրված մեր իշխանությունները, եւ, մասնավորապես, որքան հնացած են նրանց պատկերացումները տեղեկատվության տարածման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Բայց դա առանձին թեմա է: Իրավիճակն արագ լիցքաթափվեց եւ, բարեբախտաբար, անարյուն՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի: Երրորդ նախագահի հասցեին այս պահին հայհոյանքներ գրելը շատ հեշտ է (կարծում եմ՝ նախագահ եղած ժամանակ էլ դժվար չէր): Հիմա ժամանակը չի գնահատելու Սերժ Սարգսյանի 30-ամյա գործունեությունը, որում եղել են թե՛ պայծառ էջեր, թե՛ սխալներ ու տապալումներ, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքական գործչի դեպքում: Բայց որ նա հեռացավ ոչ այնպես, ինչպես որ դա կաներ մեկ այլ քաղաքական գործիչ (ինքներդ գիտեք, թե ով)՝ դա փաստ է: Լուծումը շարունակում է մնալ երկխոսությունը: Ճիշտն ասած, երբ մի քանի օր առաջ ես գրում էի երկխոսության մասին, նկատի չունեի մի քանի տասնյակ լրագրողների առաջ նստելն ու ուղիղ եթերում իրար մեղադրելը: Հիմա, որ վաղը լինի լիագումար նիստ, ենթադրում եմ, որ էլի դրա նման մի բան կստացվի: ԲՀԿ-ն, մոռանալով, որ խմբակցության կեսը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին, հանդես կգա սուպերհեղափոխական դիրքերից եւ կհավաստիացնի, որ միշտ Փաշինյանի կողքին էր: Դաշնակցությունը նույնպես, թեեւ այդ աստիճանի կուրծք չծեծելով, կասի, որ Հայաստան աշխարհում նոր արշալույս է բացվել: ՀՀԿ-ականները կփորձեն թեթեւակի դիմադրել: Հենց այդ պատճառով, ինձ թվում է, խելամիտ չէ միանգամից ԱԺ լիագումար նիստ հրավիրել եւ երեսպաշտության վրա ժամանակ կորցնել: Գործը շատ ավելի արագ կգնա, եթե փակ խորհրդակցություններ անցկացվեն խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ հետո միայն համաձայնեցված որոշումը բերեն լիագումար նիստ: Այն, ինչ ես հիմա կգրեմ, գիտեմ, որ շատերին դուր չի գա: Հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ պետք չէ կասեցնել ՀՀԿ-ի գործունեությունը՝ ով հավատում է այդ գաղափարներին, կարող է շարունակել իր գործունեությունը, իսկ ով կուսակցական տոմս է վերցրել, այսպես ասենք, «այլ պատճառներով» (իսկ իշխող կուսակցությունում սովորաբար այդպես էլ լինում է), միեւնույն է, կփախնի: Առնետավազքն անխուսափելի է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արմենպրես
Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խաղաղ բնույթը՝ կոչ անելով բոլոր ներգրավված կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթ համարել երկխոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը հետևում է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Նա տեղյակ է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից:
Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում գլխավոր քարտուղարը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև պահպանել խաղաղությունն ու կայունությունը Հայաստանում և տարածաշրջանում»,- նշել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, օգտվելով հնարավորությունից, արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչին՝ հորդորելով բոլոր կողմերին կանխելու շփման գծում ցանկացած պոտենցիալ էսկալացիան և ակտիվացնելու ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը:
168 ժամ
«Ուրախ եմ, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից». Սերգեյ Մարկեդոնով
«Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխեց իմ ամբողջ գրաֆիկը: Պատրաստվում եմ մեկնել այնտեղ մայիսի սկզբին, մտածում էի բողոքի ակցիաները կուսումնասիրեմ, բայց, հավանաբար, ուսումնասիրելու եմ ինչ-որ այլ բան»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ. պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը` անդրադառնալով հայաստանյան զարգացումներին:
Նա նշել է, որ այժմ մի շարք տեքստեր է գրում, բայց դրանք դեռ չի հրապարակի, պարզապես բերում է իր անձնական մի քանի թեզիսներ.
«Առաջին, ուրախ եմ, որ հաջողվեց խուսափել արյունահեղությունից: Դա առավել կարևոր է, քան այն, թե ով է կուսակցության ղեկավարը: Երկրորդ, լավ կլիներ խուսափել էյֆորիայից: Վաղը ո´չ արտագաղթն է դադարելու, ո´չ Ղարաբաղի հարցն է կարգավորվելու, ո´չ կոռուպցիան հրաշքով կվերանա:
Հրաշալի է դիրքեր ընդունել Երևանի կենտրոնական հրապարակներում, բայց ապրել և աշխատել Հայաստանում շատ ավելի դժվար է: Վերջինը, լավ է, որ մեզ մոտ չեն եղել հիստերիաների սեանսներ, անգամ անսովոր է: Եվ Աստված տա, որ չլինեն: Ժամանակն է խելք հավաքելու: Անձամբ ես, արդեն 10 տարի է ասում եմ, որ Հայաստանը մի փոքր ավելի մեծ է, քան Բաղրամյանի վրա նստավայրը: Խաղաղություն ձեզ, իմ հայ ընկերներ, հանդարտություն և իմաստնություն»»,-գրում է թերթը: