Մամուլի տեսություն 11-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91202-Մամուլի_տեսություն_11_05_2018
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պարտավորություններն ԱՄՆ-ն վաղուց չէր կատարում եւ կարելի է ասել՝ գործնականում դուրս էր եկել համաձայնագրից: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2018 07:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-05-2018

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պարտավորություններն ԱՄՆ-ն վաղուց չէր կատարում եւ կարելի է ասել՝ գործնականում դուրս էր եկել համաձայնագրից: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

News.am

Թրամփն անհեռատես է. տարածաշրջանը կանգնած է անկանխատեսելի զարգացումների առջեւ. Իրանի հայ պատգամավոր

 

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պարտավորություններն ԱՄՆ-ն վաղուց չէր կատարում եւ կարելի է ասել՝ գործնականում դուրս էր եկել համաձայնագրից: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Եվ այժմ Թրամփն արդեն պաշտոնապես է այդ մասին հայտարարում: Ըստ իս, սա շատ կոպիտ խախտում է եւ անհեռատես քաղաքականություն, որը վարում է ԱՄՆ-ն: Ամբողջ տարածաշրջանը կանգնած է անկանխատեսելի զարգացումների առջեւ: Կարծում եմ՝ տարբեր զարգացումներ կարող են առաջացնել, ցավոք, ոչ խաղաղ բնույթի: Տարածաշրջանը հղի է նոր զարգացումներով»,- նշեց հայազգի պատգամավորը:

Կարեն Խանլարյանը նկատեց, որ Իրանը բավականին հավասարակշռված քայլերով փորձում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն, մինչդեռ կան երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, որոնք Իրանի այս դերի նկատմամբ ունեն թշնամական վերաբերմունք: Պատգամավորը կարծում է, որ այս իրավիճակից կօգտվեն այդ երկրները, քանի որ Միացյալ Նահանգների այս քայլը կսանձարձակի նրանց:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների այն հայտարարությանը, թե Իրանը չի պահպանում պայմանավորվածությունն ու շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը, Կարեն Խանլարյանը նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Ընդհանրապես, Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ օգտագործման համար է նախատեսված եւ այդպես էլ շարունակվում է»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերսկսելու մասին: Ի պատասխան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել էր, որ Թեհրանը կշարունակի իրականացնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ համաձայնագիրը` առանց ԱՄՆ-ի մասնակցության:

ԻԼՆԱ

Մոսկվա թե՝ Վաշինգտոն, ո՞ր ուղղությամբ է առաջնորդվում Հայաստանը

 

Հայաստանի կողմնորոշումն անկաշկանդ ու հանկարծակի կերպով դեպի ԱՄՆ փոխվելը լուրջ վտանգ կարող է պարունակել այդ երկրի համար և մինչև կործանում տանել այդ երկրի նոր վարչապետին:

Ռուսաստանի հարցերի փորձագետ Շոայբ Բահմանը մի հոդվածում անդրադարձել է ՀՀ նոր վարչապետի առջև գտնվող նոր առիթներին ու սպառնալիքներին:

Նա գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը տրված Հայաստանի խորհրդարանի կողմ ձայնն այդ երկրի ապագայի հետ կապված բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ նա ընդդիմության առաջնորդի դերում հանդես գալով կարողացավ տիրանալ երկրի քաղաքական ամենակարևոր պաշտոնին ու այդ պատճառով էլ ոմանք հավատացած են, թե գործ ունենք Ռուսաստանի ներազդեցության ոլորտում ԱՄՆ-ի միջոցով իրականացված գունավոր հեղափոխության նոր մոդելի հետ: Այս վերլուծությունը որոշ յուրահատկությունների գոյության պատճառով չի կարող ճիշտ լինել և վերջին շաբաթներում այն ինչը որ տեղի ունեցավ Հայաստանում որևէ առնչություն չունի նախկին խորհրդային հանրապետություններում իրականացված գունավոր հեղափոխությունների հետ: Այնպես որ հակառակ Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխության Հայաստանի վերջին դեպքերի ժամանակ որևէ քաղաքացիական կազմակերպություն կամ դեսպանություն ուղղակի դերակատարություն չի ունեցել, ինչն էլ բացառում է Հայաստանի վերջին զարգացումներում ԱՄՆ-ի դերակատարությունը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն որևէ հստակ հայտարարություն չեն կատարել Փաշինյանի հաղթանակի մասին և Մոսկվայի համար էլ հստակ չէ այս իրադարձություններին արևմուտքի մասնակցության փաստը, այլապես ռուսները արդեն հակազդեցություն ցուցաբերած կլինեին դրա քաղաքական ու ապահովական հետևանքների կապակցությամբ: Գլխավոր հարցն այն է, որ տնտեսական ու առևտրական անցանկալի պայմանների պատճառով Հայաստանը չի կարող ընդունել ԱՄՆ-ին մերձենալու ռիսկը:

 Հայաստանի հիմնական ու կենսական ապրանքների խոշոր մասը ներկրվում է Ռուսաստանից և դա վկայում է Մոսկվային այդ երկրի կապվածության մասին: Սակայն դա միակ գործոնը չէ, որ սպառնալիք ու մարտահրավեր է առաջացնում Հայաստանի համար: Ղարաբաղի հարցը և Ադրբեջանի հետ հակամարտությունն էլ կարող են ապահովական որոշ հարցեր առաջացնել Երևանի համար: Քանի որ ԱՄՆ-ին մոտենալու դեպքում անկասկած Ռուսաստանի ռազմական ուժերը կհեռանան Հայաստանի սահմաններից, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանը պահպանելով Ռուսաստանի հետ ավանդական հարաբերությունները լիարժեքորեն վերահսկված կերպով կմոտենա ԱՄՆ-ին և Մոսկվայի հետ իր հարաբերություններին զուգահեռ կփորձի զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ինչը որոշ ժամանակ կպահանջի: Այլապես եթե Հայաստանի վարչապետը փորձի անկաշկանդ և ուղղակի կերպով դեպի արևմուտք առաջնորդվել, անկասկած տնտեսական, քաղաքական ու ապահովական լուրջ մարտահրավերների դեմ կառնի:
 

Tert.am

«Հեյդար Ալիևի ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն». Տիգրան Բալայանն արձագանքել է Ալիևի՝ «ադրբեջանական դրոշը Շուշիում և Ստեփանակերտում բարձրացնելու» մասին հայտարարություններին

 

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ում արձագանքել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:

«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառմանը (Հեյդար Ալիևի-Tert.am), որը նույն կերպ էր մտածում, բայց պարտություն կրեց: Նույն ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն: Հայրը բավականաչափ խելամտություն է ունեցել դադար առնելու, հրադադար խնդրելու համար: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելամտությունը ժառանգականորեն է փոխանցվում»,- ասել է նա:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ հանդիսավոր արարողությանը, հայտարարել է, որ «ադրբեջանական դրոշը կբարձրացվի Շուշիում և Ստեփանակերտում»:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնում և որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի լինի բանակցությունների թեմա»:

 

Ժամանակ

Փաշինյան-Ծառուկյան հանդիպում. Հայտնի է, թե որ պաշտոններն է ուզում Ծառուկյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հավաքել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներին եւ նրանց հայտնել, որ իրենք մաս են կազմելու իշխանական կոալիցիային եւ պետք է պատրաստվել թիմային աշխատանքի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Ծառուկյան» դաշինքի կոալիցիային մասնակցության ձեւաչափը։ Մասնավորապես՝ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն ստանձնել արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, սպորտի նախարարությունների համար։

Բացի այդ, «Ծառուկյան» դաշինքը կստանա մեկ փոխվարչապետի, ինչպես նաեւ արդարադատության փոխնախարարի, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները»: