Թուրքիան մեծ կարևորություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար
Իր կառավարման առաջին տարիներից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ միասին ձեռնամուխ եղան մշակելու հատուկ քաղաքականություն Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում բարձրացնելու նպատակով, ինչի մասին է վկայում նրանց կողմից ժամանակին որդեգրած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը:
Իսկ Թուրքիայի՝ տարածաշրջանում եզակի դիրք գրավելու և բարձր դերակատարությամբ երկիր դառնալու տեսլականը դարձավ Վաշինգտոնի հետ քաղաքական երկխոսություն սկսելու բանալին, քանի որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը վերջինիս դարձնում է կարևոր հենակետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինամթերքի, բեռների և մարդկային ռեսուրսների տեղակայման համար: Բացի այդ, համաձայն նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի, Թուրքիան վերահսկում է մուտքը դեպի Սև ծով, ինչը նույնպես կարևոր նշանակություն ունի Ամերիկայի նման երկրի համար:
Սակայն, հարկ է նշել, որ թեև ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումից և ՆԱՏՕ-ի Իզմիրի ռազմաբազայում հրամանատարական կենտրոն հիմնելուց հետո Թուրքիայի ռազմավարական նշանակությունը դաշինքի համար էլ ավելի ամրապնդվեց, այնուամենայնիվ, թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում սկսեցին հայտնվել բավականին բարդ իրավիճակում:
Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր, երբեմն նրանք բախվում են դժվարությունների՝ մերձավորարևելյան որոշ խնդիրների հետ կապված տարբեր մոտեցումների պատճառով: Դրա վառ օրինակ է թեկուզ հենց այն, որ Անկարան չի ընդունում Իրանի և Սիրիայի հանդեպ ունեցած Վաշինգտոնի մոտեցումը: Էրդողանը վաղուց է Վաշինգտոնից թույլտվություն խնդրում Սիրիայի քրդերի և երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ ցամաքային ռազմական ուժեր կիրառելու համար: Սակայն, վերջինիս կողմից մշտապես ստանում է միայն մերժում, ինչն էլ, իր հերթին, բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա:
Կարելի է ասել, որ հենց իրավիճակը մի փոքր մեղմելու և հարաբերություններն ավելի չսրելու նպատակով էլ օրերս կայացավ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի այցը Թուրքիա:
Այցի ընթացքում առանցքային կետ համարվեց քրդերի և ահաբեկչության դեմ մղվող պայքարը, որի շրջանակներում փոխնախագահը Թուրքիային կոչ արեց պայքարել ահաբեկչության դեմ, այլ ոչ թե հակառակը: Բայդենը միևնույն ժամանակ ընդգծեց, որ ԱՄՆ-ն և Թուրքիան պատրաստ են Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության դեմ պայքարելու համար «ռազմական լուծում» գտնել: Իսկ քրդերի հարցին անդրադառնալով՝ նա Քրդական բանվորական կուսակցությունը որակեց ահաբեկչական կառույց:
«Դա սովորական ահաբեկչական խմբավորում է, և այն, ինչ նրանք անում են, վրդովեցուցիչ է»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Բայդենի այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքում գտնվող թուրքական զորքերն ԻՊ-ի դեմ պայքարում ղեկավարել ԱՄՆ-ի հետ համաձայնության միջոցով։
Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ փոխնախագահը նշել է, որ լավագույն տարբերակը քաղաքական լուծումն է: Հատկանշականն այն է, որ Բայդենը մի կողմից գոհունակությամբ է ընդունել Թուրքիայի գործողությունները Սիրիայի փախստականներին օգնելու գործում, իսկ մյուս կողմից՝ քննադատել է Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դեպքերը:
Իսկ հանդիպման ավարտին կողմերը եկել են այն եզրակացության, որ մարտի վերջին միջուկային անվտանգության գագաթաժողովի կապակցությամբ նախագահ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը լավ հնարավորություն կստեղծի երկու երկրների միջև կարծիքների փոխանակման համար:
Հարկ է նշել, որ թեև երկու երկրների հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվում են որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, Անկարայի ներքին և արտաքին քաղաքականության որոշ ասպեկտներ ուղղակիորեն համահունչ են Միացյալ Նահանգների գլոբալ շահերին, և չնայած նրան, որ ԱՄՆ-ը դադարել է Թուրքիային հավատարիմ դաշնակից համարել, շարունակում է սերտորեն համագործակցել վերջինիս հետ: Բացի այդ, Կոնգրեսը, որտեղ գործում է ազդեցիկ թուրքամետ լոբբի, ակտիվ դերակատարում ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
armedia.am
26/1/2016