Թուրքական իշխանությունների 4 սխալները, որոնք «սպանեցին» զբոսաշրջությունը. թուրք հոդվածագրի անդրադարձը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13198-Թուրքական_իշխանությունների_4_սխալները_որոնք_սպանեցին_զբոսաշրջությունը._թուրք_հոդվածագրի_անդրադարձը
Թուրքական զբոսաշրջային ոլորտը «մահացավ» Անկարայի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ թույլ տված սխալների պատճառով։ Այդ մասին գրել է թուրք լրագրող Մեհմեթ Թեզքանը՝ Milliyet թերթի իր սյունակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 14:04 Asia/Tehran
  • Թուրքական իշխանությունների 4 սխալները, որոնք «սպանեցին» զբոսաշրջությունը. թուրք հոդվածագրի անդրադարձը

Թուրքական զբոսաշրջային ոլորտը «մահացավ» Անկարայի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ թույլ տված սխալների պատճառով։ Այդ մասին գրել է թուրք լրագրող Մեհմեթ Թեզքանը՝ Milliyet թերթի իր սյունակում։

Նա առանձնացրել է իշխանությունների կողմից թույլ տրված 4 սխալ։

Առաջին ամենամեծ սխալը, ըստ նրա, սիրիական ներքին հակամարտությանը միջամտելն էր, ինչի հետևանքով 2 մլն 700 հազար սիրիացի մնաց Թուրքիայի «վրա»։

«Այդ մարդիկ ի՞նչ են անելու։ Գործ չկա, փող ունեցողն էլ արդեն վճարեց ու Էգեյան ծովով հեռացավ։ Ափը սիրիացիներով լցվեց։ Էգեյան ծովը սկսեց որպես «մահվան ծով» հիշատակվել։ Դուք նման իմիջ ունեցող ծովափնյա քաղաք հանգստի կմեկնե՞ք։ Երեխաների դիերով ծովը կմտնե՞ք։ Ոչ։ Ուրեմն էլ ինչո՞ւ եք զբոսաշրջիկների սպասում»,- գրում է նա։

Երկրորդ սխալը, Թեզքանի համոզմամբ, ջիհադականության խնդիրների անտեսումն ու ահաբեկչական խմբավորումների ուժեղացումն է։ Արդյունքում՝ հեշտությամբ երկիր ներթափանցած ահաբեկիչները հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների դեմ, ինչը ևս բացասաբար է ազդում զբոսաշրջիկների համար Թուրքիայի գրավչության վրա։

«Նրանք մեր առաջ որպես մահապարտ ահաբեկիչ դուրս եկան։ Իրենք իրենց պայթեցրին։ Նման երկիր զբոսաշրջիկ կգնա՞»,-գրում է նա։

Երրորդ սխալը, հեղինակի համոզմամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն էր, որը հանգեցրեց ռուս զբոսաշրջիկների կորստին, «որոնց շնորհիվ զբոսաշրջությունը կանգուն էր մնում»։

«Հարաբերությունները խզեցինք, զբոսաշրջությունը «ոտքերի վրա» պահող ռուսներին կորցրինք»,- գրում է նա։

Հեղինակը նշում է, որ ռուս զբոսաշրջիկները միշտ կենսական նշանակություն են ունեցել Թուրքիայի համար։ Նա չափազանց աննշան է համարում այն պատճառը, որով Անկարան խոցեց ռուսական ինքնաթիռն ու շարունակեց սրել իրավիճակը՝ սեփական անվտանգության հարցում վերջնականապես փչացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ։

Վերջին խնդիրը քրդական հարցն է։ Լրագրողը նշում է, որ Թուրքիան ոչինչ չարեց քրդերի հետ պատերազմը կանխելու համար։ «Չպետք է զարմանալ, որ այն երկիր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն է հիշեցնում, զբոսաշրջիկներ չեն գնում»։

«Նայե՛ք Յուքսեքովայից, Նուսայբինից, Սըրնաքից եկող լուսանկարները... Երկրորդ համաշխարհայինն է հիշեցնում։ Զինվորներն ավերակների վերածված փողոցներում քայլ առ քայլ առաջ են գնում։ Այդ նկարներում պատկերված երկիր զբոսաշրջիկ կգնա՞։ Չի գնա, ուրեմն ինչո՞ւ ենք զբոսաշրջիկների սպասում»։

tert.am/

20/4/2016