Էրդողանը մեծ պատվիրակությամբ կմեկնի Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-ին մեծ պատվիրակության ուղեկցությամբ երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Պատվիրակության կազմում ընդգրկված են Թուրքիայի փոխվարչապետը, արտաքին գործերի, էկոնոմիկայի էներգետիկայի և մշակույթի նախարարները:
Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշգուն:
Ջոշգունի խոսքով՝ թեև Էրդողանի այցի հիմնական նպատակը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի համընդհանուր ֆորումին մասնակցելն է, սակայն նման ֆորումների շրջանակում պետությունների ղեկավարները հանդիպումներ են ունենում և քննարկում տարբեր հարցեր:
Դեսպանը հավելել է, որ ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին: Միմյանց հետ հանդիպումներ կունենան նաև երկու երկրների գործընկեր նախարարները:
Իսմայիլ Ջոշգուն հավելել է, որ սա կլինի Էրդողանի և Ալիևի այս տարվա արդեն երրորդ հանդիպումը: Թուրքիայի նախագահի այցը Բաքու ավարտվելու է ապրիլի 26-ին: Նրա այցի պաշտոնական ժամանակացույցում նշված տեղեկություններից բացի, Բաքվում կայանալիք հանդիպումների մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
armedia.am
22/4/2016