Ժնևի բանակցությունները կշարունակվեն. Ստեֆան դե Միստուրա
Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ սիրիական կառավարության և ընդդիմության միջև Ժնևի բանակցությունները կշարունակվեն, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմության բարձրագույն կոմիտեն որոշել է շուտ լքել բանակցային սեղանը: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Դե Միստուրան շվեյցարական հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ արդեն 5 տարի շարունակվող սիրիական պատերազմի ընթաքում ՄԱԿ-ի տարբեր գնահատականների համաձայն 350-400 հազար մարդ է սպանվել: «Կան նաև մի շարք դիվանագիտական սխալներ և դա բնական է. անընդունելի առաջարկներ, բանակցություններից դուրս գալ և կրկին վերադառնալ և այսպես շարունակ: Սա բոլորովին արդարացված չէ»,- նշել է Դե միստուրան: «Չնայած բանակցությունների լարված ընթացքին դրանք պետք է շարունակվեն, կողմերը համաձայն են արմատական փոփոխությունների անհրաժեշտությանը: Անհրաժեշտ է նաև պահել հրադադարի ռեժիմը և անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել պաշարված բնակավայրերի բնակչությանը»,-եզրափակել է ՄԱԿ-ի պատվիրակը:
Ankakh.com
22/4/2016