Թուրքիայում հոլանդացի լրագրող է ձերբակալվել «Էրդողանին վիրավորելու պատճառով»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14044-Թուրքիայում_հոլանդացի_լրագրող_է_ձերբակալվել_Էրդողանին_վիրավորելու_պատճառով
Թուրքիայում արձակուրդն անցկացնող հոլանդացի լրագրող Էբրու Ումարը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք հարցաքննության նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2016 09:15 Asia/Tehran
  • Թուրքիայում հոլանդացի լրագրող է ձերբակալվել «Էրդողանին վիրավորելու պատճառով»

Թուրքիայում արձակուրդն անցկացնող հոլանդացի լրագրող Էբրու Ումարը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք հարցաքննության նպատակով:

Euronews-ի հաղորդմամբ Ումարն ունի թուրքական ծագում: Նա բազմիցս քննադատություններ է հնչեցրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Լրագրողը բերման է ենթարկվել շաբաթ երեկոյան Քուսադասի ծովափնյա քաղաքից: Կիրակի օրը նրան ազատ են արձակել, սակայն արգելել են լքել երկիրը: Ձերբակալության պատճառը Թվիթերում լրագրողի կատարած գրառումն է, որը մեջբերվել է նրա հեղինակային հոդվածից: Ազատ արձակվելուց հետո Ումարն իր թվիթերյան էջում գրել է, որ մի գիշերվա ընթացքում իրեն 3 տարբեր բաժանմունքներ են տեղափոխել և միակ բանը, որ իրեն հարցրել են, եղել է այն, թե արդյոք ինքն է գրառման հեղինակը և ինչ սարքից է կատարվել է այդ գրառումը: Ըստ լրագրողի` Թուրքիայի իշխանությունները պարզապես ցանկանում են ահաբեկել իրեն: Անցյալ շաբաթ «Մետրո» անկախ լրագրում հրապարակված հոդվածում Ումարն Էրդողանին «բռնապետ» է անվանել և քննադատել Նիդերլանդներում Թուրքիայի հյուպատոսությանը, որը Հոլանդիայում բնակվող Թուրքերին հորդորում է զեկուցել Էրդողանի հասցեին հնչած վիրավորանքների մասին: Մինչ Ումարին թույլ չեն տալիս լքել Թուրքիայի տարածքը, Հոլանդիայի ոստիկանությունը քննում է Ամստերդամում լրագրողի բնակարանի կողոպուտի գործը: Ումարի հաղորդմամբ կողոպտիչները գողացել են նրա հին համակարգիչը: Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահին վիրավորելու համար մինչև 4 տարվա ազատազրկում է նախատեսվում: Էրդողանի պաշտոնավարման ընթացքում ավելի քան 1800 մարդու դեմ գործ է հարուցվել այդ մեղադրանով: Նախագահին վիրավորելու համար քրեական հետապնդման ենթարկվածների թվում կան մի շարք գիտնականներ, լրագրողներ, մուլտիպլիկատորներ և անգամ դպրոցական երեխաներ:

Ankakh.com

26/4/2016