Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Սիրիայում համատեղ գործողությունների մասին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անցել են Սիրիայում գործողությունների համաձայնեցման։ Ռուսաստանն առաջակում է սկսել համատեղ հարվածներ «Ջեբհաթ ալ-Նուսրային» և այլ անօրինական զինված կազմավորումներին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Շոյգուի խոսքով՝ Ամանում (Հորդանան) մայիսի 19-ին սկսվել են խորհրդակցություններ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև՝ ուղղված Սիրիայում համատեղ գործողությունների ձևաչափերի մշակմանը։
«Մենք առաջարկում ենք ԱՄՆ-ին, որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահի, մայիսի 25-ից անցնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիայի համատեղ գործողությունների՝ ուղղված «Ջեբհաթ ալ-Նուսրայի», մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին չաջակցող անօրինական զինված կազմակերպությունների, ինչպես նաև զենքի ու զինամթերքի քարավանների, զինված ջոկատների դեմ հարվածներ պլանավորելուն ու հասցնելուն, որոնք ապօրինաբար հատում են թուրք-սիրիական սահմանը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ ըստ այդմ անհրաժեշտ է բացառել բնակավայրերին և այլ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը։