Հունիս 05, 2024 18:17 Asia/Tehran
  • Իսրայելը Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել. Human Rights Watch

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը 2023 թ. հոկտեմբերից ի վեր սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել Լիբանանի հարավում՝ «լուրջ վտանգի տակ դնելով քաղաքացիական անձանց և նպաստելով նրանց տեղահանմանը»:

Այս մասին իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել իր կայքում:

«Human Rights Watch-ը հաստատել է  2023 թ. հոկտեմբերից ի վեր իսրայելական զորքերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործումը Լիբանանի հարավային առնվազն 17 մունիցիպալիտետներում, այդ թվում՝ հինգ մունիցիպալիտետում, որտեղ օդում պայթող զինամթերքն անօրինական կերպով կիրառել են բնակելի շրջաններում», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Իրավապաշտպան կազմակերպությունը նման եզրակացությունների է հանգել հարավային Լիբանանի ութ բնակիչների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո, ինչպես նաև դիտարկելով երկրի այս հատվածից արված շուրջ հինգ տասնյակ լուսանկարներն ու տեսանյութերը:

Նշվում է, որ հինգ մունիցիպալիտետներում օդում պայթած ֆոսֆոր պարունակող զինամթերքն ընկել է բնակելի շենքերի տանիքներին։ Բնակավայրերից մեկի ղեկավարը հայտնել է, որ արդյունքում երկու մարդ շնչահեղձությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Կազմակերպության տվյալներով՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման պատճառով Լիբանան-Իսրայել սահմանի մի շարք գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց մշտական ​​բնակության վայրերը։

Կազմակերպությունը մեջբերում է Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները, որոնց համաձայն՝ մայիսի 28-ի դրությամբ սպիտակ ֆոսֆորի ներգործությունից առնվազն 173 մարդ է տուժել 2023 թ. հոկտեմբերից ի վեր:

 

Պիտակ