Պուտինը կրկին դեմարշ կանի Սիրիայում. Ռուս-ամերիկյան նոր սկանդալ Սիրիայում
Ռուսական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Սիրիայի ապստամբների դիրքերը, որոնց օժանդակում է Պենտագոնը: ԱՄՆ-ն արդեն իսկ հասցրել է տեղի ունեցածը գնահատել որպես Մոսկվայի կողմից սանձազերծած ամենից մեծ սադրանքը` սկսած ռազմական գործողությունների մեկնարկից: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Հիմնական ավիահարվածները հասցվել են Հորդանանի սահմանագծին տեղակայված ապստամբական հենակետերին, ներառյալ նաեւ այն ռազմաբազան, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում էր ամերիկյան զինուժին: Ու թեեւ բազայում ամերիկյան զինվորականներ չեն եղել, սակայն ԱՄՆ-ն «թեժ գծով» բացատրություններ է պահանջել Մոսկվայից եւ կոչ արել դադարեցնել ռմբահարումները: Բացի այս, ըստ թերթի հաղորդման, ամերիկյան զինուժն օդ է բարձրացրել F-18 ռազմական կործանիչներ, որոնք տեսակապ են հաստատել ռուսական երկու Су-34 կործանիչների հետ: Ռուսական ինքնաթիռները նախ հեռացել են, ապա արդեն վերադարձել նոր հարվածներ հասցնելու համար: Այդ ժամանակ արդեն վառելիքի վերալիցքավորման համար ամերիկյան կործանիչները վերադարձած են եղել ռազմական բազայի իրենց կայանավայր: Ամերիկյան ռազմական հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է, որ կամ ռուսական հրամանատարությունը չի վերահսկում իր զինուժի գործողությունները Սիրիայում կամ միտումնավոր կերպով է գնում սադրանքների: Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ այս միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան հիսունմեկ դիվանագետներ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային եւ կոչ արել կոշտ դիրքորոշում որդեգրել Ասադի վարչակազմի հանդեպ: Պետդեպի խոսնակ Ջոն Քըրբին այս դիմումն անվանել է «անսովոր փաստաթուղթ»: CNN հեռուստատեսությունն էլ հաղորդել է, որ այդ փաստաթուղթը, որը ԱՄՆ վարչակազմի զարմանքն է հարուցել, ստացել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Աբդել ալ Ջուբայրիի աջակցությունը: Նշվում է, որ ռուսական օդուժի կողմից ռմբակոծման ենթարկված ամերիկյան բազայում ուսուցում են անցնում 180 ապստամբներ` ԻԼԻՊ դեմ պայքարի համար:
hraparak.am
19/6/2016