Լիբերմանը զգուշացնում է սիոնիզմի վերջի մասին
Pars Today – «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը զգուշացրել է, որ «սիոնիզմը կավարտվի», եթե հարեդի երիտասարդների համար զինվորական ծառայությունից լայնածավալ ազատումները շարունակվեն։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Լիբերմանը խստորեն քննադատել է Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործող կաբինետը, կրոնական կուսակցությունների պահանջների դիմաց տեղի տալով, թուլացրել է բանակը և մեծացրել ճնշումը պահեստազորային ուժերի վրա։ Նա հավելել է. «Մենք չենք կարող, մի կողմից, բազմիցս զորակոչել հարյուր հազարավոր պահեստազորայինների, մյուս կողմից՝ խթանել հարեդիների զանգվածային դասալքությունը»։
Այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ Նեթանյահուն վերջերս աշխատանքից ազատեց Քնեսեթի արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Յուլի Էդելշտեյնին՝ հարեդիների զինվորական ծառայության իրականցման վրա պնդելու համար. քայլ, որը կտրուկ արձագանք ստացավ «Կապույտ և սպիտակ» կուսակցության առաջնորդ Բենի Գանցի և Դեմոկրատական կուսակցության ղեկավար Յաիր Գոլանի կողմից։ Նրանք Էդելշտեյնի պաշտոնանկությունը որակեցին որպես «քաղաքական» քայլ և «զորակոչից խուսափողներին աջակցելու փորձ»։
Միևնույն ժամանակ, սիոնիստական ռեժիմի բանակում սրվում է ևս մեկ ճգնաժամ։ Ամերիկյան Media Line կայքը հայտնել է, որ ինքնասպանությունը դարձել է իսրայելցի զինվորների համար հիմնական սպառնալիքը։ Հրապարակված վիճակագրության համաձայն՝ Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ինքնասպանության պատճառով իր կյանքը կորցրել է ավելի քան 50 իսրայելցի զինվոր, այս թիվը կրկնապատկվել է 2025 թվականի առաջին կեսին՝ նախորդ տարվա համեմատ։