Հաստատվել է Դոհայում Համասի պատվիրակության վրա Իսրայելի հարձակման մասին լուրը
Իսրայելական ռադիոն պնդել է, որ Դոհայի վրա հարձակումների թիրախում Համասի բանակցային թիմի ավագ անդամն է եղել: Axios-ը հայտարարել է, որ Դոհայի պայթյունը Համասի առաջնորդներին սպանելու Իսրայելի գործողության արդյունք է։
Հղում անելով Ռոյթերսին՝ Pars Today-ը հայտնում է, որ Դոհայում 12-ից 14 պայթյունի ձայն է լսվել: Այս հաղորդագրության համաձայն, Սիոնիստական ռեժիմի մի պաշտոնյա այս ռեժիմի 12-րդ ալիքին ասել է. «Դոհայում տեղի ունեցած պայթյունները Համասի առաջնորդներին սպանելու փորձ են եղել»:
Ասում են, որ սպանության հիմնական թիրախը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) ավագ անդամներն են եղել։ Ծխի ամպեր են բարձրացել Կատարի Դոհայում Համասի քաղբյուրոյի գրասենյակից։ Ականատեսները հայտնել են, որ Իսրայելը ավելի քան 10 ավիահարված է հասցրել Դոհայում Համասի գրասենյակներին։
«Ալ Ջազիրան», հղում անելով Համասի աղբյուրին, հայտնել է, որ պատվիրակությունը թիրախավորվել է այն ժամանակ, երբ այն քննարկում էր ԱՄՆ նախագահ Թրամփի առաջարկությունը հրադադարի վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, արձագանքելով Դոհայում Իսրայելի ռեժիմի կողմից իրականացված ահաբեկչական գործողությանը, ասել է. «Սիոնիստական ռեժիմի այս գործողությունը շարունակությունն է այն հանցագործությունների, որոնք այս ռեժիմը կատարել է՝ խախտելով բոլոր միջազգային նորմերն ու կանոնները։ Այս քայլը չափազանց վտանգավոր և հանցավոր գործողություն է՝ բոլոր միջազգային օրենքների և կանոնակարգերի կոպիտ խախտում, Կատարի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում, ինչպես նաև պաղեստինցի բանակցողների վրա հարձակում»։
Բաղային հավելել է. «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեղի ունեցած իրադարձությունները, բայց ամեն դեպքում, միջազգային իրավունքի տեսանկյունից, խախտվել են միջազգային իրավունքի բոլոր կանոնները։ Այս քայլը շատ վտանգավոր գործողություն է և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, նպատակների և կանոնների խախտում»։
Նա ասել է. «Այս հարցը պետք է սթափեցնի տարածաշրջանի երկրներին և ամբողջ միջազգային հանրությանը ավելի, քան երբևէ, և նախազգուշացում լինի այն վտանգների մասին, որոնք բխում են միջազգային հանրության շարունակական անգործությունից և անտարբերությունից այն ագրեսիաների և օրենքի խախտումների նկատմամբ, որոնք սիոնիստական ռեժիմը կատարում է օկուպացված Պաղեստինում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում»։