Անկարան հրաժարվում է Պուտինին հղված ուղերձի բովանդակությունից
Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը հունիսի 27-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Էրդողանի նամակից հետո, թվում էր, թե պետք է մեղմանա` աստիճանաբար հանգեցնելով հարաբերությունների կարգավորման:
Սակայն թուրք պաշտոնյաների հայտարարություններն ու ուղերձի բովանդակության վերաբերյալ նոր բացահայտումները իրադարձությունների զարգացումը տանում են միանգամայն այլ ուղղությամբ: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման նշանները սկսեցին մեկը մյուսի հետևից վերանալ, երբ պաշտոնական Անկարան մեկը մյուսի հետևիցն հրաժարվեց իր իսկ արած հայտարարություններից:
Հունիսի 27-ին պաշտոնական Կրեմլը հրապարակեց Պուտինին ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որում վերջինս իր խորը ափսոսանքն էր հայտնում ռուսական ինքնաթիռի խոցման առնչությամբ: Ուղերձում նշվում էր, թե Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները: «Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռ»,- նշել էր Էրդողանը: Նա հատուկ ուշադրություն էր գրավել այն փաստի վրա, թե ինչպես են իրենք «ռիսկի դիմելով» սիրիացի ընդդիմադիրների մոտից վերցրել զոհված ռուս օդաչուի դին:
lratvakan.am
28/6/2016