Նեթանյահուի որդուն արտաքսել են ԱՄՆ՝ հորը ծեծի ենթարկելուց հետո
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դրոր Ամին բացահայտել է Նեթանյահուների ընտանիքի հետ կապված մի շարք սկանդալներ։ Դրանցից ամենաաղմկահարույցը Յաիր Նեթանյահուի հարձակումն է սեփական հոր վրա, ինչը հանգեցրել է նրա հարկադրված մեկնմանը ԱՄՆ։
Այս հայտարարությունները հնչել են իսրայելական «Մաարիվ» թերթին տված վերջին հարցազրույցում։ Նախկին անձնական թիկնապահը, ով 1990-ականների վերջին ապահովել է Նեթանյահուի և նրա կնոջ անվտանգությունը, իսկ հետագայում դարձել է Նեթանյահուի դեմ բողոքի շարժման առաջնորդներից մեկը, պատմել է երկար տարիներ չբացահայտված գաղտնիքների մասին։
Թերթի փոդքաստ-հարցազրույցում Ամին հայտարարել է, որ «Յաիրը հարձակվել է իր հոր՝ վարչապետի վրա, ինչի համար էլ միջամտել են անձնական անվտանգության աշխատակիցները՝ կողմերին բաժանելու և էսկալացիան կանխելու համար»՝ ընդգծելով, որ միջադեպի արդյունքում Յաիրին վտարել են ԱՄՆ։ Նա պարզաբանել է, որ Յաիր Նեթանյահուին Մայամի ուղարկելու որոշումը կայացվել է պատահարից անմիջապես հետո՝ հավելելով, որ կատարվածը չի կարելի տարանջատել, իր ձևակերպմամբ, «ընտանեկան վարքագծի բացառիկ և անբարոյական մոդելներից, որոնք վերաբերում են Նեթանյահուների ընտանիքի մեկից ավելի անդամների»։ 2025 թվականի փետրվարին Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, զրպարտության հայց է ներկայացրել Քնեսեթի պատգամավոր Նաամա Լազիմիի դեմ՝ այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե նա արտերկիր է ուղարկվել հորը ծեծի ենթարկելու պատճառով։
Դրոր Ամին նաև հայտնել է, թե Սառա Նեթանյահուն տառապում է կլեպտոմանիայով՝ պնդելով, որ նա գողանում էր նվերներ և նույնիսկ սրբիչներ այն հյուրանոցներից, որտեղ նրանք կանգ էին առնում: Նա այս վարքագիծը որակել է որպես ոչ էթիկական և Իսրայելի վարչապետի տիկնոջ անհատականության թաքնված կողմը բացահայտող: Խոսելով Սառայի աճող ազդեցության մասին՝ նախկին թիկնապահը նշել է, որ ի սկզբանե հենց Նեթանյահուն է նպաստել նրա իշխանության ձևավորմանը, սակայն ժամանակի ընթացքում նա ամրապնդել է իր դիրքերը և վերջին տարիներին դարձել է «ծանրության կենտրոն»՝ հասնելով նրան, որ ձախողել է կոռուպցիոն գործերով Նեթանյահուի մեղքի խոստովանության գործարքը՝ «սեփական ուժեղ դիրքը պահպանելու ձգտումից դրդված»: Ամին հավելել է, որ Սառան հավատում էր, թե իր որդին՝ Յաիրը, կժառանգի հոր պաշտոնը, քանի որ նրան համարում է «աշխարհի ամենախելացի մարդը»՝ դրանով իսկ ակնարկելով նրա քաղաքական հավակնությունները և իշխանության մեջ ընտանիքի ապագայի վերաբերյալ ունեցած ծրագրերը:
Խոսելով հենց Նեթանյահուի մասին՝ նրա անվտանգության ծառայության նախկին պետը պատմել է, որ նա սովորություն ուներ ռեստորաններում ուտել և հաշիվը չփակել։ Որպես օրինակ նա բերել է մի դեպք, երբ Նեթանյահուն նախարարի հետ ընթրել է Երուսաղեմի ֆրանսիական ռեստորաններից մեկում և հեռացել հաստատությունից՝ առանց վճարելու։ Ըստ Ամիի՝ վճարմամբ հետաքրքրվող ռեստորանի կառավարչին Նեթանյահուի օգնականները պատասխանել են հետևյալ խոսքով. «Ամեն ինչ կարգին կլինի»։ Նեթանյահուն նույն ռեստորանում դա կրկնել է երկու անգամ, մինչև որ թիկնապահներից մեկը ստիպված է եղել հաշիվը վճարել սեփական գրպանից։
Մեկ այլ աղմկահարույց բացահայտման մեջ Ամին հայտնել է, որ Նեթանյահուն գաղտնի հանդիպել է իր առաջին ամուսնությունից ունեցած դստեր՝ Նոայի հետ, որպեսզի Սառան չիմանա այդ մասին։ Գաղտնիությունը պահպանելու համար նույնիսկ իրականացվել են հատուկ պահպանության գործողություններ։ Նա հավելել է, որ Նեթանյահուն արդեն երկար տարիներ կապ չի պահպանում իր միակ դստեր հետ, ինչը լույս է սփռում Իսրայելի վարչապետի տանը տիրող ընտանեկան հարաբերությունների բարդ բնույթի և իր անձնական ու ընտանեկան որոշումների վրա Սառայի ունեցած ազդեցության վրա։ Նեթանյահուն գլխավորում է ներկայիս կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերի վերջից։ Նախորդ տարվա նոյեմբերի 21-ին Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալության օրդեր է տվել՝ Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով։ ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերին Գազայում սկսել է ցեղասպանական բնույթի պատերազմ, որը տևել է երկու տարի և հանգեցրել ավելի քան 72 հազար պաղեստինցու մահվան և ավելի քան 171 հազարի վիրավորման, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Նաև ավերվել է հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքների շուրջ 90%-ը։