«Հեզբոլլահը» խոչընդոտել է Հարավային Լիբանանում իսրայելական բանակի առաջխաղացումը
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հարավում շարունակվում են բախումները «Հեզբոլլահի» մարտիկների և Իսրայելի զինված ուժերի միջև։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ «Հեզբոլլահի» մարտիկները հրթիռային շարունակական հարվածների և նախապես ծրագրավորված դարանների միջոցով կանխել են իսրայելական զորքերի առաջխաղացումը Հարավային Լիբանանի Քֆար Թեբնիթ բնակավայրի մերձակայքում՝ ոչնչացնելով հակառակորդի մի քանի զրահապատ մեքենա։
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակի հրետանին թիրախավորել է Նաբաթիեի շրջակայքը և Ղաղիե ալ-Ջեսր բնակավայրի մի բնակելի տունը, ինչի հետևանքով վիրավորվել են մի շարք լիբանանցիներ։
Հարավային Լիբանանից «Ալ-Մայադին» հեռուստաընկերության թղթակիցը հայտնել է, որ «Հեզբոլլահի» ուժերը հրթիռային ինտենսիվ կրակով կրկին ձախողել են իսրայելական ուժերի առաջխաղացման փորձերը։
Միևնույն ժամանակ «Ալ-Մանար» հեռուստաալիքը հաստատել է, որ Լիբանանի իսլամական դիմադրության ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Քֆար Թեբնիթի շրջակայքում կենտրոնացած իսրայելական զորքերին և նրանց ռազմական տեխնիկային։
Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի բանակն իր գործողությունները պաշտպանելու նպատակով կիրառել է ծանր հրետանային կրակ, ֆոսֆորային ականանետային արկեր և լուսարձակող զինամթերք, սակայն, չնայած Ալի ալ-Թահեր ռազմավարական բարձունքը գրավելու շաբաթներ տևած փորձերին, դեռևս չի կարողացել հասնել այդ նպատակին։