2003-ին Բրիտանիայի ներխուժումն Իրաք եղել է չհիմնավորված. անկախ հանձնաժողով
2003թ-ին Բրիտանիայի ներխուժումն Իրաք եղել է չհիմնավորված: Նման եզրակացության է եկել իրաքյան արշավի ժամանակ բրիտանական իշխանությունների գործողությունները շուրջ 7 տարի հետաքննող բրիտանական անկախ հանձնաժողովը:
Հանձնաժողովի ղեկավար Ջոն Չիլկոտը պատմել է, որ ներխուժման պլանավորումը և բուն ռազմական գործողությունների պլանավորումը Իրաք ներխուժելուց հետո եղել են ոչ բավարար: Ըստ զեկույցի՝ մինչև Մեծ Բրիտանիայի կողմից ռազմական ներխուժման գնալը, հակամարտության կարգավորման մյուս տարբերակները դեռևս չէին սպառել իրենց:
Ըստ Չիլկոտի՝ Բրիտանիայի նախկին վարճապետ Թոնի Բլեերը մինչև ներխուժման սկսվելն իմացել է դրա արդյունքների մասին:
«Պարոն Բլեերին նախազգուշացրել են, որ ռազմական գործողությունները կմեծացնեն Ալ-Քաիդայի կողմից Միացյալ Թագավորության և ԱՄՆ շահերին ուղղված սպառնալիքները: Նրան նաև զգուշացրել են, որ ներխուժումը կարող է հանգեցնել նրան, որ իրաքյան զինամթերքը կհայտնվի ահաբեկիչների ձեռքում»,- ասել է Չիլկոտը:
Նշենք, որ Իրաքում ռազմական արշավը սկսվել է 2003 թվականին: Այն կազմակերպել են ԱՄՆ-ն, Բրիտանիան և նրանց կոալիցիոն դաշնակիցները:
armedia.am
7/7/2016