Մենք մեզ նախ հայ, հետո որպես երուսաղեմցի ենք ներկայացնում. Հայր Կորյուն
Իսրայելական «Շալոմ» պարբերականի նախկին խմբագիր, գրող և լրագրող Յակուբ Բարակասը այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան և պատմության ու այսօրվա վիճակի հետ կապված ծավալուն հարցազրույց արել դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ, որը հրապարակվել է «Ակոս» ամսաթերթի 2016 թ. հոկտեմբերի 7-ի համարում:
Ե՞րբ և ինչպե՞ս է եղել հայերի գալը այս հողեր։
Հայերի առաջին շփումը Սուրբ Երկրի հետ եղել է մ.թ.ա. առաջին դարում՝ Տիգրան Մեծի օրոք: Սակայն, հայերը Սուրբ Երկրում հաստատվել են 301 թվականին քրիստոնեությունը ընդունելուց հետո։ Այդ ժամանակ քրիստոնեությունը Հռոմի կողմից դեռևս ընդունված պաշտոնական կրոն չէր։ Հայ ուխտավորները Սուրբ Երկրում նախ սկսեցին փնտրել Տիրոջ երկրային կյանքի հետ կապ ունեցող սրբավայրերը, որոնք գտնելուց հետո, այդ սուրբ վայրերի կարևորության գիտակցմամբ, դրանց տեղում փոքր եկեղեցիներ կառուցեցին։
Կարո՞ղ եք տեղեկություն տալ քաղաքի հայկական մասում գտնվող սուրբ կառույցների մասին։
Սուրբ Երկրի մեջ կան սրբավայրեր, որոնք համաքրիստոնեական սրբավայրեր լինելով հանդերձ, որպես սեփականություն պատկանում են հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիներին, բայց կան նաև սրբավայրեր, որոնց սեփականատերը միայն Հայ Եկեղեցին է։ Սուրբ Հարության Տաճարը պատկանում է Կաթոլիկ, Հայ ու Հույն եկեղեցիներին։ Սուրբ Հարության Տաճարը կառուցվել է 4-րդ դարում՝ Բյուզանդիայի Կոստանդին Կայսեր կողմից: Կոստանդինյան կառույցի պահպանված հատվածը այժմ պատկանում է հայերին։ Իսկ Հիսուսի ծննդյան վայր հանդիսացող Ծննդյան Տաճարը պատկանում է Հայ և Հույն Եկեղեցիներին։ Երրորդ ամենակարևոր սրբավայրը Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզմանի վրա կառուցված Սուրբ Աստվածամոր Տաճարն է։ Այս եկեղեցին էլ պատկանում է Հայ և Հույն Եկեղեցիներին։
Սրբոց Հակոբյանց եկեղեցին պատկանում է միմիայն Հայ Եկեղեցուն, որտեղ թաղված են Հակոբ առաքյալի գլուխն ու Երուսաղեմի առաջին Եպիսկոպոս Հակոբ Տյառնեղբոր մարմինը: Բացի իմ թվարկած եկեղեցիներից, Սուրբ Երկրում հայերին պատկանող ուրիշ եկեղեցիներ ու մատուռներ ևս կան։
Երուսաղեմի հայերը Հայաստանից դուրս սփյուռքի ամենահին հատվածներից է։ Երուսաղեմի Հայ Պատրիարքը աշխարհի հայերի մոտ կրոնական առաջնորդություն կամ ազդեցություն ո՞ւնի:
Մի ժամանակ Երուսաղեմի Հայ Պատրիարքը Միջին Արևելքի, այդ թվում Եգիպտոսի, Լիբանանի, Կիպրոսի հայկական համայնքների կրոնական առաջնորդն էր։ 1915-ից առաջ Եգիպտոսը ամենաշատ հայ բնակչություն ունեցող երկրներից մեկն էր։ Սակայն ցեղասպանությունից հետո շատ հայեր ցրվեցին Միջին Արևելքի երկրներ։ Այդ գաղթականները հույս ունէին, որ կվերադառնան իրենց բնակավայրեր։ Սակայն Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո նրանք հասկացան, որ դա հնարավոր չէ և իրենք ստիպված են հաստատվել Միջին Արևելքում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայ գաղթականներին տրամադրեց Պատրիարքարանի իրավասության տակ գտնվող քաղաքների՝ Հալեպի և Բեյրութի իր վաքներն ու եկեղեցիները։ Մեր օրերում, Երուսաղեմի Հայ Պատրիարքը Հորդանանի, Իսրայելի ու Պաղեստինի հայերի կրոնական առաջնորդն է։
Հայաստանում Երուսաղեմի Հայ Պատրիարքի իրավասությունը ճանաչո՞ւմ են։
Այո, Հայաստանում ճանաչում են Երուսաղեմի Հայ Պատրիարքի իրավասությունը և այն կարևոր դեր և նշանակալի իրավասություններ ունի Հայ Առաքելական Եկեղեցու ընդհանուր հարցերում, սակայն Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հոգևոր ուղղակի իրավասությունը տարածվում է միայն վերոնշյալ երկրների հայերի վրա։
Մեր օրերում Հին Երուսաղեմի բնակչությունը կազմում է 40 հազար, սակայն քաղաքի մեկ վեցերորդ մասը կազմող հայկական տարածքում ապրում է 500 հայ։ Իսրայելի մյուս քաղաքներում հայեր ապրո՞ւմ են։
Իսրայելի հայերին կարող ենք բաժանել երեք խմբի։ Առաջին խումբը Երուսաղեմ է եկել մինչև 1915-ի ցեղասպանությունը։ Նրանց անվանում ենք «քաղաքացիներ»։ Նրանք ունեն իրենց ապրելաձևն ու բարբառը։ Նրանք ապրում են Հայոց Թաղամասում՝ Հայոց վանքից դուրս։
Հետո եկան 1915-ի ցեղասպանությունը վերապրած գաղթականներ։ Երբ 1917 թ. անգլիացիները Երուսաղեմը գրավեցին Օսմանյան Թուրքիայից, Հալեպի ու դրա շուրջ հաստատված մոտ ութ հազար հայ գաղթականներ եկան Երուսաղեմ և ապաստան խնդրեցին Երուսաղեմի Հայ Պատրիարքից։ Պատրիարքը նրանց խնդրանքը չէր կարող մերժել։ Վանքում ուխտավորներին տեղավորելու համար 1000 սենյակ կար։ Դրանք երկու ուխտավորի համար նախատեսված փոքրիկ սենյակներ էին, որոնց մեջ ստիպված գաղթականների մի ամբողջ ընտանիք հաստատվեց։ Նրանց երրորդ կամ գուցե չորորդ սերունդները դեռևս շարունակում են ապրել վանքում։
Երրոդ խումբն էլ Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայել եկած հայ ներգաղթյալներն են, որոնք՝ Իսրայելի «Վերադարձի օրենք»ի համաձայն, ընտանիքի անդամներից մեկի հրեա լինելու հանգամանքով պայմանավորված, Իսրայելի քաղաքացի են դարձել։ Իսրայելի քաղաքացիություն ստանալու համար բավական էր ներգաղթած հայի նույնիսկ տատիկի հրեա լինելը։
Բացի Հին Երուսաղեմից, հայերն ապրում են Բեյթ Հանինայում, գերմանական թաղամասում, Բեթղեհեմում, Հայֆայում ու Յաֆայում։ Հայֆայում 1915-ից առաջ հայկական համայնք չի եղել։ Այդ քաղաքում հայկական համայնքը ձևավորվել է ցեղասպանության վերապրողներով։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո եկածները հաստատվել են հիմնականում Փեթախ Թիքվա, Բատ-Յամ, Թել Ավիվ, Յաֆա քաղաքներում։ Իսրայելում ընդհանուր առմամբ ութ հազարանոց հայ համայնք է ապրում։
Այդ հատվածների միջև խոսակցականում լեզվական տարբերություն կա՞։
Մինչ 1915-ը Երուսաղեմում ապրած հայերը խոսում էին իրենց բարբառով։ Նրանք առօրյա խոսակցության մեջ շատ են օգտագործել արաբերեն։ Հարավ-արևելյան Անատոլիայից և Կիլիկիայից եկած գաղթականները խոսում էին թուրքերեն, որոշ դեպքերում նույնիսկ հայերեն դժվարանում էին խոսել։ Խորհրդային Միության փլուզումից հետո եկած հայերը խոսում են արևելահայերեն, իսկ Խորհրդային Միության մյուս երկրներից եկած հայերը՝ հիմնականում ռուսերեն։
1929-ին թ. հայ գաղթականների երեխաների կրթական կարիքները հոգալու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հիմնել է «Սրբոց Թարգմանչաց» անունով վարժարան, որտեղ հայերի բոլոր հատվածների երեխաները իրենց կրթությունը ստանում են արևմտահայերենով։ Ներկայումս համայնքի բոլոր անդամները խոսում են արևմտահայերեն։
Իմ ունեցած տվյալներով 1948-ից առաջ այս հողերում ապրել են 35 հազար հայ, իսկ դուք խոսում եք 8 հազարի մասին։ Սա շատ լուրջ տարբերություն է, այնպես չէ՞։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1946 և 1947 թթ. Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթի մեծ ալիք է սկսվել։ Խորհրդային իշխանությունները կազմակերպել էին սփյուռքահայերի ներգաղթ դեպի Սովետական Հայաստան։ Իսրայելում Յաֆա և Հայֆա քաղաքներում ապրող Հայ գաղթականները ևս միացել են ներգաղթին՝ իրենց զավակներով ու թոռներով։ Պաղեստինից ներգաղթող հայերի թիվը հասել է 5 հազարի։ Այն ժամանակվա Հայ Պատրիարքը նույնիսկ գնացել է Հայֆա և ճանապարհել Հայաստան ներգաղթողներին։ 1948-ին Յաֆա քաղաքում ապրող մեծ թվով հայեր պատերազմի պատճառով լքել են այս հողերը, կրկին հետ վերադառնալու հույսով, և ժամանակավորապես հաստատվել են Հորդանանում, Լիբանանում և Սուրիայում։ Նշենք նաև, որ 1948-ից հետո իսրայելա-արաբական պատերազմները իրենց բացասական ազդեցությունն են ունեցել հայերի թվաքականի վրա։
Երուսաղեմի հայերը հիմնականում որ մասնագիտությամբ են զբաղվում։ Ոսկերչությամբ զբաղվողները շա՞տ են։
Ամենատարածված մասնագիտությունը խեցեգործությունն է: 17 և 18-րդ դարերում Քութահիայից այս հողեր խեցեգործության արվեստը հայերն են բերել։ Նույնիսկ Քութահիայում այդ մասնագիտությունը սկսողներն ու այն արվեստի վերածողները հայերն են եղել։ Մեր օրերում առևտրի տարբեր ոլորտներում և հատկապես ոսկերչության մեջ առաջնային դիրք են գրավում հայերը։ Ասում են, որ Երուսաղեմում 1915-ից հետո ամենալավ դերձակները, կոշկակարներն ու ժամագործները հայերն են եղել։ Սակայն նոր սերունդը համալսարաններում է կրթություն ստանում։ Շատ տաղանդավոր բժիշկներ, ճարտարապետներ ու ինժեներներ կան։ Ճիշտ կլինի ասել՝ հայերը գործունեություն են ծավալում բոլոր ոլորտներում։
Ես լսել եմ, որ հին Երուսաղեմում արաբներն ու հրեաները իրենց խանութները վարձակալությամբ տալիս կամ վաճառում են միայն իրենց հավատակիցներին։ Եթե դա ճիշտ է, հայերը դրանից չեն տուժվո՞ւմ։
Հայտնի է, որ հայերն իրենց մասնագիտությունների մեջ լավ են։ Հայերը խնդիր չունեն ոչ հաճախորդ, ոչ էլ խանութ գտնելու հարցում։ Հայերը վարձակալում են թե Հայոց Պատրիարքարանին պատկանող և թե օտարների խանութները: Բացի այդ, հայերը չեն խառնվում հրեա-արաբ հակամարտությանը։ Օրինակ, Սիոնի դարպասի մոտ, որտեղով թե տեղացի և թե զբոսաշրջիկ շատ հրեաներ են անցնում, հայերը խանութներ ունեն և հրեաները՝ առանց խտրականության, առևտուր են անում հայերի խանութներից։
Հրեաների ու արաբների հակամարտությունը հայերի վրա ազդո՞ւմ է։
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Հայոց Պատրիարքության առաքելությունը սուրբ վայրերում Հայ Եկեղեցու իրավունքների, սրբավայրերի պահպանությունն է, կրոնական արարողությունների անցկացումն ու Սուրբ Երկիր ուխտագնացություններ կազմակերպելն է։ Խաղաղությունն ապահովում է, որպեսզի այստեղ մենք մեր առաքելությունը իրականացնենք ավելի հեշտ ու հանգիստ։ Սակայն մենք այլ խնդիրներ ունենք։ Երբ մենք մեր կրոնական զգեստով շրջում ենք, ծայրահեղ կրոնական հրեաները վիրավորում են մեզ։ Երբեմն մեր վրա թքող ու քար նետողներ են լինում։ Դա ինձ համար տարօրինակ է, քանի որ նույնիսկ Թուրքիայում հրեաները, հույները, հայերն ու մյուս ազգային փոքրամասնություններն իրենց պաշտոնական արարողություններին իրենց տարազով են մասնակցում։ Իսրայելում նման վիրավորական քայլեր անողները մարգինալ փոքրամասնություն են՝ անշուշտ։ Իրականում աշխարհիկ հրեաները նման պահվածքը անընդունելի են համարում ու դատապարտում են։
Երուսաղեմում այդքան քիչ թվաքանակի բնակչություն ունենալով՝ այդքան շատ սուրբ վայրերի խնամքն ու ծախսերն ինչպե՞ս եք հոգում։
1853 թվականին Օսմանյան Կայսրության ու Ցարական Ռուսաստանի միջև ծագեց Ղրիմի պատերազմը, որը տևեց երեք տարի։ Այդ պատերազմը բացասաբար ազդեց թե Սուրբ Երկրի բնակչության, թե ռուսների և թե օսմանցիների վրա։ Մինչև Ղրիմի պատերազմը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը իր առաքելությունը իրականացնում էր հայ ուխտավորների նվիրատվությունների շնորհիվ։ Սակայն վերոհիշյալ պատերազմի տարիներին Երուսաղեմ ուխտավորներ չկարողացան գալ։ Ըստ հայ պատմիչների՝ Պատրիարքարանի այդ ժամանակվա գանձարանում մնացած գումարը բավական էր միայն սոխ գնելու համար: Միաբանությունը երկու տարի գոյատևեց սոխի ապուրով։ Օրվա Հայ Պատրիարք Հովհաննես Իզմիրցին, ով շատ իմաստուն և հեռատես առաջնորդ էր, մտածեց, որ՝ եթե երեք տարի տևող պատերազմում հնարավոր եղավ գոյատևել սոխի ապուրով, ապա ավելի երկար տևող պատերազմում հնարավոր պիտի չլինի ապահովել նույնիսկ սոխով ապուրը։ Այդ պատճառով էլ Հովհաննես Պատրիարքը որդեգրեց բոլորովին տարբեր տնտեսական կառավարման քաղաքականություն: Նա որոշեց հայ ուխտավորների նվիրատվությունների միջոցով անշարժ կալվածքներ գնել: Հովհաննես Պատրիարքը կալվածքներ գնեց հիմնականում Երուսաղեմի պարիսպներից դուրս, որոնք ավելի էժան էին։ Մինչև 1860-1870 թթ. ոչ ոք Երուսաղեմի պարիսպներից դուրս չէր ապրում։ 1890-ից հետո Երուսաղեմի բնակչության թվի ավելացումը բերեց պարիսպներից դուրս տարածքների արժեքի բարձրացման։ Հայոց Պատրիարքարանին պատկանող կալվածքներում շինարարական աշխատանքներ սկսվեցին, և, այդ տարբեր նշանակության շինությունները տրվեցին վարձակալության։ Այդ ժամանակվանից մինչև հիմա Հայոց Պատրիարքարանը հետևում է նույն տնտեսական կառավարման քաղաքականությանը։ Կարճ ասած, տնտեսական տեսանկյունից խնդիր չունենք։
Դուք ձեզ իսրայելցի՞, թե՞ պաղեստինցի եք ներկայացնում։
Մենք մեզ նախ հայ, հետո որպես երուսաղեմցի ենք ներկայացնում։ Բեթղեհեմում բնակվող հայն էլ իրեն Բեթղեհեմի հայ է ներկայացնում։
Դուք փոքր համայնք եք, ձեր ավանդույթերն ու սովորությունները պահպանելու խնդիր ունե՞ք։
Առհասարակ, լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու երեք հիմնական տարրեր կան՝ եկեղեցին, դպրոցը և ընտանիքը։ Եկեղեցին իր պարտականությունը կատարում է՝ տալով համայքի բոլոր անդամներին կրոնական դաստիարակություն։ Նրանք հայկական վարժարանում սովորում են կրոն, հաճախում են եկեղեցի, ինչպես նաև մասնակցում են Սուրբ Գրքի սերտողության դասերի:
Հայոց Թաղում գործում է ամենօրյա հայկական դպրոց 1929 թվականից: Համայնքի յուրաքանչյուր մանուկ վարժարան է մտնում երեք տարեկանից և այնտեղ է անցկացնում 15 տարի՝ ստանալով մանկապարտեզի, նախակրթարանի և երկրորդական դպրոցի կրթություն: Դպրոցը, համայնքի անդամներին կրթություն տալուն զուգահեռ, փոխանցում է նաև հայկական ավանդույթներն ու լեզուն, հաղորդակից դարձնում հայ մշակույթին։ Այլ կերպ ասած, 200 աշակերտ ունեցող վարժարանը ավանդույթերի ու սովորությունների պահպանման առումով իր պարտականությունը կատարում է լիովին։
Երուսաղեմի հայ ընտանիքներն էլ կապված են հայկական ավանդույթներին։ Աշխարհագրականորեն հայերի մեկուսացված լինելը և մեր ապրած «գետտոյանման» ներփակ կյանքը կարևոր և դրական դեր են խաղում մեր լեզվի, ավանդույթների և արժեքների պահպանման գործում։
Ավելին, նոր տեխնոլոգիների դարաշրջանում ապրելով, ամեն հայ ընտանիքում Հայաստանի հեռուստատեսության 10 տարբեր ալիքներ են դիտում։ Սոցմեդիան իր դրական ազդեցությունն է ունենում։ Համայնքի երիտասարդները իրենց հայրենակիցների հետ հայերենով են հաղորդակցվում։ Այս բոլորը, անկասկած, օգնում են համայնքի անդամներին պահպանելու և փոխանցելու հայ լեզուն և մշակույթը:
Վերջերս կյանիքց հեռացած Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած Շիմոն Պերեսը 2001 թվականին, երբ ԱԳ նախարար էր, ասել էր, որ 1915–ի հայերի ողբերգությունն ու Հոլոքոստը հավասար բաներ չեն։ Հիմա էլ նախագահ Ռուվեն Ռիլվին էլ տեղահանությունը որպես զանգվածային կոտորածներ բնութագրեց։ Այս հարցում ձեր տեսակետը ո՞րն է։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար շատ ջանքեր գործադրած անձանցից մեկն է Ռուվեն Ռիլվինը։ Երբ պարոն Ռիլվինը պատգամավոր էր ու Քնեսետի Խոսնակ, այդ թեմայով Քնեսետում կազմակերպված քննարկումներին մասնակցելու համար հրավիրել էր նաև Երուսաղեմի Հայ Պատրիարքին։ Ես էլ եմ մասնակցել Քնեսետի այդ նիստերին։ Նա՝ պարոն Ռիլվինը անձամբ էր նիստերը նախագահում։ Իսկ երբ ընտրվեց Իսրայելի նախագահ, մեր մեջ հույս արթնացավ, որ Հայոց ցեղասպանությունը շուտով կճանաչվի Իսրայելի կողմից։ Սակայն, նախագահ դառնալուց հետո, պարոն Ռիվլինը հայերի հետ տեղի ունեցածները սկսեց նկարագրել բառախաղերով՝ կոչելով այն զանգվածային կոտորածներ և ոչ ցեղասպանություն։ Պարզ է, որ նախագահն ստիպված է դիմում այդ բառախաղերին, որովհետև պետական քաղաքականությունը այդպես է պահանջում: Իսրայելը կարևորություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին և չի ուզում վնասել Թուրքիայի հետ ունեցած իր տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական և այլ տեսակի շահերը։ Մենք, որպես հայ համայնք, այլևս երբեք չենք պահանջելու Իսրայելից ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի և հրեա ժողովրդի բարոյական պարտականությունն է, և ճանաչման պահանջը պետք է գա Իսրայելի հասարակության կողմից:
Ինչպե՞ս է Թուրքիայի հայ համայնքի հետ ձեր հարաբերությունները։
Թուրքիայի Հայոց Պատրիարքության հետ շատ լավ հարաբերություններ ունենք, թե համայնքային և թե ներեկեղեցական հարաբերությունների տեսանկյունից։ Երուսաղեմի Հայ Պատրիարքը հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի ժամանակ Ստամբուլում էր և Երուսաղեմ վերադառնալու համար օդանավակայան էր գնում։ Երբ հասել էր կամուրջին, հասկանալով որ չի կարող շարունակել ճանապարհը, հետ էր վերադարձել Պոլսո պատրիարքարան։
Տոներին փոխադարձ այցելություններ են տեղի ունենում։ Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում Պոլսո պատրիարքները և հայ ամիրաները ամեն հարցում, հատկապես սուրբ վայրերի պահպանման հետ կապված, շատ են աջակցել Երուսաղեմի Հայ Պատրիարքին։ Մեր ամբողջ պատմության ընթացքում պատրիարքարանների միջև հարաբերությունները չեն փոխվել։
Ծանոթություն Պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ
Պատրիարքը Սրբազանը մեզ դիմավորեց ցերեկային լույսով լավ լուսավորված, պատերին նախկին պատրիարքների նկարներով զարդարված ընդարձակ սրահում։ Նկարներում ամեն պատրիարք ներկայացված է Պատրիարքության և համայնքի համար արված կարևոր գործերի ու հաջողությունների պատկերներով։ Օրինակ 1833 թվականին տպագրությունը Երուսաղեմ բերած Զաքարիա պատրիարքը նկարված է ձեռքին գիրք բռնած, Հովհաննես պատրիարքը նկարում ներկայացված է Երուսաղեմի պարիսպների հետևում գտնվող հայկական կալվածքներով։
Պատրիարք Նուրհան Մանուկյանը, առողջական վիճակի պատճառով, վաղ ժամի գնաց հանգստանալու, իսկ այդ ընթացքում ոտքի վրա խոսակցության ժամանակ հետաքրքրվեց Թուրքիայի վիճակով ու Հրանտ Դինքի դատավարությամբ։
Պատրիարք Սրբազանը ապահովեց մեր շրջագայությունը հին քաղաքի Հայկական Թաղամասում երևանցի Դավիթ անունով մի երիտասարդի ուղեկցությամբ։
News.am