Կարո Փայլանին հայհոյած թուրք լրագրողի դեմ թուրքական դատարանը գործ չի բացի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55564-Կարո_Փայլանին_հայհոյած_թուրք_լրագրողի_դեմ_թուրքական_դատարանը_գործ_չի_բացի
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին վիրավորած թուրք լրագրողի դեմ բողոքը Թուրքիայում մերժվել է, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 08:18 Asia/Tehran
  • Կարո Փայլանին հայհոյած թուրք լրագրողի դեմ թուրքական դատարանը գործ չի բացի

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին վիրավորած թուրք լրագրողի դեմ բողոքը Թուրքիայում մերժվել է, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազությունը հայազգի պատգամավորին «անցեղ» անվանած A Haber լրատվական գործակալության լրագրող Օզլեմ Օզջանի նկատմամբ դատական հետապնդում սկսելու անհրաժեշտություն չի տեսնում: 

Նշենք, որ Փայլանի՝ հունվարի 13-ի աղմկահարույց խորհրդարանական ելույթից հետո, որի ժամանակ նա օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը, Օզեմ Օզջանը Twitter-ի իր էջում գրել էր. «Եթե մեր պապերը ձեզ ցեղասպանել են՝ քո նման ցեղը կտրվածը Մեջլիսում ի՞նչ գործ ունի»:

Դատախազ Մեհմեդ Թաշթանը նշել է, որ քաղաքական գործիչներն ի դեմս Փայլանի պետք է ճկունություն ցուցաբերեն իրենց հանդեպ հնչող քննադատությունների հարցում:


Նշենք, որ դատարանը նաև մերժել է Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը:

Փայլանը դիմել էր դատարան՝ նշելով, որ այսպիսով խախտվել է խոսքի ազատության իր իրավունքը: Մինչդեռ Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:

Ցեղասպանություն եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել էին նիստի արձանագրություններից: 

 

tert.am/