Եթե քրդերը դուրս չգան սիրիական Մանբիջից՝ կհարվածենք. Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) դուրս չգան սիրիական Մանբիջից՝ Թուրքիան հարվածներ կհասցնի քրդական ջոկատներին:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը՝ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական ԶՈւ-ի նպատակակետը Սիրիայում Էլ Բաբից հետո կդառնա հենց Մանբիջը:
«Էլ Բաբից հետո նպատակը Մանբիջն է: Գործողությունը դեռ չի սկսվել, քանի որ կարող են սադրիչ կրակոցներ լինել: Գիտենք, որ ամերիկացի զինծառայողներն այնտեղ են: Մենք ցանկանում ենք, որ YPG-ն հետ քաշվի Մանբիջից: Եթե հետ չքաշվի՝ կհարվածենք, այդ մասին ավելի վաղ էլ ենք ասել», - հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
tert.am/