Սիրիայի հարցով ՄԱԿ-ը դիմել է Իրանին, ՌԴ-ին ու Թուրքիային
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ դիմել է Իրանին, Թուրքիային և ՌԴ-ին Սիրիայում հրադադարի պահպանման համար ջանքեր գործադրելու հարցով:
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ՝ նամակներ հղելով Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներին Ստեֆան Դի Միստուրան վերջիններից պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել Սիրիայում հրադադարի պահպանման հարցում և ճանապարհ հարթել խաղաղության բանակցությունների անցկացման համար»:
Դի Միստուրան պահանջել է, որ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան համատեղ ջանքեր գործադրեն երաշխավորելու համար, որ հրադադարը կնպաստի Սիրիայի իրավիճակի բարելավմանը և քաղաքական առաջընթացի արձանագրմանը:
Մարտի 24-ին, Ժնև-5 բանակցությունների ընթացքում, հովանավորելով Սիրիայի հարցով Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի կողմից տարվող ջանքերը, Դի Միստուրան ցանկացել է, որպեսզի Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով շարունակվեն այդ երկրների ջանքերը: