Ալ-Էբադին զգուշացրել է Թուրքիային` Իրաքի ինքնիշխանությունը ոտնահարելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60290-Ալ_Էբադին_զգուշացրել_է_Թուրքիային_Իրաքի_ինքնիշխանությունը_ոտնահարելու_կապակցությամբ
Բաղդադի կառավարությունը դատապարտել է Իրաքի հյուսիսային քրդաբնակ տարածքների դեմ վերջին ավիահարվածները և դա միջազգային օրենքների ու Իրաքի ինքնիշխանության ոտնահարում համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 03:12 Asia/Tehran
  • Ալ-Էբադին զգուշացրել է Թուրքիային` Իրաքի ինքնիշխանությունը ոտնահարելու կապակցությամբ

Բաղդադի կառավարությունը դատապարտել է Իրաքի հյուսիսային քրդաբնակ տարածքների դեմ վերջին ավիահարվածները և դա միջազգային օրենքների ու Իրաքի ինքնիշխանության ոտնահարում համարել:

«Ալ-Սումերիա Նյուզ»-ի հաղորդման համաձայն` Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին երեքշաբթի երեկոյան Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում Իրաքի հյուսիսի դեմ Թուրքիայի ավիահարվածների կապակցությամբ ասել է. «Իրաքի կառավարությունը Թուրքիային կոչ է անում հեռու մնալ նման քայլերից»:

Իրաքի կառավարության խոսնակ Սաըդ Ալ-Հադիսին երեքշաբթի օրն ասել է. «Իրաքի հյուսիսի դեմ Թուրքիայի իրականացրած ավիահարվածը բացասաբար է ազդելու ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի և միջազգային հանրության ջանքերի վրա»:

Իրաքի ԱԳ նախարարությունը միջազգային պայմանագրերի բացահայտ ոտնահարում է համարել երկրի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ավիահարվածը:

Իրաքի ԱԳ նախարարությունը միջազգային հանրությանը կոչ անելով կտրուկ դիրքորոշում ընդունել Թուրքիայի ոտնձգողականության հանդեպ, ընդգծել է. «Իրաքը կփորձի օրինական ու դիվանագիտական միջոցներով դատապարտել իր տարածքի դեմ Թուրքիայի ոտնձգությունը և նման քայլերը չկրկնվելու  երաշխիքներ ստանալ»:

Թուրքիայի բանակը երկուշաբթի կեսգիշերին և երեքշաբթի վաղ առավոտյան հարձակում է իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար տարածքում ՔԲԿ-ի դիրքերի դեմ, որի հետևանքով սպանվել են փիշմերգեի ուժերի անդամ առնվազն հինգ քրդեր և մեկ ոստիկան: